Տարվա մարզական արդյունքներով՝ հրապարակվեցին 2016 թվականի 10 լավագույն մարզիկների անունները։ Լավագույնների ընտրությունը կատարվում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիա կոչվող կազմակերպության կողմից։ Ֆեդերացիայի անդամ 35 մարզական լրագրող մասնակցել է հարցմանը, եւ ստացվել է հետեւյալ պատկերը. բնականաբար, լավագույն մարզիկ է ճանաչվել օլիմպիական խաղերի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։
Այս թեմայի շուրջ մենք 2015 թվականին զրուցել էինք այդ ֆեդերացիայի մի շարք լրագրողների հետ։ Լավագույնների ընտրությունը նրանք հետեւյալ կերպ էին բացատրում. առաջին հերթին հաշվի են առնում մարզիկի անհատական նվաճումները տարվա ընթացքում կայացած մրցաշարերում՝ ըստ մրցաշարի կարգի։ Այսինքն, առաջնահերթությունը տրվում է օլիմպիական չեմպիոններին ու մրցանակակիրներին, հետո՝ աշխարհի առաջնություն, Աշխարհի Գավաթ, հետո՝ Եվրոպայի առաջնություն։ Եվ քանի որ Մխիթարյանր ոչ աշխարհի չեմպիոն է, ոչ՝ Եվրոպայի, ոչ էլ գոնե «Ոսկե գնդակ» է ստացել, նշանակում է, որ նա ոչ մի մարզական արդյունքի չի հասել։ Հա, գոլեր է խփում, խաղում է հեղինակավոր ակումբներում, ճանաչվել է Գերմանիայի առաջնության լավագույն խաղացող, բայց դրանք էական արդյունքներ չեն։ Ու նաեւ շեշտում էին, թե բոլոր երկրներում են այս չափանիշներով ընտրում լավագույն մարզիկներին։
Սրա մեջ միգուցե տրամաբանություն կա, բայց լավագույններին ընտրելու այս ձեւաչափը հենց այս նույն մարզական ֆեդերացիայի կողմից բազմիցս խախտվել է։ Եթե նայենք նախորդ տարիների քվեարկության արդյունքներին, ապա հարց է առաջանում. ինչո՞ւ այն տարիներին, երբ Հայաստանի շախմատի հավաքականը օլիմպիական չեմպիոն դարձավ, նրա առաջատար Լեւոն Արոնյանը չճանաչվեց տարվա լավագույն հայ մարզիկ։ Օլիմպիական չեմպիոն է, չէ՞, դարձել, այն էլ՝ երեք անգամ։ Եվ նրա հետ մասին եւս 3 շախմատիստ։ Հետո՞ ինչ, որ շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է։ Դա «պրինցիպի» ընկնելու թեմա է՞։
Ենթադրում ենք, որ Հենրիխ Մխիթարյանին անտեսելու դեպքում էլ դեր են խաղացել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, նախարար Հրաչյա Ռոստոմյանի եւ ՀԱՕԿ-ի բարդ հարաբերությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:
Կարդացեք նաև
Լավ, սա էլ հեչ։ Համարենք, որ Մխիթարյանը Եվրոպայի չեմպիոն չի դարձել, դրա համար լավագույնների թվում տեղ չի ունեցել։
Փակեցինք աչքերը։ Բա Հռիփսիմե Խուրշուդյանին ինչի՞ եք 10 լավագույն մարզիկների թվում նշել։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում