Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կանանց չեն նշանակում ղեկավար պաշտոններում

Դեկտեմբեր 24,2016 14:30

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի կանայք եւ տղամարդիկ-2016» գրքույկը: Հետազոտության (ցուցանիշները 2015 թվականինն են) «Իշխանություն եւ ազդեցություն» բաժնում ներկայացված է կանանց եւ տղամարդկանց համամասնությունը պետական պաշտոններում եւ պետական տարբեր ոլորտներում՝ ըստ զբաղվածության:

Դատելով հետազոտության արդյունքներից՝ պետական կառավարման ոլորտում կանանց առանցքային պաշտոնների չեն նշանակում, չնչին թվով կանայք են զբաղեցնում ղեկավար պաշտոններ, ընդ որում՝ որոշ գերատեսչությունների աշխատակազմերում կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց:

Գործադիրում, այսինքն՝ կառավարությունում, 18 նախարարներից ընդամենը 3-ն են կին, գործադիրում ընդամենը 4 կին փոխնախարար կա, մյուս 61 փոխնախարարների պաշտոնները զբաղեցնում են տղամարդիկ: Օրենսդիրում 131 պատգամավորներից 14-ն են կին:

Նախարարությունների աշխատակազմերում ամենաշատ կին աշխատակիցներ ունեցող նախարարությունը կրթության եւ գիտության նախարարությունն է՝ շուրջ 68%: Կանանց ներգրավվածությամբ հաջորդ բարձր ցուցանիշը սփյուռքի նախարարությունում է՝ 67%, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի 66%-ն է կին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում էլ կանանց թիվը գերակշռում է՝ 62%, մշակույթի նախարարությունում՝ 58%, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում՝ 56%, արդարադատության նախարարությունում՝ 53%, գյուղատնտեսության նախարարությունում՝ 52%:

Իսկ մնացած նախարարությունները, կարելի է ասել, տղամարդկանց աշխատակազմ է: Առողջապահության նախարարության աշխատակազմի 51%-ը տղամարդ է, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում՝ 52%, պաշտպանության նախարարությունում էլ՝ 52%, բնապահպանության նախարարության աշխատակազմի 53%-ն է տղամարդ:

Քանի որ հետազոտությունը նախորդ տարվա ցուցանիշներին է վերաբերում, դեռ առանձնացված չէր տարածքային եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ուստի որպես մեկ նախարարության աշխատակազմ է նշված: Այս նախարարությունում տղամարդկանց ներգրավվածությունը 56% է, արտաքին գործերի նախարարությունում՝ 57%, քաղաքաշինության նախարարությունում (նշենք, որ այս գերատեսչությունը նոր կառավարության ձեւավորումից հետո դարձավ կոմիտե) տղամարդիկ կազմում են 62%, նույնքան էլ՝ ֆիննախում: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում էլ ավելի շատ տղամարդիկ են աշխատում՝ 67%, իսկ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը տղամարդկանց նախապատվություն տալու առաջատարն է՝ 73%:

Դատական իշխանությունում նույնպես տղամարդիկ ավելի շատ են, այսինքն՝ 217 դատավորներից ընդամենը 54-ն են կանայք, Սահմանադրական դատարանի 9 անդամներից 2-ն են կանայք: Այլ երկրներում Հայաստանի 40 դեսպաններից ընդամենը 3-ն են կանայք:

Ըստ հետազոտության՝ Կենտրոնական բանկի խորհրդի կազմում միայն տղամարդիկ են:
Հայաստանի բոլոր 10 մարզերի ղեկավարները տղամարդիկ են, համայնքապետարանների 809 ղեկավարներից ընդամենը 17-ն են կանայք: Համայնքապետարանների ավագանու 5758 անդամներից ընդամենը 556-ն են կանայք, իսկ Երեւանի ավագանու 65 անդամներից էլ ընդամենը 10-ն են կանայք:

Հայաստանի ոստիկանների շարքերում կանայք կազմում են 18.2%: Պետական բուհերում ռեկտորների մեծ մասը տղամարդիկ են՝ 80%-ից ավելի:

Մեր երկրում ղեկավար պաշտոնները զբաղեցնում են հիմնականում տղամարդիկ՝ 60%-ից ավելի, ընդհանուր զբաղվածների մեջ 50%-ից ավելին եւս տղամարդիկ են:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

23.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031