Դեկտեմբերի 19-ին գերմանական մամուլն առանց «զգացմունքների» արձանագրեց` Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի վերաբերյալ 8 թուրքերի գանգատը` պատճառաբանելով, թե դիմումատուները չեն կարողացել հիմնավորել իրենց հիմնական իրավունքների խախտումը, եւ բացի այդ` դատարանն էլ նման իրավախախտման հնարավորություն չի տեսնում: Բողոք ներկայացրած 8 թուրքերի մի մասը, ինչպես ծանուցում են գերմանական աղբյուրները, գերմանաբնակ են:
Սահմանադրագետ, Հագենի համալսարանի դասախոս Գոռ Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ունկնդիր լինելով մեր մտահոգություններին, նախ անդադարձավ ԳԴՀ կառավարության վերոհիշյալ հայտնի պատճառաբանությանը: Հովհաննիսյանը հղում արեց Գերմանիայի սահմանադրությանը` օրենսդիր իշխանությունը կաշկանդված է սահմանադրությամբ, կառավարությունըՙ օրենքով, գործադիր իշխանության համար Բունդեսթագի ընդունած ակտերը պարտադիր են: Իսկ սահմանադրական դատարանի որոշման մասին էլ հստակեցրեց, թե դիմումնատուն չի կարողացել համոզիչ ներկայացնել, թե իր իրավունքն ինչպես է խախտվել: Պատճառն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը նորմատիվ ակտ չէ, այն ընդհանուր եւ վերացական իրավակարգավորումներ չի պարունակում, ասում է Հովհաննիսյանը: Բեռլինաբնակ մեր զրուցակիցն իհարկե չի բացառում, որ ապագայում ուրիշներ կարող են դատարան դիմել, թեպետ Բունդեսթագի հաստատած փաստաթուղթն անմիջականորեն չի շոշափում որեւէ մեկի հիմնական իրավունքները:
Անահիտ Հովսեփյան, Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում