Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի երիտասարդական ծրագիրը հաջողություններ է գրանցել

Դեկտեմբեր 24,2016 13:00

Բելառուսի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական մեծ թատրոնը դեկտեմբերի 14-20-ը 7-րդ անգամ անցկացրեց Ծննդյան ֆորում, որը ներառում է օպերային ներկայացումների պրեմիերաներ համաշխարհային աստղերի մասնակցությամբ եւ երիտասարդ օպերային երգիչների մրցույթ: Հրավիրված էին հյուրեր՝ 30 երկրից: Այս տարի ֆորումին առաջին անգամ մասնակցեց Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որը ներկայացնում էր սոպրանո Արեւիկ Գյուլբուդաղյանը:

arevik

Արեւիկ Գյուլբուդաղյան

Մեներգչուհին մասնակցել է ֆորումի փակմանը կայացած շքեղ գալա համերգին: Որպեսզի պատկերացնենք համերգի «որակը», նշենք մեկ-երկու մասնակիցների անուններ՝ Մոնսերատ Կաբալիեի ուսանող, իտալացի տենոր Ֆրանչեսկո Պիո Գալասսո, որին անվանում են 21-րդ դարի Պավարոտի եւ իսպանացի դիրիժոր Դանիել Մոնտանե:
Երեւանի օպերային թատրոնին տարեկից Բելառուսի թատրոնը միջոցառումը սկսել է իսպանական կրքոտ դրամայով՝ Բիզեի «Կարմեն» օպերայով, իսկ ընթացքում ներկայացվել են «Մակբեթը», որտեղ իշխանության ձգտում է ու պալատական ինտրիգներ, ամուսնացրել Ֆիգարոյին՝ «Ֆիգարոյի ամուսնությունը», վայելել իսկական հեքիաթ, ուր արքայազնն իր համբույրով արթնացնում է քնած սիրուն՝ «Տուրանդոտ» ներկայացումներում…
Ֆորումի շրջանակներում անցկացված մեներգիչների մրցույթին մասնակցել է շուրջ 120 երգիչ՝ 22 երկրից: Այս միջոցառմանը Երեւանի օպերային թատրոնը ներկայացրել էր մեներգչուհի Տաթեւիկ Աշուրյանին (սոպրանո), կոնցերտմայստեր՝ Ելենա Վարդազարյան:

tatevik

Տաթեւիկ Աշուրյան

Օպերայի երիտասարդական ծրագրից մրցելույթներով հանդես են եկել Լուսինե Մակարյանը (սոպրանո) եւ Տիգրան Օհանյանը (տենոր), կոնցերտմայստեր՝ Լեւոն Ջավադյան:

«Առավոտի» հետ զրույցում օպերայի երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը հայտնեց, որ դասական ձեւաչափով անցկացված մրցույթի Գրան պրին բաժին է հասել Տիգրան Օհանյանին, Լուսինե Մակարյանը արժանացել է պատվավոր դիպլոմի:

lusine

Լուսինե Մակարյան

Թատրոնի մեներգչուհի Տաթեւիկ Աշուրյանը նույնպես արժանացել է պատվավոր դիպլոմի: «Բաքվի կոնսերվատորիայի երաժշտագետ Ուլքիար Ալիեւան, որը լուսաբանում էր ֆորումը, չի կարողացել իր հիացմունքը զսպել՝ ներկայացնելով հայ տենորին: Ընդ որում, Տիգրանը եւս երկու մրցանակ է շահել՝ հրավերի տեսքով՝ 2017-ին մասնակցելու Դյուսելդորֆի եւ Լվովի օպերային թատրոնների բեմադրություններին»,- հավելեց մեր զրուցակիցը: Համեմատության համար նշենք, որ մրցույթի առաջին մրցանակին է արժանացել «Մետրոպոլիտեն» օպերայի մեներգիչ, կոնտրտենոր Անդրեյ Նեմզերը:
Հայտնեց նաեւ, որ ժյուրիի աշխատանքներին Բելառուսի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Գրիդյուշկոյի ղեկավարությամբ մասնակցել է հեղինակավոր թատրոններից հրավիրված 16 ճանաչված արվեստագետ:
Լեւոն Ջավադյանը նշեց, որ ֆորումին մասնակից երաժիշտներին հովանավորել են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ իր կողմից վերջերս հիմնած «Երիտասարդ տաղանդների զարգացման հիմնադրամը», որը ստեղծված է միայն օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրում ընդգրկված 10 երգիչներին աջակցելու նպատակով:
Հետաքրքրվեցինք՝ բացի այս արդյունքից, ի՞նչ ցուցանիշներ են գրանցել օպերայի Երիտասարդական ծրագրում ընդգրկված երգիչները: Մեր զրուցակիցը հակիրճ թվարկեց. «Հատուկ մրցանակների են արժանացել Տիգրան Օհանյանը՝ Մոսկվայում կայացած Գալինա Վիշնեւսկայայի, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը՝ Շալյապինի անվան մրցույթներում, իսկ Ջուլիետա Գալստյանը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Սիրանուշ Գալստյանը վերջերս մեր թատրոնում հանդես եկավ Տոսկայի դերերգով՝ Պուչինիի համանուն օպերայի պրեմիերայի առաջին օրը»:

Լեւոն Ջավադյանը հիշեցրեց, որ մոսկովյան «Կուլտուրա» հեռուստաալիքով հեռարձակվող «Մեծ օպերա» մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 26-ին, Մեծ թատրոնում, որի ընթացքում ականատեսը կլինենք, թե ինչ արդյունք է գրանցում մեր տենորը՝ Տիգրան Օհանյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Տիգրան Օհանյանն ու Լեւոն Ջավադյանը

 

«Առավոտ»

23.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031