«Այս տարի կարողացանք արժանի հակահարված տալ եւ հաղթահարել ապրիլյան պատերազմում»,- դեկտեմբերի 23-ին, ամփոփելով տարին, ասաց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա նշեց, որ դրանով Հայաստանը ցույց տվեց տարածաշրջանային երկրներին, որ ինքը որպես ռազմական միավոր բավական հզորացել է եւ պետք է իր հետ հաշվի նստել. «Համոզված եմ, որ սա աշխարհաքաղաքական առումով կարեւոր արդյունք էր: Մյուս կողմից կարեւոր հանգամանք պետք է համարել այն, որ կարծես թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը արդեն հասկանում է, որ հնարավոր չէ բանակցային գործընթացը Ղարաբաղի հարցի շուրջ շարունակել նախորդ փուլի հիմնական միտումները օգտագործելով: Պետք է դուրս գալ այդ հարթությունից, որը ստեղծվել էր նախորդ բանակցային գործընթացում»:
Ռուբեն Սաֆրաստյանը հավելեց, որ Մինսկի խմբի համանախագահները իրականացնելով միջնորդական առաքելություն վերջին տարիներին աչք էին փակում բոլոր այն խախտումների եւ ագրեսիայի միտումների վրա, որ Ադրբեջանն էր ցուցաբերում. «Դա հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը դիմեց լայնածավալ ռազմական գործողությունների: Այսինքն՝ այդ բանակցային գործընթացի այն ձեւաչափը, որ ձեւավորվել է վերջին տարիներին, պետք է փոխել, սա ակնհայտ է: Ես կարծում եմ, որ սրա մասին մեր արտաքին դիվանագիտությունը ոչ միայն հայտարարի, այլ պետք է լուրջ աշխատանք տարվի այս ձեւաչափը փոխելու համար: Այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահները պետք է շարունակեն միջնորդական գործունեությունը, բայց պետք է այդ միջնորդական գործունեության մեջ նոր տարրեր մտցնեն, որոնք կբացառեն Ադրբեջանի կողմից ագրեսիայի կրկնությունը: Սա կարեւոր խնդիր է, որը պետք է 2017 թվականի ընթացքում լուծվի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ