Երեկ Երեւանում կայացած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստի ժամանակ քննարկվել են նաեւ տնտեսական համագործակցությանը վերաբերվող հարցեր:
Մասնավորաբար, փաստվում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո, Հայաստանի արտահանման ծավալներն աճել են, ինչը տնտեսական ակտիվություն է ենթադրում նաեւ: Սակայն, ինչպես իրենց ելույթներում նշեցին հայաստանցի պատգամավորները ևս, հանրությունն այդ ակտիվությունը չի զգում:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողները Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցին`քննարկումներում եղել են առաջարկներ, որոնք արագ եւ դրական անդրադարձերի կբերեն, ինչպե՞ս են ռուս պատգամավորներն արձագանքել դրանց:
Արտակ Զաքարյանն ասաց, որ իրենք ահազանգեր են ունեցել բիզնես միջավայրից`ԵԱՏՄ շուկա մուտքի եւ ազատ գործակցության առումով: Դեռեւս կան չկարգավորված խնդիրներ, որոնք կասեցնում կամ դանդաղեցնում են բիզնես գործակցությունը: Երեկ այդ հարցերը քննարկվել են նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման նախարարի եւ ռուս խորհրդարանականների հանդիպման ժամանակ:
Կարդացեք նաև
Արտակ Զաքարյանը վստահեցնում է`վիճելի հարցերի շուրջ խոսել են, խոսել են բաց եւ անկաշկանդ, համապատասխան հետեւություններ արվել են, արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն: Բայց շատ արագ ամեն հարց լուծել, ընտ նրա, հնարավոր չէ: Հասկանում է, որ Հայաստան սոցիալ-տնտեսական իրավիճակում, մեր աշխարհագրական դիրքում պահանջվում են արագ լուծումներ, բայց այսօր ավելի շատ տեսական լուծումների մասին է խոսքը:
Նա նկատում է, որ հանձնաժողովների նախորդ հանդիպման ժամանակ անգամ հնարավոր քննարկվելիք հարցերի տեսլական չի եղել, բայց այսօր արդեն տեսական պատկերացումներ կան: Հույս ունի`վաղը դրանք ավելի իրական եւ առարկայական կդառնան, անգամ օրինակներ հնարավոր կլինի բերել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ