Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետբյուջեից ինչ-որ գումարներ են ծախսվում, մեզ վստահեցնում են՝ փոփոխություններ են արվում, բայց ոչ մի դրական տեղաշարժ»

Դեկտեմբեր 23,2016 14:57

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցն այսօր ասուլիսում բարձրաձայնեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող սարսափելի պայմանների, մթնոլորտի մասին:

Նրա պատմելով, իր պաշտպանյալ Հրաչյա Գեւորգյանը սայլակի վրա է գտնվում, չի կարողանում խոսել ու քայլել, այս տարվա սեպտեմբերի տասնվեցին էլ բռնության է ենթարկվել, կոտրել են քիթը, բայց մինչեւ հիմա այդ դեպքով մեղադրանք չի առաջադրվել. «Համոզում էին, որ վնասվածք չկա, ստիպեցինք տանել քաղաքացիական հիվանդանոց, որտեղ էլ հաստատեցին կոտրվածքը: Նրա վրա նաեւ հարձակվել են օպերները, ծեծի ենթարկել՝ ասելով՝ քո դիմումների համար է, որովհետեւ Հրաչյա Գեւորգյանը պարբերաբար բողոքներ է ուղղում տարբեր ատյանների, ծեծողներն ասել են, թե այնքան բողոք ես գրում, չենք կարողանում տուն հասնել»:

Տիկին Կարապետյանցի խոսքով, այնքան ահազանգ ինչքան ստացել են «Նուբարաշենից», չեն ստացել այլ ՔԿՀ-ներից. «Նուբարաշենում» ուրիշ բարքեր են»:

Փաստաբանը դժգոհեց նաեւ «Նուբարաշենի» գերբեռնված լինելու հանգամանքից. «Պատճառն այն է, որ դատավորները տեղի- անտեղի կալանք են նշանակում, չնայած դատավորներն էլ մեղք չունեն, երբ քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացնում, ու դատավորը մերժում է, իրեն սկսում են կաշառակերության մեջ կասկածել կամ այդ գործով հատուկ հետաքրքրություն ունենալու մեջ են մեղադրում: Դատավորներն էլ իրենց անվտանգությունից, իրենց աշխատանքով անհանգստացած՝ կալանք են նշանակում, մինչդեռ քրեակատարողական հիմնարկում մարդիկ հերթով են քնում, էլ չեմ ասում հիմնարկի պատերին ինչ քանակությամբ միջատներ են շրջագայում, անտանելի հոտը, ժամով ջրամատակարարումը»:

Փաստաբանը նաեւ հիշեցրեց, որ այդ քրեակատարողական հիմնարկում 2010 թվականին համալիր մոնիտորինգ էին արել, բայց դրանից հետո վիճակը միայն վատանում է. «Պետբյուջեից ինչ-որ գումարներ են ծախսվում, մեզ վստահեցնում են, որ փոփոխություններ են արվում, բայց ես, իմ գործընկերներն ու կալանավորները ոչ մի դրական տեղաշարժ չենք նկատում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031