Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հարցին, թե որքանով էր օբյեկտիվ եւ ճիշտ վարչապետի որոշումը՝ քաղաքաշինության նախարարությունը կոմիտե դարձնելու եւ ինչ տվեց այն, պատասխանեց. «Հիմա եթե ես այդ հարցին անկեղծ պատասխանեմ, վաղը կոմիտեն էլ վարչություն կդարձնեն: Խնդիրը միշտ եղել է ՝ խորհրդային տարիներին, անկախության տարիներին բազմիցս եղել է կա՛մ կոմիտե, կա՛մ նախարարություն: Դրանից չեն փոխվում գործառույթները: Այնպես չի, որ նախարարություն է եղել, մենք ամեն ինչ արել ենք գերազանց, հիմա դարձանք կոմիտե, աշխարհը փուլ կգա»:
Նա ասաց, որ հատկապես շինարարական կորպուսի մարդկանց մոտ կա անբավարարության զգացողություն: Նարեկ Սարգսյանն ասաց, որ երկար տարիներ քաղաքաշինության նախարարությունն ընկալվել է որպես շինարարության նախարարություն, բայց ինքն ամեն ինչ արել է, որ այդպես չլինի, որովհետեւ քաղաքաշինությունը շինարարություն չէ. «Եթե պետք է լիներ շինարարություն, դրա համար նախարարություն պետք չի»:
Նախարարությունը կոմիտեի վերածելու ժամանակ ասում էին, որ մշակութային հուշարձանների պահպանությունն անցնելու է կոմիտեի ենթակայությանը: Բայց այդպես չեղավ, մնաց մշակույթի նախարարության ենթակայության տակ: Նարեկ Սարգսյանն ասաց, որ «այդտեղ տարաձայնություններ եղել են, կան ու միշտ կլինեն, թե հուշարձանների ոլորտը որ լիազոր մարդու դաշտում կլինի ավելի էֆեկտիվ եւ պաշտպանված»:
Ըստ Նարեկ Սարգսյանի, մեր հուշարձանները հիմնականում վատ վիճակում են. «Հին են, որեւիցե երկիր այդպիսի հին դարերի հուշարձաններ չունեն այդքան, ինչքան Հայաստանն ունի, նրանք կարիք ունեն ուժեղացման, պահպանման: Վերջապես ճարտարապետներն են, որ կառուցել են այդ հուշարձանները, չափագրել ենք, կառուցել ենք, եւ ասել որ ճարտարապետներն ավելի ագրեսիվ են հուշարձանների նկատմամբ՝ այդպես չէ»:
Կարդացեք նաև
Լրագրողների զարմանքին, որ որեւիցե երկիր այդքան հին հուշարձաններ չունի՞՝ Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ նկատի ունի այն, որ օրինակ, Ավանի տաճարը, որը Երեւանում է, շենքերով փակված, տուրիստական որեւէ ծրագրում չկա. «Գնացեք աշխարհում գտեք 5–րդ դարի կառույց, շատ դժվարությամբ կգտնեք, բայց ինքը հիմա վատ վիճակում է: Շինարարական մասը, ճարտարապետների դերը շատ ավելի մեծ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի