Լրահոս
Օրվա լրահոսը

«Պեպոյի» նոր օծումը

Դեկտեմբեր 24,2016 12:30

Տեւական ընդմիջումից հետո՝ դեկտեմբերի 13-ին, Մայր թատրոնն ազդարարեց իր նոր խաղաշրջանի բացումը: Ազդագրին կարդացինք՝ Գ. Սունդուկյան, «Պեպո», բեմադրիչ-հեղինակ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Արմեն Էլբակյան: Հայ բազմադարյան գրականությունն աշխարհին հայտնի է առավելապես պոեզիայի իր գոհարներով՝ Նարեկացի, Քուչակ…Մեծարենց…Չարենց…Բոլորին չթվարկենք: Արձակի ժանրում՝ վեպ, վիպակ, նովել…պիես, աշխարհը մեզ գրեթե չի ճանաչում: Այդպես է ստացվել կամ հայտնի հերոսի խոսքերով ասած՝ է՛ս է…Իհարկե, ասվածը չի նշանակում, թե դրամատիկական ժանրում խոպան է եղել: Պիեսներ, հատկապես՝ կատակերգություններ գրվել են, սակայն դրանք ազգային սոցիալ-կենցաղային նշաձողից այն կողմ չեն անցել, համաշխարհային ճանաչում չեն ստացել, ուղենշային չեն դարձել, ինչպես՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարը», խորհրդային շրջանում՝ Եղիշե Չարենցի «Կապկազ- թամաշան», Ալ. Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» (վերջինս` թափառող սյուժեների շարքից) եւ այլն:

Հայ դրամատուրգիա ասելով՝ առաջինը մտաբերում ենք Սունդուկյանին, սակայն, դժբախտաբար, մտաբերողը միայն մենք ենք՝ հայերս: Ավանդաբար Սունդուկյանի գրական ժառանգության մեջ որպես ստեղծագործական գագաթ ճանաչվել է «Պեպո» կատակերգությունը, ինչը, սակայն, խիստ վիճարկելի է: Զուտ դրամատիկական ժանրին ներկայացվող պահանջների տեսանկյունից, թերեւս, ավելի ավարտուն են «Օսկան Պետրովիչը էն կինքումը» վոդեւիլը եւ «Քանդած օջախ» դրաման: Արիստոտելի բնորոշմամբ՝ կատակերգությունը «…վատերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորության, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում։ Ծիծաղելի կարող է լինել սխալը կամ որեւէ արատ, որը ոչ մեկին վնաս չի պատճառում…»:

«Պեպոյի» պարագայում Զիմզիմովի արատավոր, ծաղրական կերպարը «վնաս է պատճառում»: Չնայած Սունդուկյանն իր կատակերգությունն անվանել է կատակ-կատակերգություն, բայց իրականում այն դրամա է: Այո՛, դրամա է, ընդ որում՝ բավական պարզունակ ֆաբուլայով եւ նույնքան պարզունակ ավարտով: Գուցե սա՞ է պատճառը, որ խորհրդային հայ թատրոնի պատմության մեջ «Պեպո» փորձել են բեմադրել միայն երկու ռեժիսոր՝ Վարդան Աճեմյանն ու Խորեն Աբրահամյանը. ավելին՝ վերջինը բեմական կյանք չի ունեցել: Մեր կարծիքով, «Պեպոն» այն գործերից է, որ ռեժիսորից պահանջում է գործուն «միջամտություն», ստեղծագործական լայն ազատություն: Եվ ահա հանդիսատեսը ականատեսը եղավ Էլբակյան բեմադրիչ-հեղինակի նման «միջամտությանը» ռեժիսորական մի փայլուն աշխատանքի, որը ոսկեջրեց մեծ դրամատուրգի մեր օրերում կարծես խամրող այդ ստեղծագործությունը: Այո՛, խամրող…որովհետեւ ներկայիս, մեղմ ասած, ոչ ընթերցասեր սերունդը (ինչում իրենք մեղավոր չեն), գոնե ներկայացման միջոցով կստանա Սունդուկյան-դրամատուրգի եւ Էլբակյան-ռեժիսորի ուղերձները, այն է՝ ապրել ազնիվ քրտինքով, արդար լինել սեփական խղճի եւ շրջապատի հանդեպ, լինել բարեպաշտ: Իսկ ովքեր կանտեսեն մարդկային այս արժեքները, մեկ է, մի օր կանգնելու են ահեղ դատաստանի առաջ, թեկուզ՝ դժոխքում:

Վարագույրը բացվեց Արմեն Էլբակյանի կարճառոտ խոսքով, որում բեմադրիչը, մասնավորապես, հայտնեց, որ բեմադրվել է «Պեպո» կատակերգության վարկածը՝ Սունդուկյանի ստեղծագործությունների մոտիվներով: Սա անմիջապես սրեց հատկապես մեր՝ ավագ սերնդի հետաքրքրությունը: Տեսնես, ի՞նչ է լինելու… Որովհետեւ, անկեղծ ասած, ավագ սերնդի մտապատկերում «Պեպոն» առկա է առավելապես Համո Բեկնազարյանի համանուն ֆիլմով: Եվ առաջին իսկ տեսիլներից բեմից մի թարմ շունչ փչեց: Այն առաջին հերթին արտահայտվեց նկարչական, երաժշտական, լուսային, զգեստների նրբաճաշակ ձեւավորման շնորհիվ. սա տրամադրեց հանդիսատեսին ավելի ուշադիր «հետեւելու» ներկայացման ընթացքին: Էլբակյան-բեմադրիչին իրոք հաջողվել էր վերոնշյալ բաղադրիչների շնորհիվ կերտել ժամանակաշրջանի թիֆլիսյան սոցիալ-կենցաղային ողջ գունաոճային գամման՝ նավարկող ձկնորսներ, ընթացող կառքեր, պատշգամբներից թամաշայի դուրս ելած կամ ցոփ խնջույքներում պար բռնած քաղքենիներ…Եվ այս ամենի հետ՝ նոր կերպարներ՝ Սունդուկյանի տարբեր ստեղծագործություններից համեմված խոսքով, ինչն ավելի հարստացրեց Սունդուկյան-հեղինակի ուղերձը:

Ներկայացման ավարտը կամ, թատերական լեզվով ասած, ֆինալը (Զիմզիմովը դժոխքում եւ նրա դատը) ռեժիսորական մտքի մի հանճարեղ ակորդ էր, այն ոսկեջուրը, որով օծվեց պիեսի ասելիքը՝ ժամանակակից հանդիսատեսի հայացքում այն դարձնելով ավարտուն: Իհարկե առանց դերասանական կազմի հաջող ընտրության՝ այս զգացողությունները չէին լինի, ինչպես, օրինակ, Արմեն Մարության-Զիմզիմովի պարագայում: Նրա կերտած կերպարը, ի տարբերություն Ավետ Ավետիսյան-Զիմզիմովի, նողկանք ու ատելություն էր առաջացնում. համենայնդեպս, այս կերպարում շատերս ճանաչեցինք մերօրյա հղփացած կիսագրագետ մեծահարուստին, իսկ գեներալի կերպարում (որը հեղինակային բնագրում բացակայում էր)՝ արդի շատ վայ-մտավորականների:

Սունդուկյանն ասում էր. «Պեպոն ես եմ՝ կինտոյի հագուստով»: Այս կերպարի մարմնավորման համար Էլբակյան-ռեժիսորը հավատարիմ է մնացել հեղինակին. ի դեմս Տիգրան Ներսիսյան-Պեպոյի՝ կերտվել է Պեպոյի «կիրթ» կերպար՝ համահունչ Հրաչյա Ներսիսյան-Պեպոյի: Դերասանական հաջող կերպավորում էին նաեւ Ռուդիկ Ղեւոնդյանի Գիքոն, Տաթեւիկ Հոռոփյանի Կեկելը (որի առաջնախաղն էր, ի դեպ): Որպես հետգրություն հավելենք, որ ներկայացման որոշ տեսիլներ ֆիլմի զգացողություն էին արթնացնում: Ուզում ենք հույս հայտնել, որ վերաշինված Մայր թատրոնը, ի դեմս իր նոր գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի, նոր շունչ կհաղորդի հայ թատերական կյանքին եւ այն բարի ու լավ ժամանակների նման թատրոնի զբոսայգին մարդաշատ կդառնա՝ զերծ այսօրվա մռայլությունից:

 

ԱՐՏԱՇԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
բանասիրական
գիտությունների թեկնածու

«Առավոտ»

23.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Լավ էլի, Ներսիսյան Տիգրանից ինչ Պեպո? Նա Սայաթ-Նովա էր խաղում իր հնաոճ խաղով… Էլբակյանը հետաքրքիր ռեժիսոր է…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031