Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամարասի Արթուր»-ի շարժումն առաջարկում է ստեղծել ԱԺ Վերին պալատ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 24,2016 15:38

«Միացյալ Հայաստան» շարժումն առաջարկում է ստեղծել ԱԺ Վերին պալատ, որը վճռորոշ հարցերում կունենա «վետոյի» իրավունք: Այս մասին այսօր «Հայք» կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասացին «Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամներ՝ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը եւ ազատամարտիկ, արվեստաբան Արամ Ավետիսյանը:

«ՀՀ-Արցախ-Սփյուռք եռամիասնության կարիքը կա, այդ մասին տասնամյակներ խոսվում է: Կարեւոր է երկպալատ ազգային խորհրդարանի ստեղծումը, որի Վերին պալատը բաղկացած կլինի սփյուռքի գործիչներից: Այն կարող է լինել ներկայացուցչական մարմին, ինչպես հանրային խորհուրդը, եւ համահայկական հարցերում ունենալ վճռորոշ ձայնի հնարավորություն»,-ասաց Ազատ Արշակյանը:

«Մեր Սահմանադրությունը հատուկ ձեւավորված է այնպես, որ Արցախը եւ Սփյուռքը մասնակից չլինեն ՀՀ քաղաքական կյանքին, նրանք օրենսդիր մարմնում չեն կարող տեղ ունենալ: Դա ցավալի է: Կցանկանայի՝ այդ Վերին պալատի նախագահ լիներ Վազգեն Մանուկյանը: Նա վաստակ ունի՝ հայկական պետության հիմնադիրներից է, եւ հիմա Հանրային Խորհրդում թոշակառուի կարգավիճակը հարիր չէ նրան»,-հավելեց Ազատ Արշակյանը:

Բանախոսները նաեւ նշեցին, որ սատարում են Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի եւ Հրանտ Թոխատյանի առաջարկը, որը ենթադրում է առաջիկա ԱԺ ընտրություններում սփյուռքի գործիչների ներգրավվածություն որպես դիտորդներ:

Հավելենք, որ «Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ, Արցախյան ազատամարտի պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը («Ամարասի» Արթուր) ասուլիսին ներկա չէր առողջական խնդրի պատճառով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031