Լրահոս
Օրվա լրահոսը

Պուշկինի 28-ը ոչ մի բանով չէր խանգարում, բայց որոշեցին քանդել. Ինչի համար է ափսոսում Նարեկ Սարգսյանը

Դեկտեմբեր 23,2016 14:07

Ըստ Նարեկ Սարգսյանի, երիտասարդները կտեսնեն Հյուսիսային պողոտան ու նրանց չի հետաքրքրի, թե ինչ է եղել այդտեղ նախկինում

Այսօր «Մեդիա կենտրոնում» տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում Արմեն Ամիրյանի այն մոտեցմանը, որ 100 տարեկան բոլոր շինությունները պետք է համարել պատմամշակութային արժեք՝ պատասխանեց. «Դա մշակույթի նախարարության մոտեցումն է, որպես քաղաքականության մաս, բայց կասկած չունեմ, որ երբ սկսվեն քննարկումները, այդպես միանշանակ չի կարող լինել այդ հարցի լուծումը: Չի կարող այդպես լինել, որ 100 տարի ցանկացած շինություն մնա: Յուրաքանչյուր շենքի հարցը լուծվում է՝ ելնելով նրա ճարտարապետական, պատմական արժեքից, շինարարական արժեքից, տվյալ քաղաքաշինական միջավայրում իր դիրքից կամ տեղից»:

Հարցին՝ մինչ օրս Երեւանում քննադատվող գրեթե բոլոր կառուցապատումները կապվում են ձեր անվան հետ, դա ինչո՞վ եք բացատրում՝ Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ քննադատում են նրան, ումից պահանջում են: Ըստ նրա, քննադատությունների գերակշիռ մասը չի համապատասխանում իրականությանը, սուտ են:

Նա ասաց, որ Երեւանի ցանկացած հատվածի կառուցապատման վերաբերյալ ինքը միշտ իր առանձին դիրքորոշումն է ունեցել ու չի թաքցրել: Նա վստահեցրեց, որ ինքը երբեք իր որոշումները չի փորձել գցել ուրիշի վրա. «Հյուսիսային պողոտան էլ ժամանակի ընթացքում եւ մինչեւ հիմա դեռ բազմաթիվ ընդդիմախոսներ ունի: Բայց ես միշտ ասել եմ, որ եթե այդ ծրագիրը չիրականացվեր, Երեւանի կենտրոնում կմնար այդ չարորակ ուռուցքը, որը մետաստազներ էր տալու»:

Նա ասաց, որ Հյուսիսային պողոտայի սպառողը իրենք չեն, այլ երիտասարդները: Ըստ Նարեկ Սարգսյանի, երիտասարդները կծնվեն եւ կտեսնեն Հյուսիսային պողոտան ու նրանց չի հետաքրքրի, թե ինչ է եղել այդտեղ նախկինում ու ինչ կարծիքներ են եղել:

Հարցին՝ կա՞ որեւէ որոշում, որի համար դուք ափսոսում եք՝ հատկապես Հին Երեւանի հետ կապված՝ Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ Հյուսիսային պողոտայում կար ընդամենը 3 հուշարձան, երեքն էլ վերակառուցվեցին: Գլխավոր պողոտայում կային շենքեր, որոնք ապամոնտաժվեցին, պահպանված են եւ սպասում են, որ վերակառուցվեն Հին Երեւան ծրագրում. «Եթե իմ մասին են խոսում, ասում են՝ 19, 20 շենքեր եւ վերագրում են ինձ, ես չեմ աշխատել 2004-2011-ին. ու չեմ ունեցել պատասխանատվություն: Եթե գնահատեմ, թե դա ճի՞շտ որոշում էր, կոնկրետ դեպքեր գիտեմ, որ դա պետք չէր քանդել, Աֆրիկյանների շենքը պատճառ ուներ տեղափոխվելու, բայց, օրինակ, Պուշկինի 28-ը Հյուսիսային պողոտայի հատվածում մեր նախագծով այն պետք է պահպանվեր, չէր խանգարում որեւիցե բանով, բայց հեղինակները որոշեցին, որ դա պետք է ապամոնտաժվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031