Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ 2017 թվականին բանկերի համար այնքան էլ լավ տարի չի սպասվում: Տնտեսագետը մտահոգիչ է համարում, որ ՀՀ բյուջեի 193 միլիարդ դրամի պակասորդի 138 միլիարդ դրամը ֆինանսավորել է բանկային հատվածը: Այսինքն՝ ըստ պարոն Խաչատրյանի, բանկային համակարգն այս պահի դրությամբ զբաղված է ոչ թե տնտեսություն ֆինանսավորելով, այլ կոնկրետ բյուջեի պակասորդ ֆինանսավորելու գործով՝ հետեւաբար տնտեսությանը զրկելով ռեսուրսներից:
«Այսինքն` մենք չենք կարողանում հավաքել եկամուտներ բյուջեում, առաջանում է պակասորդ, պակասորդը մեծանում է, որը սկսում են ֆինանսավորել բանկերը եւ դրա դիմաց ստանալ տոկոս: Եվ ստեղծվում է մի իրավիճակ, որ տնտեսությունը զրկվում է ռեսուրսներից ու աճի հնարավորություններից»,- ասել էր Վիլեն Խաչատրյանը:
«Առավոտը» տնտեսագետի կանխատեսումների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանից, որը ասուլիս էր հրավիրել` տարին ամփոփելու եւ եկող տարվա ծրագրերը ներկայացնելու:
«Բանկային համակարգում մենք ունենք մրցակցային դաշտ, եւ մեր հանրապետությունում ամենամրցակցային դաշտը բանկային համակարգն է: Եվ ես համամիտ չեմ այն կարծիքին, որ բանկերը զբաղված են բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմամբ, բանկերը զբաղված են նախագծերի ֆինանսավորմամբ: 2017-ը մրցակցային է լինելու, շատ բանկեր իրենց ծրագրերը վերանայելու են, բանկային համակարգի համար մրցակցությունը լինելու է համար մեկ խնդիրը, այդ պարագայում այդ մրցակցությունը մեր հասարակությանը միայն պետք է ուրախացնի, որովհետեւ մեր տնտեսվարողները, բանկերի հաճախորդները ավելի էժան եւ որակյալ ծառայություններ են ստանալու»,- ասաց պարոն Օսիպյանը: Ինչ վերաբերում է բանկերի խոշորացմանը, ապա Աշոտ Օսիպյանը կարծում է, որ կապիտալի ավելացումը կբերի նրան, որ բանկերը կմտածեն ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ ներկայացնել, իջեցնել իրենց ծախսերը, որպեսզի շահույթ գեներացնեն:
Իսկ թե բանկային հատվածն ինչ սպասելիքներ ունի եկող տարվա տնտեսությունից՝ Աշոտ Օսիպյանն ասաց, որ արդյունքներն ավելի մեծ կլինեն, եթե մենք ունենանք հավասար դաշտ. «Ցավոք, մենք պետք է արձանագրենք, որ մենք ունենք անհավասար դաշտ, մենք ունենք զարգացած բանկային համակարգ եւ ոչ այնքան էլ զարգացած իրական հատված, ինչը մեզ շատ է խանգարում: Շատ կուզեինք, որպեսզի իրական հատվածն էլ ունենար նույն կերպ կարգավորում եւ զարգացում` սկսած կորպորատիվ կառավարումից, վերջացրած այլ բաղադրիչներով, որոնք առկա են բանկային համակարգում»:
Կարդացեք նաև
Այդուհանդերձ, բանկի ղեկավարը հույս ունի, որ 2017-ին կունենանք որոշակի տնտեսական աճ, որը, սակայն, հեշտ չի տրվելու. «Մենք լավատեսությամբ ենք նայում բոլոր գործընթացներին, եւ համոզված եմ, որ այն բարեփոխումները, որոնք կառավարությունը կիրականացնի, կհասցնի մինչեւ վերջ, եւ մենք կտեսնենք դրա արդյունքները»:
Ինչպես նշեց Աշոտ Օսիպյանը, բանկային ոլորտի պատասխանատուները կառավարության ուշադրությունը հրավիրել են որոշ խնդիրների վրա. «Մենք էլ մեր կարծիքներն ունենք, որոշակի առաջարկություններ ունենք: Ասում ենք՝ ուշադրություն դարձրեք օտարերկրյա ներդրումներին, որոնք շատ կարեւոր են մեր երկրի համար, ուշադրություն դարձրեք մեր հարկային քաղաքականությանը, որովհետեւ այն այդքան էլ չի նպաստում բիզնեսի զարգացմանը: Ասում ենք` համեմատեք, թե ինչ է կատարվում մեր հարեւան երկրներում, եւ համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե հարկային քաղաքականությունը կոշտ է, քանի որ բյուջե ենք հավաքագրում, պարոն Օսիպյանն ասաց, որ պետք է տարանջատել երկու խնդիր` կարճաժամկետ եւ երկարաժամկետ.
«Եթե մենք բյուջեի հավաքագրումով ենք զբաղվում, ապա դա կլինի կարճաժամկետ: Բայց մենք պետք է նայենք երկարաժամկետ, թե ինչ է լինելու Հայաստանում տասը տարի հետո, ինչը շատ կարեւոր է»:
2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո բանկերի ակնկալիքների մասին հարցին պատասխանելիս էլ Աշոտ Օսիպյանն ասաց, որ այն առաջին ընտրությունը չէ, որ Հայաստանն անցնելու է. «Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի բանկային համակարգը ցնցումներից զերծ պահեն, եւ մինչ այսօր մեզ դա հաջողվել է: Ես հուսով եմ, որ 2017-ին էլ դա կլինի: Բնական է` մինչեւ ընտրություն, ընտրությունից հետո որոշակի ժամանակահատված տնտեսությունում սպասումներ են ձեւավորվում, որը բացասական ազդեցություն ունի, բայց մենք համոզված ենք, որ դա կհաղթահարենք»:
Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե վերջերս տեղի ունեցած բանկոմատների պայթեցման եւ այլ բանկոմատների կողոպուտների դեպքերը հասարակության շրջանում, սոցցանցերում մի տեսակ ծափողջույններով են ընդունվում, եւ մարդիկ, կարծես, ուրախանում են, պարոն Օսիպյանն ասաց. «Շատ ճիշտ հարց եք բարձրացնում, դա հետեւանք է նրա, որ այսօր մենք` բանկիրներս, մեր հասարակության, մեր գործընկերների հետ լավ չենք աշխատում, մեր հանրությունը բանկերն ընդունում է որպես թշնամի, նեգատիվ, շատ դեպքերում` վաշխառու, լոմբարդ, բայց բանկը ոչ վաշխառու է, ոչ լոմբարդ: Ինչ ենք անում մենք:
Նայեք՝ մեր տնտեսության մեջ 2006-ից մինչեւ 2016 թվականը վարկային ներդրումները ՀՆԱ-ում որքան են աճել, դա ի՞նչ է նշանակում, դա ռեալ տնտեսության վարկավորում է: Նույն պարագայում, երբ որ արտասահմանյան ներդրումները երկրում իջնում են, օտարերկրյա ներդրման ծանր բեռն ընկնում է բանկերի վրա, եւ ես համարում եմ, որ յուրաքանչյուր նախագիծ ֆինանսավորելիս մենք անում ենք շատ կարեւոր գործ: Աշխատատեղ ենք ստեղծում, նոր մշակույթ ու նոր տեխնոլոգիաներ ենք բերում, արտահանման կամ ներմուծման նոր հնարավորություններ ենք ստեղծում, որոնք շատ կարեւոր են»:
Ըստ պարոն Օսիպյանի՝ օրինակ, իրենց բանկը 4 տարի է՝ անցել է պատասխանատու ֆինանսավորման գաղափարին. «Ի՞նչ է դա իրենից ենթադրում: Եթե մարդը գա ասի՝ քաղաքի կենտրոնում գտնվող այս շենքը բերում եմ ձեզ մոտ գրավադրեմ, եւ ինձ վարկ տվեք, մենք չենք տա: Մեզ համար կարեւորն այն է, թե այդ գումարն ուր է գնալու եւ ինչ արդյունք է ստանալու: Եվ մենք փորձում ենք պատասխանատվություն կրել այդ ծրագրի համար: Ասեմ, որ դա շատ բարդ աշխատանք է, եւ դրա մեջ աշխատում են պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ռիսկեր են գնահատում, գնահատում են ապագա գործընթացները, եւ թշնամաբար վերաբերվել այդ մարդկանց՝ սխալ է, որովհետեւ հեշտ չէ աշխատել բանկում, ծանր եւ պատասխանատու աշխատանք է: Որովհետեւ յուրաքանչյուր ձախողված նախագիծ մեծ ողբերգություն է: Բանկերը, ի տարբերություն այլ իրական հատվածի ընկերությունների, պատասխանատվություն են կրում ոչ միայն մեր արածի համար, այլեւ պատասխանատու ենք մեր հաճախորդների արածի համար: Եվ եթե մեզ չեն սիրում, ապա մեր մեղքն է, որ մենք չենք կարողացել ներկայացնել՝ մենք ով ենք եւ ինչով ենք զբաղվում: Մենք հանցագործ չենք, եւ բանկոմատ պայթեցնելով՝ պայթեցնում են ձեր փողերը: Դա նույնն է, որ մեկը տրանսպորտում, փողոցում մտնի ձեր գրպանը, մյուսն ուրախանա. նորմա՞լ է, նորմալ չէ»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
23.12.2016