«Իշխանությունները չեն հայտարարել ԼՂ հիմնահարցի իրենց փոխզիջումային լուծման որոշման մասին, իրենք ամենեւին էլ չեն նախապատրաստում ժողովրդին խաղաղության ճանապարհով, որովհետեւ ցանկացած փոխզիջում ցավոտ է լինելու: Սա ակնհայտ է, եթե սկսվում է կեղծ հայրենասիրությունն աշխատել՝ ոչ մի թիզ հող, Ադրբեջանը կոռումպացված է, բա մեր զոհերը, բա մեր հայրենիքը, այս ձեւով կարող ենք խոսել, երբ որ գրական երեկո ենք անում: Եթե խոսում ենք Հայաստանի ճակատագրի, հեռանկարի եւ Ղարաբաղի ժողովրդի ապրելու իրավունքը պահելու մասին, սա լրիվ այլ թեմա է»,- այս կարծիքին է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ըստ նրա, պատերազմը ենթադրում է տնտեսություն, բայց տնտեսություն չունեցող երկիրը պատերազմում չի կարող հաջողություն ունենալ. «Տնտեսագետները հաշվել են, որ բլոկադան Հայաստանի վրա նստում է ցանկացած ապրանքի երեսուն տոկոս թանկացում: Մեր զարգացման տեմպերը մեր բոլոր հարեւան երկրների զարգացման տեմպերից 15-20 անգամ հետ է: Այսինքն, ժամանակն այդ առումով մեզ արդեն մի քսան տարի վնաս է տվել: Մեր ներդրումներն ու բյուջեն անհամեմատ ցածր են մեր հարեւանների ներդրումներից ու բյուջեից:
Ադրբեջանը 1,7 միլիարդի ներդրումներ է անում Թուրքիայում, Թուրքիան Ադրբեջանում վեց միլիարդի ներդրումներ է անում: Մեր տարածաշրջանը՝ Վրաստանը, Իրանը բոլորը իրար հետ 15-20 միլիարդ դոլարի ներդրում են անում, իրար զարգացնում են, ամբողջ աշխարհը անցնող տարում Հայաստանում արել է ընդամենը 80 միլիոն դոլարի ներդրում: Այսպես կարո՞ղ եք երկիր պահել…մեր գող իշխանությունների այս քաղաքականության արդյունքում տարածաշրջանում Հայաստանը դարձել է փուչ տեղ… այսօր չար ձեռքերով ԱԺ-ում քվեարկել ենք, ու մեր պարտքը դարձավ վեց միլիարդ դոլար, այսօր մեր պարտքը 180 միլիոնով ավելացրինք: Հայաստանի 60 տոկոսն արդեն պարտք է, դա փակելու են ձեր երեխեքը»:
Պարոն Մանուկյանն այլ տխուր տվյալներ էլ ներկայացրեց. «Հայաստանից այս տարի 131.000 քաղաքացի դիմել է գրին քարտ ստանալու համար, Հայաստանի քաղաքացիների 25 տոկոսն այսօր Հայաստանում չէ, իսկ այն լուծումը, որն առաջարկում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն առաջարկել էր տասնութ տարի առաջ, ասում է, եթե հիմա չգնանք լուծման, կորցնելու ենք այն, ինչ ձեռք ենք բերել: Այն 12.000 կմ-ը ու վեց հազար զոհը, որ տվել ենք, կարող է այս փնթիության ու վախկոտության պատճառով կորցնենք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարգելի «Առավոտ»,
ինձ, նաև կարծում եմ բազմաթիվ մարդկանց, հետաքարքրում է մի հարցի պատասխանը, որ այս նյութում չկա. Արամ Մանուկյանը խոսում է փոխզիջման անհրաժեշտության մասին, ճիշտ կլիներ լրագրողը հարցներ՝ կոնկրետ այդ ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը՝ ի՞նչ է զիջում Հայաստանը և ի՞նչ է զիջում Ադրբեջանը: Ցավոք, այս թեմայով բոլոր վեճերում բացակայում է այս խնդրո առարկան: Հուսով եմ որ հաջորդ հարցազրույցում այս հարցը կտրվի: