«Անցած ամիսների ընթացքում «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական թեւը կայացել է եւ կարծում եմ՝ առաջիկա ներքաղաքական զարգացումներին մեր քաղաքական թիմը կմասնակցի վճռական՝ ունակ լուծելու խնդիրները, որոնք դրված են մեր առջեւ»,- դեկտեմբերի 24-ին Հայկական վերածնունդ կուսակցության երիտասարդական թեւի համագումարի ընթացքում ասաց ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց, որ իրենք անպայման պետք է որդեգրեն պայքարի ճանապարհը. «Մենք իրավունք չունենք անտարբեր գտնվել մեր երկրում ստեղծված իրավիճակի նկատմամբ: Մենք պետք է դառնանք ակտիվ պայքարի ջատագովը եւ նախաձեռնողը, որ իսկապես Հայաստանում տեղի ունենա վճռական եւ արմատական փոփոխություններ»:
Արթուր Բաղդասարյանը ընդգծեց, որ երիտասարդական կառույցը պետք է լինի մեծ քաղաքական ընտանիքի շարժիչ ուժերից մեկը. «Ես ձեզնից յուրաքանչյուրից ակնկալում եմ իսկապես վճռականություն, հավատ, այլ ոչ թե հուսալքություն՝ պայքարելու եւ մեր երկիրը տանելու զարգացման եւ հզորացման ճանապարհով: Մեզ անհրաժեշտ է լայն հասարակական, քաղաքական համախմբում»:
Արթուր Բաղդասարյանի խոսքերով՝ Հայկական վերածնունդ կուսակցությունը երբեք չի խուսափել առողջ քաղաքական համագործակցությունից. «Մենք հանդես ենք գալիս Հայաստանում ոչ թե հակադրության այլ համադրության դիրքերից: Համադրելու այն մարդկանց դիրքերն ու ջանքերը, որոնք չեն ուզում իրենց երկրում կռացած ապրել: Համադրել այն մարդկանց ուժերն ու գաղափարները, որոնք ուժ, ոգի եւ վճռականություն ունեն պայքարելու, որ այս երկրում իսկապես փոփոխություններ տեղի ունենան: Երիտասարդ մարդը այդ փոփոխությունների համար մղվող պայքարում պետք է առաջամարտիկ լինի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ