«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը այսօր հրապարակել է արդեն 5-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության արդյունքները, որով մայրաքաղաքի բնակիչները գնահատել են 2016 թվականի ընթացքում Երևանում կատարված աշխատանքները։
Հետազոտության շնորհանդեսին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը:
«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Արամ Նավասարդյանը նշել է, որ դեկտեմբերի 7-ից 19-ն իրականացված հարցման արդյունքների համաձայն՝ անցնող մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցվածների 65%-ը գնահատել է դրական, գերազանցելով նախորդ տարվա 57% ցուցանիշը: Հարցվածների 27.0 %-ը փոփոխությունները գնահատել են բացասաբար:
Կարդացեք նաև
Որպես Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիր՝ հարցման մասնակից մայրաքաղաքի բնակիչներն առանձնացրել են հասարակական տրանսպորտի հարցը՝ 24.6%, երկրորդ տեղում կոմունալ վարձերի խնդիրն է 10.8%-ով,որից հետո էկոլոգիայի խնդիրը 9.8 %, մաքրության խնդիրը 8.3%:
Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացրած դրական փոփոխությունների առաջին տեղում 21.4%-ով բակերի բարեկարգումն է: Քաղաքացիները դրական են գնահատել նաև մայրաքաղաքի արտաքին տեսքի փոփոխությունները՝ 19.5%, կանաչապատ տարածքների ավելացումը՝ 17.1%, խաղահրապարակների կառուցումը՝ 15.6%, այգիների բարեկարգումը 15.5%, աղբահանությունը 15.1%, նստարանների տեղադրումը 15%, ճանապարհաշինություն և փողոցների ասֆալտապատումը 12.4%: Իսկ 20.6%-ի կարծիքով փոփոխություններ չեն իրականացվել:
Հարցին, թե ինչ ծրագրեր ու ﬕջոցառուﬓեր կցանկանային, որպեսզի իրականացվեին Երևանում, բնակիչների 28.6%-ը, չնայած այն հանգամանքին, որ կանաչապատումը դրական փոփոխություններում առաջատար դիրքում է, նշել է կանաչ տարածքների ավելացումը: Մշակութային միջոցառումների անցկացումն ու խաղահրապարակների կառուցումը 2-րդ և 3-րդ տեղերում են՝ 25.1 և 22.3 % հարաբերակցությամբ։
Առանձին գնահատվել են նաև քաղաքային տրանսպորտի, մաքրության պահպանման, բնակիչների անվտանգության, կանաչապատման, մշակութային կյանքի և արտաքին լուսավորության բաղադրիչները։
Երևանում զբոսաշրջության զարգացման համար որպես գերակա ուղղություններ երևանցիներն առանձնացրել են հնի և նոր համադրմամբ ծրագրերի իրականացումը:
«Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտությամբ կանաչապատման, լուսավորության, անվտանգության և մաքրության չափանիշներով գնահատվել է նաև վարչական շրջանների աշխատանքը: 1-ից 5 բալանոց համակարգով բոլոր վարչական շրջանները յուրաքանչյուր բաղադրիչով ստացել են 3 և ավելի միավոր:
Բոլոր ուղղություններով վերջին մեկ տարում վարչական շրջաններից յուրաքանչյուրում կատարված փոփոխությունները հարցվածների մեծ մասը՝ 65-90% գնահատել է դեպի լավը:
Հաշվի առնելով, որ 2017 թ. Երևանի ավագանու ընտրություններն են՝ «Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հետաքրքրվել է նաև, թե արդյոք ո՞ւմ կընտրեին երևանցիները որպես քաղաքապետ, եթե ընտրությունները լինեին առաջիկա հանգստյան օրերին: Հարցվածների 52.3 %-ը, հաջորդ քաղաքապետ կրկին ցանկանում է տեսնել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, այլ թեկնածուներին՝ 6.5 %-ը:
Հարցմամբ անդրադարձ է եղել նաև ՀՀ նախագահի հանձնարարականով կայացված որոշմանը, ըստ որի ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի (արագաչափեր, տեսախցիկներ) և վճարովի ավտոկայանատեղերի (կարﬕր գծանշաններ) ողջ ֆինանսական հոսքերը պետք է տնօրինվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողﬕց: Այս մասով քաղաքացիները 49.8 %-ով փոփոխությունը համարել են ավելի շուտ դրական:
Ամփոփելով հարցման արդյունքները Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը նկատել է, որ նմանօրինակ հարցումներն ու ոլորտային ուսումնասիրությունները կարևոր են քաղաքապետարանի համար և հնարավորություն են տալիս հետագայում ավելի մեծ ուշադրություն դարձնել համեմատաբար ցածր ցուցանիշներ արձանագրած ուղղություններին:
«Հետևելով հետազոտության արդյունքներին կարող ենք ասել, որ տարեցտարի նկատվում է դրական տեղաշարժ, ինչը նշանակում է, որ մեր համաքաղաքացիները կարևորում և գնահատում են Երևանի քաղաքապետարանի կատարված փոփոխությունները: Միևնույն ժամանակ, ուսումնասիրելով հարցման արդյունքները, պետք է նշեմ, որ այն ուղղություններով, որտեղ առայժմ կան որոշակի դժգոհություններ, մասնավորապես հասարակական տրանսպորտի, արտաքին լուսավորության մասով, այս տարի ձեռնարկվեցին մի շարք ծրագրեր: Մասնավորապես ժամանակակից տրանսպորտային սպասարկում ունենալու նպատակով միջազգային խորհրդատու կազմակերպության կողմից կատարվում են ուսումնասիրություններ՝ համակարգային փոփոխությունների իրականացման և երթուղային նոր ցանցի ստեղծման համար:
Ինչ վերաբերում է քաղաքային լուսավորությանը, ապա տեղեկացնեմ, որ թվով 28 փողոցում նախատեսվում է փոխարինել լուսավորության ցանցը՝ նոր լեդ լուսատուներով: Այս ուղղությամբ պիլոտային ծրագրեր իրականացվեցին Իսակովի և Մաշտոցի պողոտաներում: Էներգախնայողության տնտեսումների հաշվին հնարավոր կլինի շարունակել ծրագիրը: Հավելեմ նաև, որ նոր կառուցվող ճանապարհների ծրագրերում ևս հաշվի է առնվում այս սկզբունքը» ,- նշել է Արմեն Հարությունյանը:
Անդրադառնալով կանաչ տարածքների ավելացմանը՝ նշվել է, որ դրանք քաղաքապետարանի առաջնային ծրագրերում են: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև մասնավոր հատվածի հետ:
Երևանում զբոսաշրջության զարգացման մասով՝ Արմեն Հարությանը մանրամասնել է, որ այս տարի հատուկ ուշադրություն է դարձվել ձմեռային տուրիզմին և առաջիկա Ամանորի տոներին կգործեն ինչպես համայնքային ենթակայության երեք թանգարանները, այնպես էլ կաշխատեն սննդի և ժամանցի մի շարք կենտրոններ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն