Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հայրենիք կայացնենք, դուք ձեր էրեխեքին գրկած՝ գաք էստեղ քեֆեր անեք, թողնեք, գնա՞ք». Շիրակի մարզպետ

Դեկտեմբեր 23,2016 20:21

Այսօր Aravot.am-ը Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե իր պաշտոնավարման 10 ամիսների ընթացքում փորձե՞լ է արտերկրի հեղինակավոր դաշնակցականներին հորդորել օգնել Գյումրիին ներդրողների հարցով. ուղղորդեն գործարարներին՝ գան բիզնես դնեն, գյումրեցիներն էլ հարկադրված չգնան դրսերում աշխատանք փնտրեն:

«Ես միշտ մտածել եմ, որ բիզնեսը չունի կուսակցական պատկանելություն, բիզնեսն ունի իր կանոնները՝ անկախ նրանից, այն իրականացնում է հանրապետականը, դաշնակցականը, բարգավաճը, թե՞ մյուսը: Բայց ես համաձայն եմ ձեր հետ մի բանում, ոնց որ հայրենիքի պաշտպանությունն է, մարդիկ գնում են կամավոր՝ գիտակցելով, որ կարող է չվերադառնան, այնպես էլ բիզնեսն է, բիզնեսն էլ ունի իր ռիսկայնությունը:

Միշտ հորդորել եմ մեր հայրենակիցներին՝ անկախ կուսակցական պատկանելությունից, գալ հայրենիք. չէ՞ որ աշխարհի որ մասում էլ իրենք ձեռներեցությամբ զբաղվեն, միևնույնն է դա ունի ռիսկայնության չափ: Տարիներ առաջ ո՞վ էր պատկերացնում, որ մեր մեծահարուստ հայերը կարող է Սիրիայում կամ Իրաքում խնդիր ունենային, բայց ունեցան չէ՞… Ես միշտ մտածում եմ, որ հայրենասիրությունը պետք է փորձենք բիզնեսի մեջ օգտագործել, եթե ինչ-որ մի տեղ եկամտաբերությունը չպիտի լինի այն աստիճանի, թող լինի մի քիչ ավելի քիչ, բայց գոնե իրենց հայրենիքի համար կարողանան ծառայել:

Իհարկե, ես ձեր ասած հարցը բարձրացրել եմ, քննարկվում է: Մենք նաև պիտի փորձենք հասկանալ, այսօր մարդը կարող է գալ, ցանկություն ունենալ բիզնես ներդնել, բայց իրենց ունեցած բիզնեսը մեր պայմաններին հարմար չլինի:

Արհեստականորեն չպիտի բերվի, բիզնեսը դրվի: Տարիներ առաջ ի՞նչ էին անում, բերում, արհեստականորեն դրվում էր, այդ բիզնեսը բիզնեսի կանոններով աշխատող չէր, արդյունքում վերանում էր, ու սկսում էին հայհոյել պետությանը, ժողովրդին, թե գնացինք, մեզ գցեցին: Չի կարելի այդպես, բիզնեսը իր կանոններով պիտի աշխատի, մենք պետք է հեռանանք շատ բաներից, հստակ պայմանավորվենք, ասենք բիզնեսը սա է, ես կարող եմ այսքան զիջումների գնալ, դրանից այն կողմ չեմ կարող:

Շատ խնդիրներ մենք դնում ենք անձերի վրա, բիզնեսը նույնպես անձերով ենք պայմանավորում, եթե անձը չկա, իր դրած բիզնեսը գոյություն չունի: Բայց նման բան չի կարող լինել, ընդամենը մի օրինակ բերեմ, էսօր աշխարհին որ հարցնեք «Մերսեդեսի» տերը ո՞վ է, ոչ մեկը չի կարող ասել, թե ո՞վ է սեփականատերը, ովքեր որ բաժնետոմսեր ունեն, իրենց չի էլ հետաքրքրում, իրենք շատ լավ ապրում են: Իսկ մեզ մոտ ոչ թե ասում ենք այս արտադրությունն ունենք, առաջինն ասում ենք՝ այս մարդու բիզնեսը: Տիրոջ անունն ենք տալիս, նոր տիրոջից բխող բիզնեսի մասին ենք խոսում: Մենք պիտի փորձենք արդեն իրականության մեջ հայտնվել»,- ասաց մարզպետը:

Մեր հարցին՝ կա՞ որևէ մեկը, որ գա, ձեզ ասի պատրաստ եմ Գյումրիում բիզնես դնել, Հովսեփ Սիմոնյանը պատասխանեց, որ շատ մարդիկ կան, պարզապես չի ուզում ժամանակից առաջ ընկնել ու նրանց անունները հրապարակել: Շիրակի մարզպետի համոզմամբ, Հայաստանն այլևս խիստ ռիսկային չէ բիզնես դնելու առումով, կառավարությունը նոր մոտեցում է մշակել, որով հնարավորություն է տալիս գործարարին:

«Եթե որևէ մեկը չկամություն է ցուցաբերում, ուզում է մեծ եկամուտներով աշխատել, չի ուզում հայրենիքում բիզնես դնել, ինքը պատճառ պիտի բռնի կառավարությանը, հայհոյի, ասի՝ ինձ քցում են: Երբ որ մենք խորանում ենք շատ հարցերի մեջ, իհարկե, եղել են բյուրոկրատական քաշքշուկներ, բայց այդ ժամանակներն անցել են, ու շատ ժամանակ մարդիկ իրենց գործողությունները փորձում են արդարացնել պետությանը, սեփական ժողովրդին վարկաբեկելու միջոցով:

Դա ճիշտ չէ, ու դա լուրջ ազդեցություն ունեցավ հետագա ներդրողների հայրենիք ուղղորդվելու հետ կապված: Հիշում եք մի բում եղավ, երբ ասենք Ամերիկա գնացողը գնաց, նստեց, հեռուսատեսությամբ սկսեց էս քաղաքն ու հանրապետությունը հայհոյել, վարկաբեկել: Պիտի հասկանան իրենց արարքի վնասը հայրենիքին: Խոշորներն էլ , որ միշտ մտածում էին, թե իրենք երբևիցե պրոբլեմ չեն ունենա, երբ որ մանր ու միջինը չկա, արդյունքում գալիս է իրենց վերանալու հերթը: Այսօր արդեն բոլոր հասկացել են, որ ամեն ինչ պիտի լինի բնականոն:

Հիմա, իհարկե, լուրջ հանձնարարականներ ունենք, վարչապետը եկավ, հրապարակայնորեն հայտարարեց, թե ովքեր որ ցանկություն ու ներդրումային ծրագրեր ունեն, որոնք իրատեսական են: Պետությունը պատրաստ է աջակցելու, բոլոր պայմանները ստեղծելու, որպեսզի մարդիկ կարողանան աշխատատեղեր ստեղծեն: Ես մեկ անգամ ևս հորդորում եմ ձեռներեցներին, որ ժամ առաջ գան իրենց քաղաքը, մարզը, փորձեն ինչ-որ մի փոքր հնարավորություն ստեղծել աշխատատեղերի առումով, որովհետև հեռվից հայրենիքը սիրել էնքան էլ ճիշտ չէ: Ես մտածում եմ, հայրենիքը ներսից պիտի սիրես:

Մենք միշտ խոսում ենք արտագաղթից, բայց չեն արտագաղթել նպաստառուները, գնացել են մարդիկ, որոնք որ զբաղվել են ձեռներեցությամբ, գնացել են մարդիկ, որոնք որ ի վիճակի են աշխատելու, աշխատանքի ընդունակություն չունեցող մարդը դուրս չի գնա, հայրենիքում ենք մենք իրեն պահում: Էս քաղաքի ձեռներեցներն են հեռացել, բայց այդ մարդիկ պիտի հասկանան, որ իրենց վերադարձի ժամանակն է, բա հայրենասիրությունը որտե՞ղ է…

Ո՞նց ենք մենք պատկերացնում հայրենասիրությունը՝ հայրենիքը կայացնենք, ամեն ինչ լավ լինի, իրենք իրենց երեխաներին գրկեն գան, էստեղ քեֆեր անեն, թողնեն գնա՞ն, դրանով էլ համարեն, որ հայրենիքը սիրո՞ւմ են: Ես նորից եմ կրկնում՝ հայրենիքում արտադրություն կազմակերպելը ես նմանեցնում եմ հայրենի սահմանների պաշտպանությանը, հայրենիքի համար պատերազմ տալուն: Այո, կա ռիսկայնություն, իսկ աշխարհի որ երկրում չկա՞ այդ ռիսկայնությունը, բայց եթե այսօր կառավարության ղեկավարը հայտարարում է, որ ազատ եք, եկեք, տալու ենք բոլոր հնարավորությունները, ի՞նչ եք ուզում, եկեք, տանք, վստահեք, հավատացեք»,- ասում է Հովսեփ Սիմոնյանը:

Մարզպետի հետ ամբողջական հարցազրույցը «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ս.Ֆ. says:

    Հարցազրույցը կեսից էլ չկարողացա կարդալ սրա ՞մտքերը՞, կարդալու բան չկա, իրեն դրել է քաղաքական գործչի տեղ, տո յուսուֆ, հըլը քեզ թորթոփ էրա

  2. Aram says:

    Դուք, դաշնակցականներդ, ՀՀԿ կոչվածի հետ ձեռք ձեռքի տված ոչ թե հայրենիք եք կայացնում, այլ ճիշտ հակառակը՝ խոչնդոտում եք նրա կայացմանը:

  3. Aram says:

    Քեֆեր անելով ու թողնել գնալով այդ մարդիկ ավելի օգուտ են տալիս երկրին քան դուք: Դրանով գոնե տեղական բիզնեսները դրամ են վաստակում:

  4. Օնիկ says:

    Նունե ջան երանի համբերությանդ,որ այս պատահականության վրա ժամանակ ես վատնում

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031