Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչն է Նարեկ Սարգսյանը ներկայացնում որպես ձեռքբերում

Դեկտեմբեր 23,2016 13:43

Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում որպես ձեռքբերում նշեց այն, որ շինարարները երկար տարիներ դաշտից դուրս էին, բայց լուծվեց նրանց վաստակավոր կոչում տալու հարցը օրենքով: Մինչդեռ, հիշեցնենք, որ օրենքը ԱԺ-ում ներկայացնելիս Նարեկ Սարգսյանն ասաց, թե ինքը ճարահատյալ է եկել, քանի որ շինարարները պահանջում են իրենց էլ տալ վաստակավորի կոչում ու ինքը չգիտի՝ ինչ պատասխանի նրանց: Նա պատգամավորներին ասում էր, որ անհարմար իրավիճակի մեջ է ընկել, որովհետեւ ինքն էլ կոչումների վերաբերյալ ունի իր անձնական կարծիքը:  Իսկ այսօր ամփոփելով տարին՝ դա նշում է՝ որպես իրենց ձեռքբերում:

Հարցին՝ կառավարության նիստում խոստացել էիք ներդրումային ծրագրերի ցուցակ, կարո՞ղ եք մի քանի խոշոր ծրագիր ներկայացնել՝ Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ 2017-ի համար շատ մեծ սպասումներ ունեն, որովհետեւ շարժ է նկատվում: Ընդհանուր ներդրումային արժեքը պակաս չի լինի 500 մլն դոլարից: Գլխավոր ծրագրերից մեկը Ֆիրդուսի թաղամասն է, Հին Երեւանը:

Նարեկ Սարգսյանն ասաց, որ կիսակառույցների հարցում խնդիրներ ունեն. «Սեւան» հյուրանոցի հատվածը կա, Երիտասարդական պալատ, դրանք: Վարչապետը հիմա անձամբ է զբաղվում, որ «Գույքահարկի» մասին օրենքում փոփոխություն մտնի, պրոգրեսիվ հարկեր լինեն, որ բոլոր նրանք, ովքեր չեն կառուցում, կամ ստիպված լինեն վաճառել, կամ կառուցել:

Նարեկ Սարգսյանն ասաց, որ Ֆիրդուսի թաղամասում լուրջ աշխատանքներ են տարվել. «Մոտ 40 տոկոսի վրա նախագծային աշխատանքներ են կատարվում, ներդրող կա եւ վստահություն ունեք, որ այդտեղ 2017-ը կլինի բեկումնային: Հյուսիսային պողոտայում դեռեւս մոտ 100 մլն դոլարի շինաշխատանքներ են կատարվելու»:

Հարցին՝ ասել էիք, որ 2016-ին ամբողջ թափով մեկնարկելու է Հին Երեւանի շինարարությունը, ի՞նչն է խնդիրը, որ իրացման գործընթացը առաջ չի գնում՝ Նարեկ Սարգսյանը չհամաձայնեց՝ ասելով, որ իրացման գործընթացն առաջ է գնում, բայց դեռեւս աչքով տեսանելի չէ: Հին Երեւանի տարածքի շուրջ 70 տոկոսն իրացված է: Հիմա նախապատրաստական աշխատանքներ են կատարվում: Մի հատվածի վրա շինարարությունը հիմա իրականանում է: Նախագծային մասը հավանաբար կավարտեն մայիսին: Հին Երեւանում ամբողջապես կվերակառուցվի Աֆրիկյանների շենքը, նաեւ Արամ Մանուկյանի շենքի վերաբերյալ կան բազմաթիվ հարցեր: Այդ շենքը այս պահին ուժեղ վթարային վիճակում է, այն կպահպանվի, ինչ վերաբերում է թանգարանային մասին, կարծում եմ, կառավարությունը ներդրողին կներկայացնի եւ կասկած չունեմ, որ կընդառաջի եւ շենքի մի հատվածը կդառնա թանգարան, դա ճիշտ լուծում կլինի»:

«Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված Նարեկ Սարգսյանն ասաց, որ քաղաքաշինության նախարարությունն իր հստակ տեսակետը հայտնել է, որ օդանավակայանը բաղկացած է 5 հիմնական էլեմենտներից, 3-ը բնորոշում են տվյալ շենքի արժեքը, դա փոքր եւ մեծ կլոր հատվածներն են եւ աշտարակային հատվածը: Երկու էլեմենտները արժեք չեն ձեւավորում, դրանք կարող են փոխել: Նարեկ Սարգսյանն ասաց, որ այդ դիրքորոշումը պահպանելու են. «Վստահ եմ, որ կպահպանվի «Զվարթնոց» օդանավակայանը: Մենք էլ ենք պաշտպանում այն տեսակետը, որ պատմության խոշոր եւ տվյալ ժամանակաշրջանը բնորոշող շինությունները չեն կարող վերանալ եւ ամբողջապես ձեւափոխվել: Կարող են հարմարվել, բայց՝ պահպանելով այն արժեքը, որը մենք ստացել ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031