Գագիկ Մինասյանի կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը անում է ամեն ինչ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար
ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը դեկտեմբերի 23-ին «Փաստարկ» մամուլի ակումբում անդրադարձավ ՀԱԿ համագումարի ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին:
«Իր առաջին մոտեցումը կայանում է նրանում, որ կարծես թե փոխզիջման գնալու ճանապարհին կոչ է անում, որ հայկական կողմը լինի առաջնամարտիկ: Արտասահմանյան ընթերցողի տպավորությունը այնպիսին կլինի, որ ադրբեջանցիները կամ Ադրբեջանի նախագահը, որի մասին շռայլ գովեստով է խոսում նաեւ պարոն Տեր-Պետրոսյանը, անում է ամեն ինչ, որ այս խնդիրը խաղաղ կարգավորվի եւ հենց հայկական կողմն է, որ մերժում է այս խաղաղ կարգավորման հնարավորությունը: Իրականությունը ճիշտ հակառակն է: Եվ ճիշտ հակառակն է ոչ միայն հայկական կողմի գնահատմամբ, այլ միջազգային հանրության գնահատմամբ: Սա չնկատել հնարավոր չէ: Գնահատականը կարծես թե գլխիվայր է շուռ տված»,- ասաց պատգամավորը:
Գագիկ Մինասյանը առանձնացրեց նաեւ այն հատվածը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ խնդրի կարգավորման փուլային մակարդակից բացի, այլ տարբերակ չկա: Ըստ նրա, դա չափազանց վտանգավոր եւ անընդունելի մոտեցում է. «Սկզբունքորեն իրականությանը չհամապատասխանող իրավիճակ, որովհետեւ ճիշտ հակառակը՝ վերջին մի քանի առաջարկները միայն փաթեթային են եղել: Եվ դա չտեսնելը, կարծում եմ, արդար չէ, որովհետեւ այդ առաջարկներում, սկսած՝ մադրիդյան առաջարկից, միշտ եղել է փաթեթ, որի վերջին կետը եղել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման հնարավորության իրականացումը, որը ամբողջականացնում է այդ փաթեթային լուծումը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ