Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի (ՇԱԻԲ) մարտիկները դեկտեմբերի 23-ին իրականացրեցին հերթական հատուկ մասնագիտացված պլանային ուսումնավարժանք:
Ծրագրով Բերձոր քաղաքի մոտակայքում մեքենա էր գլորվել ճանապարհամերձ ձորակը, և անհրաժեշտ է օգնություն: Ստանալով լուրը՝ ՇԱԻԲ մարտիկները՝ 1 մարտական հաշվարկ, բաժնի պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանի գլխավորությամբ շտապեցին դեպքի վայր:
Վթարի մասին տեղեկացվեց նաև շրջանային ոստիկանություն և բուժմիավորում: Վթարի վայրում այրվում էր ձորը գլորված մեքենան, կար մեկ տուժած: Շուտով տեղ հասավ հրշեջ մեքենան, և տղաները սկսեցին հրդեհի մարումը:
Տեղ հասան նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, բժիշկները: Ձորակից դուրս բերեցին վիրավոր վարորդին՝ իհարկե, ցուցաբերելով առաջին բուժօգնությունը և շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Կարդացեք նաև
Չնայած զառիթափ ու սառած տեղանքին՝ հրշեջների լավ աշխատանքի արդյունքում մարվեց հրդեհը, դուրս բերվեց վիրավորը: ՇԱԻԲ բաժնի աշխատակիցները կատարեցին իրենց աշխատանքը և վերադարձան հիմնական տեղակայման վայր:
Միջադեպն ընդամենը հատուկ մասնագիտացված ուսումնավարժանք էր, և իրականում չկար տուժած ու այրվող մեքենա: ՇԱԻԲ պետ Ք. Մովսեսյանը տեղեկացրեց, որ նույն ժամին նման վարժանքներ կայացան նաև շրջանի ԱԻԲ հարավային հենակետերում՝ Կովսական քաղաքում և Տիգրանավան-Ուռեկան գյուղերում:
Շրջանի արտակարգ իրավիճակների բաժնում ընդհանուր աշխատում են 36 հոգի, ովքեր մշտապես իրենց կարևոր աշխատանքն են կատարում: Ք. Մովսեսյանը տեղեկացրեց նաև, որ 2016-ին համեմատաբար անցած տարիներին արտակարգ դեպքեր շրջանում քիչ են եղել; Սակայն ապրիլյան պատերազմական իրադարձությունների ժամանակ բաժնի գրեթե ողջ անձնակազմը՝ պետի գլխավորությամբ հերթափոխով մեկնել է առաջնագիծ ու աջակից եղել բանակին:
Ամռանը՝ հացահատիկի բերքահավաքի ժամանակ, մեծանում է հրդեհների հավանականությունը, անցած տարի թե հրշեջները, և թե հարյուրավոր կամավորականներ անընդհատ պայքարում էին հրդեհների դեմ: Յուրաքանչյուր տարի՝ այս օրերին, ցանքատարածքներում իրականացվում է օպերատիվ հերթապահություն, և 4-5 հրշեջ կետերում բաժնի մարտիկներն են: Նույն շոգ օրերին հրդեհներ են բռնվում նաև հանդերում ու անտառներում:
Շրջանի աշխարհագրական դիրքի նման պայմաններում, հատկապես ձմռանը, երբ ճանապարհներին առկա է մերկասառույց, ավտովթարների հավանականությունը մեծանում է, և նման դեպքերում առաջինն օգնության է հասնում փրկարար ծառայությունը, ուստի նման վարժանքներն անհրաժեշտություն են:
Մի քանի օրից տարեմուտ է, և ՇԱԻԲ աշխատակիցները մաղթեցին, որ 2017-ը լինի խաղաղության և բերքի առատության տարի, իրենք էլ ավելի շատ ուսումնավարժանքներ իրականացնեն:
Զոհրաբ Ըռքոյան