Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարույթն իրականացնող մարմինը շտապողականություն է ցուցաբերել». դատախազի որոշմամբ՝ օձի խայթոցի հետևանքով «Էրեբունի» բժշական կենտրոնում մահացած 54-ամյա կնոջ գործն ուղարկվել է նախաքննության

Դեկտեմբեր 23,2016 15:34

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել 2015 թ. օգոստոսի 17-ին օձի խայթոցի հետևանքով «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն տեղափոխված և օրեր անց «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած Արարատի մարզի Սուրենավան գյուղի 54-ամյա բնակիչ Կարինե Հարությունյանի գործով:

Դեռևս 2015 թ. օգոստոսի 31-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել մահացածի որդին՝ Գագիկ Թադևոսյանը, և հայտնել, որ Կարինե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Մղդեսյանի 2015թ. օգոստոսի 30-ի որոշմամբ մերժվել է: Կազմակերպության աջակցությամբ քննիչի վերոնշյալ որոշման բողոքարկման արդյունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով 2015 թ. նոյեմբերի 29-ին հարուցված քրեական գործը, սակայն, ամիսներ անց կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով: Դիրքորոշում հայտնելով, որ քրեական գործը կարճելու մասին որոշումը անհիմն է, կայացվել է դատավարական նորմերի խախտմամբ, և կատարվել է թերի քննություն՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը Դատախազություն ներկայացված իր բողոքով պահանջել է վերացնել քրեական գործը կարճելու և «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի բժիշկ Մհեր Համբարչյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը: Բողոքով հիմնավորումներ են ներկայացվել նաև այն մասին, որ չնայած քրեական գործի շրջանակում տուժող կողմի միջնորդությունը բավարարելուն՝ միջնորդությամբ փորձագետին առաջադրված հարցերը անպատասխան են մնացել, իսկ տուժող կողմի մասնակցությունը փորձաքննությանը, առանց իրավական հիմնավորման, չի ապահովվել:

Դա այն դեպքում, երբ փորձաքննությանը տուժող կողմի հասկացությունը, այն էլ նրա կողմից ներկայացված միջնորդության բավարարման դեպքում, տուժողի դատավարական իրավունքն է, և փորձագետը տվյալ դեպքում որևէ իրավական հիմք չունի չապահովելու տուժող կողմի մասնակցությունը փորձաքննությանը: Բացի դրանից՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին՝ դրանում նշված չեն կատարված հետազոտությունների տեսակները, մեթոդները, օգտագործված գրականության ցանկը: ՀՀ Դատախազության Երևան քաղաքի դատախազի 2016 թ. դեկտեմբերի 6-ի որոշմամբ տուժող կողմի բողոքը բավարարվել է, և արձանագրվել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից շտապողականություն է ցուցաբերվել, որի արդյունքում խախտվել են տուժողի իրավահաջորդի իրավունքները, իսկ կայացված որոշումը եղել է վաղաժամ: Այսպիսով՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին ավագ քննիչ Գ. Մղդեսյանի որոշումը վերացվել է և գործն ուղարկվել նախաքննության:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031