Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լինել քաղաքացի մտավորական

Դեկտեմբեր 24,2016 15:30

Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպման ժամանակ նրանց նախատեց, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին հստակ դիրքորոշում չհայտնեցին։ Պետության տեսանկյունից եւ որպես գործող իշխանության ղեկավարի՝ նրա մոտեցումն ընկալելի է։

Այնուամենայնիվ, տեսակետի եւ դիրքորոշման խնդիրը Հայաստանում շատ խորքային է, եւ կարծում եմ՝ կարիք ունի քննարկման։

Նախ` խավը, որը կոչում ենք մտավորականություն, ո՞ր հարցի շուրջ է հստակ դիրքորոշում արտահայտել, որ ՊՊԾ-ի ծանր օրերին նրանցից հստակ դիրքորոշման ակնկալիք ունենայինք։

Վիճահարույց է հենց մտավորականություն ձեւակերպումը՝ մասնագիտական, տեսակային, հանրային դեմքերի այս շերտի բնորոշումը 21-րդ դարի պայմաններում անհասկանալի է։ Ինչեւէ…

Արդյոք այս 100-120 հոգին, ինչպես նշեց Ս. Սարգսյանը, տեսակետ եւ դիրքորոշում ունի՞, ասենք, Ղարաբաղի հարցի շուրջ, կարգավորման տարբերակների, հայ-թուրքական հարաբերությունների կամ սահմանադրական փոփոխությունների, ընտրակեղծիքների, մարդու իրավունքների, սոցիալական անարդարության կամ որեւէ բնապահպանական խնդրի։ Որեւէ խնդրի շուրջ, որոնք ի վերջո հանգեցրին ՊՊԾ իրադարձություններին։ ՊՊԾ-ն հետեւանք է այս ամենը կուլ տալու, երկար տարիներ չարձագանքելու, հարմարվելու: Ս. Սարգսյանը եթե նրանց նախատեր երկար տարիներ այս հարցերի շուրջ լռելու եւ չարձագանքելու համար, նրա նախատինքի խոսքն ավելի համոզիչ կլիներ: Համապետական նշանակության միջոցառումների ժամանակ այդ խավը սատարում է մշակույթի նախարարությունից կամ նախագահականից եկող ձեւակերպումները։ Նույն այդ հասցեներից հրահանգի դեպքում նրանցից հաշված ժամերի ընթացքում կարելի է մեծ թվով ստորագրություններ հավաքել։

Այդպես է եղել երեք նախագահների օրոք էլ։ Նրանցից շատերն իսկապես արժեք ստեղծած մարդիկ են, որոնց գործով անկեղծորեն հիանում եմ՝ ստեղծագործողներ, բեմադրիչներ, կոմպոզիտորներ եւ այլն, բայց որպես քաղաքացի որեւէ քայլ կատարելիս արդյո՞ք դա որեւէ բան փոխում է։ Եվ պետության համար դժվար օրերին գուցե նրանցից իմաստ չունի՞ ակնկալիք ունենալ։ Առավելագույնը՝ նրանք կարող են տիրաժավորել պաշտոնական տեսակետը։ Այն էլ՝ այնքան ժամանակ, քանի դեռ ուժի կենտրոնը հստակ է։ Եվ ինչո՞ւ է այդպիսի մեծ բաժանարար գիծ դրվել մտավորականության տարբեր խմբերի միջեւ՝ նոմենկլատուրային եւ ազատ, օբյեկտիվորե՞ն, թե՞ տարբեր տարիների իշխանությունների քաղաքականությունն է մեխանիկորեն բերել դրան։

Տեսեք՝ բուհերի կառավարման խորհուրդների կազմերը։ Այնտեղ հենց մտավորականությունն է՝ գիտական, կրթական, մշակութային։ Բոլոր ռեկտորներն ընտրվում են միաձայն։ Սա ոչ միայն խոսում է կառավարման խորհրդի ինստիտուտի չկայացման մասին, որը գուցե լուծվող է, այլեւ կրթամշակութային էլիտայի, նոմենկլատուրային մտավորականության ու նաեւ պետության թույլ կայացվածության մասին։ Սովորաբար միաձայն են ընտրվում ֆեդերացիաների ղեկավարները, դպրոցի տնօրենները։ Այդ խեղդող միաձայնությունն իրականում ահազանգ է, շատ լուրջ ահազանգ։ 21-րդ դարում չի լինում այդպիսի միաձայնություն։

Ցանկացած սոցիալական խավի հիմքում անհատն է։ Մենք ունենք 21-րդ դարի անհատի բացակայության խնդիր։ Ավելի պարզ՝ քաղաքացու խնդիր։ Քաղաքացու՝ որպես անհատի, կարեւորման խնդիր։

Ս. Սարգսյանի հետ հանդիպման եկածներից շատերը խորհրդային պետության քաղաքացիներ են եղել՝ հասարակության եւ քաղաքացիականության իրենց պատկերացումներով։ Ոմանք տեսել են նույնիսկ ստալինյան բարքեր։
Ամեն դեպքում սա չէ ինձ համար ամենակարեւորը. ի վերջո՝ դա ընդհանուր պատմություն է։ Առանցքայինն այստեղ այն է, որ անկախ Հայաստանի իշխանությունները 25 տարվա ընթացքում խնդիր չդրեցին անկախ Հայաստանի քաղաքացի ձեւավորել։ Առանց ստի, առանց պաթոսի, առանց զնաչոկի, առանց քծնանքի։ Եվ Շուշիում թեյախմության մասնակիցներից շատերն իրականում հենց այդ խնդրի բացակայության զոհերն են՝ քաղաքացի չունենալու քաղաքականության տրամաբանական զոհերը։ Միայն ու միայն քաղաքացի մտավորականը կարող է դժվար պահին ոտքի կանգնել. մի դեպքում՝ պետության կողքին, մի դեպքում՝ իշխանության, մի այլ դեպքում՝ իշխանության կողմից հետապնդվողի։

Նույնիսկ անհարմար եմ զգում ասել, բայց այսօր նրանցից շատերի հիմնական խոսակցության թեման կա՛մ սպասվելիք վաստակավորի կոչումն է, ավելի ճիշտ՝ անխոհեմ քայլով, արտահայտությամբ դրան չվնասելը, կա՛մ ժողովրդական արտիստի կոչումը։ Իսկ վերջերս մի հայտնի մտավորական մերժեց ի պաշտպանություն մեկի հայտարարության տակ ստորագրել աննախադեպ պատճառաբանությամբ՝ «որ ստորագրեմ, ախր, հետո պանթեոնում չեն թաղի»։ Նրան, թերեւս, պետք է երկար տարիների կյանք մաղթել։
Ուզում եմ պատմել նաեւ ոչ վաղ անցյալում իմ աչքերով տեսած իրադարձությունների մասին։ Գալիս էին մշակութային գործիչներ, կոլեկտիվների ղեկավարներ, կատարողներ եւ այլն, տարբեր միջոցառումների համար օժանդակություն էին խնդրում «Ծառուկյան» հիմնադրամից։ Իսկապես կային շատ հետաքրքիր ու կարեւոր նախագծեր։ Խոսակցությունը սկսվում էր նրանից, որ պետությունը փող չի տալիս, մշակույթի նախարարությունը փող չի տալիս եւ այլն։ Ծառուկյանը համաձայնում էր ֆինանսավորել. կրկնում եմ՝ իսկապես կային հետաքրքիր նախագծեր։ Կազմվում էր համաձայնագիր, ու հանկարծ վերջին պահին դիմող կողմը հրաժարվում էր. մեկը՝ ամաչելով, մյուսը պարզապես կորում էր, երրորդը հուզված պատմում էր՝ մշակույթի նախարարությունից ասել են՝ Ծառուկյանի հետ գործ չունեք։ Լավ, ասում եմ, բա ձեր հայրենանվեր ելույթները, դուխը, լավ ծրագիրը ո՞ւր կորան։ Լավ, ասում եմ, գոնե այդ արգելքից հետո իրենք կֆինանսավորե՞ն։ Իհարկե՝ ոչ։

Պետական բուհերի ռեկտորները տարիներ ի վեր արգելում էին իրենց ուսանողներին «Ծառուկյան» հիմնադրամից կրթաթոշակ ստանալ, ուսման վարձերը վճարել եւ այլն։ Ռեկտորներն իրենց հերթին հանձնարարականը ստանում էին նախարարությունից, եւ այդպես շարունակ։

Ի դեպ, եղել են եւ մշակույթի գործիչներ, եւ ուսանողներ, եւ դասախոսներ, ովքեր անտեսել են նախարարությունների բրեժնեւյան հրահանգը եւ փայլուն իրականացրել են իրենց նախագծերը։

Ես չեմ ուզում սեւեռվել, սակայն, միայն մտավորականության վրա՝ հատկապես, որ ձեւակերպումը շատ անհստակ է։ Իսկ ուրիշ միջավայրերում, շերտերում կարծիք ու տեսակետ արտահայտող շա՞տ կա։ Ես մի քանի տարի քաղաքական դաշտում շարունակ լսել եմ «թմի հետ եմ» ձեւակերպումը, ու ոչինչ ավելին։ Որը ոչ այլ ինչ է, քան՝ կարծիք չունեմ, ես ուժեղի կողմն եմ։

Ամբողջ Ազգային ժողովում սեփական կարծիք ու տեսակետ հայտնող քանի՞ մարդ կա. 10-15, ոչ ավելի։ Այս պայմաններում ուզում ենք զարգանա՞լ։

Պետական համակարգում տնօրենը ինչ կամայականություն անի՝ ընդդիմախոսներ սովորաբար չեն լինում։ Բժշկական հաստատություններում տերերը, տնօրենները ինչ ստորացուցիչ նորամուծություններ անեն՝ սովորաբար ընդվզողներ չեն լինում։
Մասնավոր համակարգերում՝ փոքրից մինչեւ մեծ, լիակատար ամենաթողություն է, ամեն ինչ կախված է սեփականատիրոջ մարդկային հատկանիշներից եւ կրթվածությունից, քաղաքացու սոցիալական պաշտպանվածության որեւէ նորմ չի գործում, այսինքն՝ անգամ մասնավոր համակարգում քաղաքացու ձեւավորումը կայանալ չի կարող։
Բոլոր սոցիալական շերտերում կա իրավունք, տեսակետի, իրավագիտակցության եւ պաշտպանվածության խնդիր։ Այս խնդիրները միասին պայմանավորում են քաղաքացու բացակայությունը։ Բնակչից քաղաքացի անցումը պետությունը չի կարեւորել։ Գուցե գիտակցաբար հենց արել է հակառակը։ Մենք շատ կարեւոր ժամանակ ենք կորցրել։ Նոր իշխանությունը սա պետք է կարեւորի։ Քաղաքացին կպահի հայրենիքը, քաղաքացին կդիմանա սպասվելիք տնտեսական դժվարություններին, քաղաքացին կստեղծի պետություն, քաղաքացին կզարգացնի պետությունը։ Բնակիչը կարտագաղթի, կհանձնվի, կմերվի։ Պետությունը պետք է գնա քաղաքացի ունենալու ճանապարհով, բայց դրա համար պետք է նպատակասլաց աշխատել։ Այդ դեպքում մենք մի օր կունենանք քաղաքացի մտավորական։

 
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր

«Առավոտ»

23.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նվեր says:

    Ափսոս, լավ հոդված էր, գրագետ …մինչև այն պահը, երբ սահուն անցումով սկսվեց Ծառուկյանի գովքը, որով հոդվածը վերածվեց սովորական ու պրիմիտիվի՝ մեկը 1000-ավորներից:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031