Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց. «Բոլոր նրանք, ովքեր խոսում են համակարգային փոփոխությունների մասին, իրավացի են, համակարգը փոխվելու անհրաժեշտություն ունի: Բայց իմ փորձառությունն ինձ թույլ է տալիս ենթադրել, որ այդ խոսողներն ի զորու չեն համակարգ փոխել:
Եթե ի զորու լինեին, նրանք բոլորը կմիավորվեին: Ակնհայտ է մի բան, որ չմիավորվելու պայմաններում համակարգի դեմ խոսողները նպաստում են համակարգի պահպանմանը: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ մարդիկ պարզապես ուզում են այս համակարգում տեղ զբաղեցնել: Պարզ է, որ խորհրդարանը միայն ՀՀԿ անդամներից բաղկացած չի լինելու, պետք է լինեն այլ կառույցների ներկայացուցիչներ: Հիմա պայքար է գնում այդ «այլում» տեղ գրավելու համար՝ Սեյրան Օհանյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ….բոլորը ուզում են այնտեղ տեղ գրավել: Որպեսզի տեղ գրավեն, պիտի մարդկանց ասեն՝ մենք սրանց դեմ ենք գնում: Բայց եթե դուք բոլորդ միասին չեք, դուք դրանց պահելու գործով եք զբաղված»:
Ըստ Վիգեն Խաչատրյանի, սա խոսում է նրա մասին, որ համակարգը, տնտեսական կառուցվածքը ադեկվատ է հասարակությանը. «ՀՀԿ-ն իր էությամբ արտահայտում է հայ հասարակության բովանդակությանը: Մենք պետք է ընդունենք, որ պրոբլեմը հասարակության մեջ է, ոչ թե ՀՀԿ-ի: Պրոբլեմը Սերժ Սարգսյանի մեջ չի: Պրոբլեմն այն է, որ Սերժ Սարգսյանի տեղին հավակնողները էությամբ նույն Սերժ Սարգսյանն են՝ շատ բանով չեն տարբերվում՝ որպես գործիչ, մտածելակերպով, արժեքային համակարգով:
Վիգեն Խաչատրյանն ասաց, որ ընտրություններում ինչ արդյունք էլ լինի, նոր որակ չեն բերի, որովհետեւ հասարակության նոր որակ կրող շերտը դեռ չի ձեւավորված. «Ես բաժանում եմ 2 մասի՝ ազատ մարդիկ քիչ են ՀՀ-ում: Ազատ մարդ նշանակում է սեփական կյանքը, պատասխանատվությունը իր վրա վերցնող մարդ»:
Կարդացեք նաև
Թե որտեղ է տեսնում Սեյրան Օհանյանին՝ Վիգեն Խաչատրյանն ասաց, որ տեսնում է մյուսների մեջ. «Ճիշտն ասած, մի քիչ թերահավատ եմ, որ նա հաջողությունների կհասնի այս ընտրություններում: Դա հնարավոր է մի դեպքում, եթե աջակցություն կստանա այս իշխանություններից: Եթե բավարար աջակցություն չստացավ, հնարավոր չի այդ պարագայում հայտնվել խորհրդարանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ