«Անցնող տնտեսական տարվա հիմնական ուղենիշը պետք է գնահատվի որպես նախորդ ավելի կայուն եւ երկարատեւ զարգացումներ ապահովելու տարին, որտեղ դրվում են հիմնաքարեր»,- դեկտեմբերի 23-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին ասաց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նա նշեց, որ 2016 թվականի ցուցանիշները միանշանակ չեն. «Մենք ունենք դրական դրսեւորումներ տնտեսական աճի առումով եւ նաեւ ոչ այնքան հաջող ցուցանիշներ: Եթե մենք խոսում ենք հաջող ցուցանիշների մասին, կարծում եմ, առաջին հերթին պետք է նշենք մեր արտահանման առաջանցիկ զարգացումը ներմուծման նկատմամբ: Եթե 11 ամիսների կտրվածքով մեր արտահանումը աճել է 21 տոկոսով, մոտավորապես նույն ժամանակաշրջանի համեմատ, ապա ներմուծումը աճել է ընդամենը 2 տոկոսով: Տարիներ առաջ արտահանումը 3 անգամ ավելի փոքր էր, քան ներմուծումը, վերջին տարիների զարգացումների արդյունքում էականորեն փոխվել է այս ցուցանիշը եւ այսօր նույնիսկ 2 անգամից ավելի փոքր է»:
Գագիկ Մինասյանը առանձնացրեց նաեւ գնաճի ցածր մակարդակը. «Եթե մենք խոսում ենք նոյեմբերի մասին, մենք ունենք 0.6-ի գնանկում, այսինքն՝ սպառողական ապրանքները 0.6 տոկոսով նոյեմբերի նկատմամբ անկում են ունեցել: Առաջին 11 ամիսները համեմատում ենք նախորդ տարվա 11 ամիսների հետ, ապա այստեղ գնանկումը էլ ավելի մեծ է՝ 1.4 տոկոս: Սակայն այստեղ պետք է անդրադառնալ այն հանգամանքին, որ սպառողական գների ինդեքսը եւ դեֆլյատորը պետք է շաղկապված լինեն, եւ եթե դեֆլյատորը ավելի փոքր է, ապա դա բերում է նրան, որ կանխատեսված գումարները չեն գնում դեպի պետական բյուջեի եկամտային մաս»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ