Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է որոշում կայացնի ու հայտարարի՝ մենք պատրաստ ենք փոխզիջումային տարբերակին». Արամ Մանուկյան

Դեկտեմբեր 23,2016 21:11

«Հայաստանը պետք է որոշում կայացնի ու դրա մասին  հայտարարի սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը, որ մենք պատրաստ ենք փոխզիջումային տարբերակին ու ժողովրդին պատրաստեն դրան, ինչը մեզնից ուզում են եռանախագահողները: Հայաստանի զարգացման, Ղարաբաղի պահպանման ու ժողովրդի անվտանգության համար միակ երաշխիքը Հայաստանի թռիչքային զարգացումն է, միայն այդ դեպքում Հայաստանը կարող է երաշխավոր լինել Ղարաբաղի ինքնորոշման ու Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար…չլուծվելու դեպքում կոնֆլիկտի լուծումը պարզ տրամաբանություն է»,- այսօր   «Պատերազմ, թե խաղաղություն» զիջումների և միլիտարիզացիայի գինը թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ նկատեց, որ Հայաստանի երեք նախագահներն էլ մշտապես հայտարարել են, որ փոխզիջումների են պատրաստ. «Կարծում եմ, որ քայլեր են ձեռնարկել դրա համար, կարող է հանրությունը պատրաստ չի եղել, բայց գոնե իշխանություններն ասել են դրա մասին, փորձել գնալ այդ քայլին: Կարծես թե, Հայաստանը տվել է իր համաձայնությունը այդ համաձայնագրի շրջանակներում, ու հայր Ալիեւն է հրաժարվել… Ադրբեջանը գնում է ռազմական ճանապարհով խնդրի լուծմանն ու ավելի ռազմատենչ են իր հայտարարությունները, Հայաստանի իշխանությունն ավելի շատ զիջողական է»:

Քաղաքագետն անդրադարձավ նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության այն հատվածին, թե Հայաստանի զարգացման խնդիրը գտնվում է  Արցախում. «Այդպես չէ, ու դրա համար կան լուրջ հիմնավորումներ, տնտեսական զարգացման հենքը տնտեսական ինստիտուտներն են»:

Քաղաքագետի խոսքով, ԵՏՄ-ին անդամակցելիս խոսվում էր ՀՀ առջեւ մի քանի միլիոնանոց շուկայի բացման մասին. «Իսկապես բացվել է, բայց չես կարող այդ տնտեսական հնարավորությունները երբեւէ օգտագործել, եթե քո տնտեսական համակարգը մենաշնորհացված է:

Պատրա՞ստ են արդյոք ՀՀ իշխանությունները փոխզիջումների կամ խաղաղասիրական քննարկումների, «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը դժվարանում է ասել՝ այո, որովհետեւ, ըստ նրա. «Եթե բանակցային գործընթացի ժամանակ խոսվում է  այդ նույն դետալների մասին, թե ինչ է նշանակում փոխզիջում կամ փախստականների վերադարձի հարց է քննարկվում, դրա մասին ՀՀ հասարակությունը ոչ մի տեղեկություն չի ստանում, այսինքն, եթե մեր երկրի իշխանությունները պատրաստ էին խաղաղասիրաական քննարկում կազմակերպել, նշանակում է՝ Հայաստանի հասարակությունը պետք է պատրաստվեր դրան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031