Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ մատնության գործով լրագրողին՝ մեկ տարվա ազատազրկում

Դեկտեմբեր 24,2016 14:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը (լուսանկարում) դեկտեմբերի 13-ին հրապարակեց Մարտուն Շուշանյանի եւ Արմենուհի՝ Արիանա Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Սուտ մատնության համար մեկ տարով ազատազրկվեց Մ. Շուշանյանը, որը պայմանական չի կիրառվի, իսկ դրդելու համար մեղադրվող «Նյուզ.պրեսս.ամ» կայքի եւ «Անդրադարձ» մամուլի ակումբի հիմնադիր Արմենուհի Հովսեփյանը դատապարտվեց մեկ տարի ժամկետով ազատազրկման:

Վերջինի նկատմամբ ընտրվել էր խափանման այլընտրանքային միջոց՝ հինգ հարյուր հազար դրամի չափով գրավ:

Լրագրողը հաստատեց, որ դատարանն իր նկատմամբ է կայացրել մեղադրական դատավճիռ, իսկ նրա պաշտպանությունը դատավճռի հրապարակումից մեկ օր առաջ ստանձնած ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մայիս Հովհաննիսյանն ասաց. «Միանշանակ բողոքարկելու եմ դատավճիռը, եւ պահանջելու եմ արդարացման դատավճիռ»:

Մինչ այդ լրագրողն ունեցել է երկու պաշտպան՝ Արմեն Սողոյանն ու Ալեքսանդր Սիրունյանը:

Ոսկու շուկայում աշխատող Մ. Շուշանյանը մեղադրվել էր սուտ մատնության համար. «Գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2014թ. հունվարի 9-ին ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարել է սուտ մատնություն՝ իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. նոյեմբերից մինչեւ 2014թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում Նարեկ Երիցյանն իր նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է 2650 եվրոյին համարժեք 1.436.568 ՀՀ դրամ գումար, դրանով իսկ ակնհայտ անմեղ անձ Նարեկ Երիցյանին մեղադրելով ծանր հանցագործության՝ խոշոր չափի շորթում կատարելու մեջ»։

Իսկ Արմենուհի Հովսեփյանը, ըստ գործի նյութերի, մեղադրվել է այն «արարքի» համար, որ իր ծանոթ Մարտուն Շուշանյանից տեղեկանալով, որ Նարեկ Երիցյանը Մ. Շուշանյանի հետ ունի գույքային բնույթի խնդիրներ, «Մ. Շուշանյանին համոզելու եղանակով դրդել է, որպեսզի նա ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարի սուտ մատնություն»:
Ըստ լրագրողի պաշտպան Մայիս Հովհաննիսյանի, մեզանից յուրաքանչյուրի դեմ կարող են հարուցել քրեական գործ այն պատճառաբանությամբ, որ խորհուրդ ենք տալիս՝ դիմիր իրավապահներին, եթե մարդը սպառնում է, անհանգստացնում է քեզ, գալով քո տուն, քո գրասենյակ:

Արմենուհին իմանալով, որ Նարեկը գումար է պահանջում Շուշանյանից, խորհուրդ է տվել՝ դիմիր ոստիկանություն: 60-ամյա հասուն մարդը, որը զբաղվում է ոսկու առեւտրով, նախաքննական մարմնում հնչել է նաեւ՝ վիզաների ձեռքբերման ու տրամադրման հարցերով էլ եւ Նարեկի պահանջվելիք գումարը կապված էր հենց վիզաների գործի հետ, գնացել է կամավոր ու հաղորդում է տվել ոստիկանությունում:

«Ա.Հովսեփյանին տեղեկատվություն տրամադրողը եղել է Մ. Շուշանյանը: Իսկ ինչ պետք է աներ Ա.Հովսեփյանը ստեղծված իրավիճակում, եթե ոչ նման խորհուրդ տալը»,-ասում է Մ.Հովհաննիսյանը:

Ի դեպ, դատական գործընթացի ժամանակ, Շուշանյանի դուստրը վկայություն էր տվել այն մասին, որ, իրոք, Նարեկը սպառնացել է, գումար պահանջել հորից: Այլ հարց է, թե ինչու է հայրը հետագայում հրաժարվել իր ցուցմունքից:

Այս տարվա փետրվարի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Մարտուն Շուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Իսկ տասնչորս օր հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացվել է որոշում, համաձայն որի՝ նրա կալանքից գրավով ազատ արձակելը ճանաչվել է թույլատրելի։

Լրագրողը մարտի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ձերբակալվել էր։ Իսկ թե ինչու մինչ այս քրեական գործի մասին նա չի բարձրաձայնել, պատճառն ըստ նրա. «Իմ պաշտպաններն ասում էին՝ լռիր»:

Նշենք, որ մեղադրանքը պաշտպանող դատախազը՝ Ռաֆայել Գեւորգյանը պահանջել էր երկու տարով ազատազրկում:

Մարտուն Շուշանյանը դատարանում իրեն մեղավոր էր ճանաչել եւ ցուցմունք է տվել այն մասին, որ Արիանայի հետ ծանոթացել են շատ վաղուց՝ մեքենայի առքուվաճառքի ժամանակ եւ գտնվել մոտ հարաբերությունների մեջ։
Ինքը հանդիպել է Ն. Երիցյանի հետ: Վերջինն ասել է, թե Շուշանյանը «ինչ-որ անձի ուղարկել է արտասահման, որի համար տվյալ անձը հավելյալ վճարել է 2650 եվրո եւ այդ գումարը Նարեկը պահանջել է իրենից։ Տվյալ զրույցի մասին տեղեկացել է Արիանան՝ Ա.Հովսեփյանը, զանգահարել եւ զրուցել է Ն. Երիցյանի հետ, այնուհետեւ իրեն հայտնել է, որ այլեւս Ն. Երիցյանն իրեն չի անհանգստացնի, բոլոր հարցերը լուծված են։ Որոշ ժամանակ անց, երբ Ա.Հովսեփյանը գտնվել է իր տանը, Ն. Երիցյանը զանգահարել է Ա.Հովսեփյանին եւ նրանց մեջ տեղի է ունեցել հեռախոսային վեճ»:

Դատարանում Մ. Շուշանյանը պնդել է, որ հաղորդումը գրելու ժամանակ գիտակցել է, որ հայտնում է կեղծ տեղեկություններ, սակայն, այդուամենայնիվ, գրել է այն։
Ամբաստանյալ Արմենուհի Հովսեփյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել այն մասին, որ համամիտ չէ Մարտուն Շուշանյանի կողմից դատարանում տրված ցուցմունքի հետ։

Ըստ գործի նյութերի, լրագրողը դատարանում հայտնել է. «Իմ միակ սխալը եղել է այն, որ Ն. Երիցյանի վերաբերյալ դատավարության ընթացքում ետ է վերցրել իր դիմումը։ Այդ ժամանակ Մ. Շուշանյանը եկել է իր մոտ, ասել, որ եթե նա հրաժարվում է, ինքը նույնպես պետք է հրաժարվի այդ ամենից։

Որպես լրատվականի ղեկավար՝ հանդիպել է Ն. Երիցյանի հետ։ Ն.Երիցյանի հետ թշնամական հարաբերությունների մեջ չի գտնվել, թեեւ հեռախոսային խոսակցության ընթացքում վիճել են միմյանց հետ: Երբ Մ. Շուշանյանին հարցրել է, թե ինչու է այս ամենն իր վրա գցել, վերջինս հայտնել է, որ ինքը «գողական աշխարհում» խնդիրներ կունենար, եթե ետ չկանգներ իր հայտարարությունից»։

Իր պաշտպանական ճառում Մ.Հովհաննիսյանը դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ոստիկանության բաժնում Մ. Շուշանյանին տրամադրվել էր «ձեւաթուղթ», իբր Ա.Հովսեփյանի կողմից գրված:

Պաշտպանն անհրաժեշտ էր համարել վերսկսել դատավարությունը, որպեսզի այս կապակցությամբ հարցաքննվեին վկա ոստիկանները:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

23.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031