«Մենք հասկանում ենք, որ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը քաղաքական, իրավական տեսանկյունից ընկալելի կարող է լինել, բայց հասարակության ընկալման տեսանկյունից՝ հոգեբանական խնդիր կա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նա եւ իր ռուսաստանցի գործընկեր Լեոնիդ Կալաշնիկովն ամփոփում էին երեկ Երեւանում կայացած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստի աշխատանքները:
Հիշեցնենք, նիստի ժամանակ քննարկվել են տնտեսական,`ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության հարցեր: «Եվ մենք, եւ ՌԴ մեր գործընկերները շահագրգիռ ենք այդ հարցում: Նաեւ փորձագետների մասնակցությամբ գնահատեցինք իրավական բացերը: Որոշակի խնդիրներ առաջադրվեցին երկու խորհրդարաններին` ուշադրության արժանացնելու եւ օրենսդրությունում համապատասխան շտկումներ կատարելու համար»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Նիստում անդրադարձ է եղել անվտանգության`ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցության խնդրիրներին: «Վեր հանվեցին մեր հասարակության եւ ռուս հանրության մոտ առկա խնդիրները »,- ասաց Արտակ Զաքարյանը`պարզաբանելով, որ անդրադարձ է կատարվել մասնավորաբար ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում`ՌԴ-ի դերին իբրեւ ՀՀ-ի դաշնակից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նիստի աշխատանքների ավարտին համատեղ հայտարարություն է ընդունվել, որում կետ կա նաեւ ԼՂՀ հարցի մասին: Մասնավորաբար, ԱրտաԿ Զաքարյանն ասաց, որ ԼՂՀ հարցում պատկերացումներում եւս մեկ անգամ ամրագրվել է հարցի խաղաղ կարգավորման այլընտրանք չունենալը`1994-95-ին կնքված հրադադարի համաձայնագրի հիմքով:
Ասաց նաեւ, որ երկու երկրների խորհրդարանականները անելու են ամեն ինչ, ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման թեզն առաջ տանելու համար: Քննարկվել են նաեւ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: «Արդյունավետ էին աշխատանքները, նիստն ավարտվեց նոր ի հայտ եկած խնդիրների լիարժեք ընկալմամբ, փոխադարձ համագործակցության հետագա եզրերի ուրվագծմամբ»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Լեոնիդ Կալաշնիկովն էլ նկատեց, որ ՌԴ-ում կարեւորում են ԱՊՀ եւ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը: Իր հավաստմամբ, դա փաստում է նաեւ այն, որ նոր Դումայում մի շարք հանձնաժողովներ կրճատվեցին, բայց այս հանձնաժողովը վերակազմավորվեց: «Եվ այն, որ մեր առաջին այցը Հայաստան է, փաստում է Հայաստանի` մեզ համար կարեւորության մասին: Մենք ռազմավարական գործընկերներ ենք նաեւ: Հանձնաժողովի բոլոր անդամները, բացառությամբ երկու անձի, Հայաստանում են»,- ասաց նա:
ԱՊՀ եւ ՀԱՊԿ-ի համատեղ հարթակներում ռուս պատգամավորի կարծիքով, զրույցները անկեղծ, մտերմիկ եւ անկաշկանդ են, անգամ ցավոտ հարցերի վերաբերյալ: Մինչդեռ, եվրոպական հարթակներում, նա կարծում է, որ փորձում են դասեր տալ, այն էլ մեր գումարներով. «Ի դեպ մենք գումարներ ենք վճարում, որպեսզի հսկա աշխատակազմ պահեն`հինգ հազար եվրոյից սկսած աշխատավարձով, շքեղ շենք-շինություններում նստեն եւ վերամբարձ խոսեն մեզ հետ»:
Լեոնիդ Կալաշնիկովն ասում է. «Հայ ազգը, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք այդքան էլ շատ ռազմավարական գործընկերներ չունենք եւ պետք է սա նկատի ունենանք»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ