Տավուշի մարզի բնակիչ Արման Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա լինելով 20 տարեկան, 2015թ. սեպտեմբերի 23-ին փաստացի ամուսնական կապերի մեջ է մտել ակնհայտ 16 տարին չլրացած, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի բնակչուհի, 2000թ. դեկտեմբերի 30-ին ծնված աղջկա հետ, վարել համատեղ ամուսնական կյանք եւ պարբերաբար սեռական հարաբերություններ ունեցել աղջկա հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, 2016թ. հունվարի 23-ին լրացել է Արման Մարդանյանի 21 տարին, որից հետո էլ նա շարունակել է պարբերաբար սեռական հարաբերություն ունենալ անչափահաս աղջկա հետ:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Նախկինում չդատված Ա.Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Քսանմեկ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ, որը կատարվել է նույն անձի նկատմամբ՝ պարբերաբար»):
Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 4-10 տարի ժամկետով ազատազրկում: Այդ քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կմեկնարկի դեկտեմբերի 28-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ