Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդն ընկել է ձորակը, քիթը կոտրել, դեռ մի բան էլ 30.000 դրամ տուգանել են». Արման Սուլեյմանյան

Դեկտեմբեր 23,2016 13:16

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները, ամփոփելով 2016-ը, եկել են այն եզրահանգման, որ պետք է փոխել պայքարի ռազմավարությունն ու ձևաչափը:

«Նոյյան տապան» մամուլի սրահում «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը հավաստիացրեց, թե այն հաղթանակները, որ քաղաքացիները գրանցում են 5, 10 կամ 20 հազարանոց տուգանքների բեկանման առումով, համակարգային խնդիր չեն լուծում: Նա մանրամասնեց. «Քաղաքացիները հաղթում են, տուգանքները բեկանվում, բայց ոչ մի դատարան առանցքային խնդիրներին չի անդրադառնում: Եթե հայցադիմումում գրված է, որ այս կամ այն օրենքը խախտվում է, դատարանն անտեսում է դա և միայն վճիռն է բեկանում: Մեզ պարզապես հաջողվում է հատուկենտ դեպքերում շահել գործը, բայց մեծ հաշվով համակարգը չի բուժվում: Դատական համակարգը շարունակում է տանիք կանգնել պետական մարմիններին՝ հատկապես ոստիկանությանը»:

Արման Սուլեյմանյանի համոզմամբ՝ իրենց նման շարժումները չեն կարող հաջողության հասնել, երբ դատարանները հրաժարվում են առանցքային կերպով քննել հայցերը: Նա օրինակ բերեց մի դեպք, երբ քաղաքացուն տուգանել են այն պատճառով, որ փողոցի մերկասառույցի պատճառով մեքենայով հայտնվել է ձորակում, կոտրել քիթը: Այս առիթով պարոն Սուլեյմանյանը վրդովվեց. «30 հազար տուգանել են անձին, երբ նրա մեղքը չկա: Բայց ոչ ոք հաշվի չի առնում այն, թե ինչո՞ւ պատշաճ ձևով չեն սպասարկվում ճանապարհները, լուսավորություն չկա: Այս ամենը դրվում է մի կողմ և մեղավոր է համարվում վարորդը»:

Արման Սուլեյմանյանը մտահոգություն հայտնեց նաև այն հարցով, որ ճանապարհային ոստիկանությունը տուգանում է վարորդներին, որոնք կայանել են կարմիր գծերի վրա, ու քաղաքացին չգիտի՝ ում դիմել՝ քաղաքապետարա՞ն, ոստիկանությո՞ւն: Նա շարունակեց. «Ոստիկանությունը ներողություն է խնդրում, հետո նույն մեքենայի վարորդին կրկին նույն բանի համար տուգանք է նշանակում»:

Ըստ Արման Սուլեյմանյանի՝ «բարդակն ու ամենաթողությունը մնացել են այն պարզ պատճառով, որ դատարաններն ամբողջ տարվա ընթացքում սկզբունքային հարցերը՝ օրենքի խախտումները, չեն դիտարկում, թեև հաճախ զիջում ու բեկանում են որոշումներ, բայց արատավոր երևույթները մնում են չլուծված»:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, թե համաներումն անխուսափելի է: Այնուհետև մտահոգություն հայտնեց. «Միլիոնների և հազարավոր դրամների հասնող տույժ ու տուգանքները մարդիկ ի վիճակի չեն մուծել: Այժմ գնդակը գտնվում է կառավարության դաշտում: Հենց իշխանությանն է ձեռնտու լուծել այս հարցը. համաներումն ուղղակի անխուսափելի իրողություն է»: Արսեն Պետրոսյանն արծարծեց մի շարք խնդիրներ, մասնավորապես ճանապարհային նշանների բացակայությունը, գծանշումների անհարկի, անընդհատ փոփոխությունները:

Նա վստահեցրեց, թե ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի այն հավաստիացումները, որ ծրագրերի և նամակների հետ կապված թյուրիմացություններ այլևս չեն լինի, չեն համապատասխանում իրականությանը: Նա ցույց տվեց մի նամակ, որում ԴԱՀԿ-ն նույն որոշումից երկու հատ է տեղադրել, որտեղ երևում է, որ հարկադիր ծառայողի ստորագրությունը նույն որոշման տակ երկու տարբեր ժամանակահատվածներում է դրված: Արսեն Պետրոսյանը մեկնաբանեց. «Եթե քաղաքացին միամիտ լինի, ուղղակի ամեն որոշման համար պետք է տուգանք վճարի: Ինչո՞ւ եք շարունակում նման բաներ անել»:

Նաև վստահեցրեց, որ ռուսական և այլ պետությունների համարանիշներով երթևեկողների խնդիրը ևս շարունակում է մնալ հրատապ: Նա առաջարկեց, որ կարմիր լույսի տակով նման համարանիշներով երթևեկող անձանց ճանապարհային ոստիկանությունը հենց փողոցում կանգնեցնի ու գանձի 50.000 դրամ տուգանքը, և տեղում արձանագրի խախտումը: Պարոն Պետրոսյանը փաստեց, որ չի լուծվել նաև «Սանիտեկի» աղբամանների տեղադրման խնդիրը, ինչի մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031