Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ընտրել 10 լավագույն մարզիկներին

Դեկտեմբեր 23,2016 16:57

Ամեն տարեվերջին, երբ գալիս է Հայաստանի 10 լավագույն մարզիկներին որոշելու պահը, կրքերը բորբոքվում են ու սկսվում են հակառակ տեսակետների բախումները, փոխադարձ քննադատություններն ու մեղադրանքները: Պատճառները հասկանալի են, դժգոհությունները՝ բնական:

Լավագույն տասնյակը ամբողջ աշխարհում որոշում են մարզական լրագրողները: Հայաստանում այդ ավանդույթի հիմքը դրվել է դեռ 1950-ական թվականներին: Սահմանված են որոշակի սկզբունքներ ու չափորոշիչներ, որոնք ինքնանպատակ չեն: Բայց ինչ էլ անես, բոլորի ցանկությունները միաժամանակ բավարարել հնարավոր չէ: Միշտ էլ եղել ու լինելու են սուբյեկտիվ, մեկը մյուսին բացառող մոտեցումներ: Օրինակ, տարի է եղել, որ մեր գործընկերներից մեկը իր տարբերակում նշել է գերազանցապես իր համաքաղաքացի մարզիկների անունները, անկախ այն բանից, թե այդ տարի նրանք արժանահիշատակ ինչ արդյունքներ են ցույց տվել: Սկզբունքներն ու չափորոշիչները սահմանված են խառնաշփոթից խուսափելու համար:

Տասնյակի ընտրության տարբերակին կողմ ու դեմ «բանակները» իրենց տեսակետների բազմաթիվ հիմնավորումներ են բերում: Ու երկուսում էլ ճշմարտացիության ու արդարացիության հատիկ կա: Կանոնակարգի պարտադիր պահանջներից մեկը Հայաստանի դրոշի ներքո օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հաղթողներին ու մեդալակիրներին նախապատվություն տալն է՝ միանգամայն ընդունելի չափորոշիչ, բայց իմ տեսանկյունով՝ թերի:

Օրինակ, Հայաստանը այսօր եւ տեսանելի ապագայում խաղային մարզաձեւերում դժվար թե այդպիսի արդյունքների հասնի, որքան էլ թիմային մարզաձեւերում Հենրիխ Մխիթարյանի նման մարզիկ ունենանք:

Հետեւաբար, իմ համոզմամբ, կանոնակարգում լրացում պետք է կատարել՝ մի տող ավելացնելով, որով հնարավորություն կտրվի լավագույն տասնյակի թեկնածուների ցուցակում ընդգրկել խաղային մարզաձեւերի այն ներկայացուցիչներին, որոնք թեեւ Հայաստանի դրոշի ներքո ակնառու մարզական նվաճումների չեն հասել, սակայն միջազգային ամենահեղինակավոր ասպարեզներում բարձր են պահում Հայաստանի մարզական դրոշի պատիվը: Այս առաջարկն, անձնավորված չէ ու հատկապես Մխիթարյանի համար չէ: Հենրիխը խաղային մարզաձեւի ներկայացուցիչ մեր այն բացառիկ մարզիկն է, որն արժանի է ամեն տեսակի մեծարման:

Տա Աստված, որ այսուհետեւ նույն ֆուտբոլում եւ խաղային մյուս մարզաձեւերում էլ Հենրիխ Մխիթարյաններ ունենանք ու նրանք իրենց արժանի տեղն զբաղեցնեն տարվա լավագույն մարզիկների ցուցակում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031