Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով ում կամ ինչի վրա է հույսը դրել»

Դեկտեմբեր 24,2016 16:00

«Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանն
անուններ չի հրապարակում` ելնելով էթիկայի կանոններից

– Քաղաքական դաշտում արդեն ուրվագծվում են հնարավոր նախընտրական դաշինքները: «Ազատ դեմոկրատների» բանակցություններում հստակություն կա՞, ո՞ր դաշինքով եք հնարավոր համարում մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին:

– Քաղաքական կոնսուլտացիաները դեռեւս շարունակվում են: Մեզ մոտ որեւիցե նորություն չկա: Դեռեւս վեց ամիս առաջ ենք խոսել այն մասին, որ «Ազատ դեմոկրատները» ընտրություններին գնալու է լայն կոնսոլիդացված ցուցակով: Մեր քաղաքական օրակարգում որեւիցե փոփոխություն գոյություն չունի:

– Հստակություն կա՞, կարո՞ղ եք գոնե մեկ-երկու անուններ բարձրաձայնել՝ ովքե՞ր կլինեն «Ազատ դեմոկրատների» ցուցակում:

– Բնականաբար, շատ անուններ կարող եմ տալ: Դա այս պահին չեմ անի` ելնելով էթիկայի կանոններից: Վստահ եղեք, մոտ ժամանակներս, ինչպես բոլորը, այնպես էլ մենք, կներկայացնենք նախընտրական ցուցակը, եւ հստակություն կլինի նաեւ ընտրողների համար:

– Արդեն կարծես հստակ է` ընտրություններին մասնակցելու է, այսպես կոչված, եռյակի դաշինքը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինքը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն` դեռ այդքան էլ պարզ չէ, թե ինչ ձեւաչափով, ՀԱԿ-ը. այս դաշինքներից եւ ուժերից որի՞ հետ եք հնարավոր համարում համագործակցությունը` ընտրական գործընթացները վերահսկելու մասով:

– Բոլոր նրանց, ովքեր կապ չեն ունեցել կեղծարարության հետ, բոլոր նրանց, ովքեր հստակորեն զերծ լինելով ընտրակաշառքներից, որովհետեւ դա ամենամեծ կեղծարարություններից է, քաղաքական օրակարգ կբերեն ընտրությունների վերահսկման մեխանիզմը:

Ընդդիմությունը միշտ այդ խնդիրն ունեցել է` բաժանվելով տարբեր թեւերի առնվազն չի կարողացել համագործակցել ընտրությունների վերահսկման հարցում: Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ, որն իսկապես մտահոգ է Հայաստանում ընտրություններով, ՀՀ ապագայով, ուղղակի պարտավոր է հետամուտ լինել ընտրակեղծիքների դեմ պայքարին: Դա միշտ շատ արագ է ուրվագծվում եւ պարզ է դառնում, թե ով ինչ քաղաքական օրակարգ ունի: Նաեւ նկատի ունեմ տվյալ ուժի ժողովրդավարության աստիճանը եւ մոտեցումները: Բնականաբար, չես կարող որեւիցե քաղաքական ուժի կամ անհատի, որը կեղծարարությամբ է զբաղվում, համարես ժողովրդավարական եւ մտահոգ Հայաստանի՝ ժողովրդավարական պետություն դառնալու մեջ:

– ՀԱԿ-ը ՀՀՇ-ի եւ իշխանություն եղած տարիներին անցկացրել է ընտրություններ, որոնք հանրությունը համարում է կեղծված, իշխող կուսակցության կազմակերպած ընտրական գործընթացները, շատ մեղմ ասած, եւս վստահություն չեն ներշնչում, ԲՀԿ-ն տարբեր ժամանակներում, «Համախմբումը»` Գյումրիի ընտրություններում, մեղադրվեցին ընտրակաշառքներ բաժանելու մեջ…

– Ես որեւիցե մեկի մասին այս պահին չեմ խոսի, մի պարզ պատճառով` մենք առաջ ենք նայում, անցյալից չենք խոսում: Առաջիկայում դեռ տրանսֆորմացիաներ կլինեն, եւ թե՛ հասարակության, թե՛ լրատվամիջոցների համար պարզ կլինի, թե ով ինչ մոտիվացիայով է մասնակցում ընտրություններին, ով ում կամ ինչի վրա է հույսը դրել:

– Անցնող քաղաքական տարում, Ձեր կարծիքով, ի՞նչ կորցրինք, ի՞նչ շահեցինք, ի՞նչ հնարավորություններ բաց թողեցինք:

– Անցնող տարում ամենամեծ, բայց ցավալի քաղաքական իրադարձությունն ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Ամենակարեւոր քաղաքական գործընթացը պետք է ծավալվեր հենց քառօրյա պատերազմից հետո: Ես կարծում եմ, որ ոչ իշխանությունը, ոչ էլ շատ քաղաքական ու պետական գործիչներ բավարար հետեւություններ չեն արել: Այդ օրերին հերոսաբար պայքարած եւ հակառակորդին պարտության մատնած զինվորի, այդ գործընթացի մեջ ներգրավված քաղաքացիների մասին միայն խոսելը չէ: Տեղի ունեցածի պատճառները, պատճառահետեւանքային կապը դեռ գիտակցված չեն: Դա ապացուցեց, որ քաղաքական բանակցային գործընթացում եթե չասեմ՝ փակուղի է, ապա կան մեծ կնճիռներ, որը նաեւ միջազգային հանրության համար էր վրիպում:

Նկատի ունեմ ԼՂ կարգավորման քաղաքական գործընթացին հետեւողներին, խոշոր խաղացողներին, որոնք տարածաշրջանում հստակ շահեր ունեն: Անհերքելի իրողություն է, որ ՀՀ ռազմավարական դաշնակից համարվող ՌԴ-ն ոչ թե կրավորական կեցվածք ընդունեց, այլ հակառակը՝ առանց վարանելու, անթաքույց պաշտպանեց մեր հակառակորդին, որը նույնիսկ, ինչպես իրենք են ասում, ԵԱՏՄ-ի կամ նույնիսկ ՀԱՊԿ-ի անդամ չէ: Մանավանդ այս պարագայում իշխանությունը եւ հատկապես մեր քաղաքացիները պետք է հետեւություն անեին, որ այն գաղափարական մոտեցումները եւ պնդումները, որ կապված էին ռուսական եւ ԵԱՏՄ անդամակցության հետ, մասնավորաբար՝ անվտանգության մասով, իրականությանը չեն համապատասխանում: Ադրբեջանը, չլինելով ԵԱՏՄ անդամ, ավելի մեծ աջակցություն ստացավ ՌԴ-ից. հիշեցնեմ միայն քառօրյա պատերազմի օրերին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի տխրահռչակ հայտարարության մասին: Մենք գործողություններ չենք արել, որոնք մեզ կապահովագրեն մեր հակառակորդին նմանատիպ աջակցություններից ռազմավարական գործընկերների կողմից:

Իսկ «Սասնա ծռերի» գործողությունները եւ դրանց ուղեկցող ողջ գործընթացն էլ ցույց տվեցին, որ Հայաստանում շատ էլեկտրականացված վիճակ է: Այդ ողջ գործընթացում մենք ականատեսը դարձանք ՀՀ-ում քաղաքացիների արդարացի դժգոհություններին: Հնչում էին նույնիսկ ժողովրդավարության ընդհանուր ծիրից կարծես դուրս լոզունգներ, բայց մարդիկ ստիպված էին նման հայտարարություններ անել:

Սրանք բավարար եւ ոչ նպաստավոր գործընթացներ էին, որոնք ՀՀ քաղաքական դաշտում պետք է հստակություն մտցնեին: Ես կարծում եմ՝ մասամբ մտցրել են, բայց առնվազն պետք է գանք այնպիսի առողջացման, որ նմանատիպ վիճակներում չհայտնվենք:

– Հույս կա՞, որ առաջիկա ընտրություններով վերջնական առողջացում կլինի:

– Վերջնական առողջացումն այդպես արագ չի լինի, եւ առնվազն միամտություն կլինի կարծել, թե այս ընտրություններով դա կլինի, քանի որ ընդունվել է մի այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը նաեւ շատ ընդդիմադիրներ սուրը ձեռքներին պաշտպանում էին, որն օրենքի ուժով քաղաքական եւ մրցակցային պայքարը տեղափոխել է մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների պայքարի դաշտ:

Անկախ ամեն ինչից՝ ՀՀ-ում առաջիկա ընտրություններն այլ մրցակցային դաշտում են տեղի ունենալու ու բացարձակ մաքուր ընտրությունների պարագայում անգամ մրցակցային դաշտ են գալու ոչ թե գաղափարները Հայաստանի տեսլականի մասին, այլ տեղական ազդեցություն ունեցող գործիչների ազդեցության արդյունքում է ձեւավորվելու քաղաքական դաշտը: Սա չի կարող բերել այն քաղաքական համակարգի ձեւավորմանը, որը ի զորու կլինի ապահովել, ավելին՝ զարգացնել ՀՀ անվտանգությունը: Ես սա կհամարեմ մեխանիկական ընտրություն: Մենք ստիպված ենք եւ պատրաստ ենք այս խաղի կանոններով պայքարի մեջ մտնել եւ հասնել ցանկալի արդյունքի:

 
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

23.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031