Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. «Մենք ունենք միջին մակարդակի կրթություն» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2016 12:02

Դեկտեմբերի 23-ին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ամփոփեց տարին:

«Իբրեւ նախարար շնորհակալ եմ, հրապարակումների բացարձակ մեծամասնությունը կրթության համակարգի մտահոգությամբ է եղել»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ լրագրողներին այս ասուլիսին շատ չի ծանրաբեռնի թվերով, քանի որ մշտապես հանդես է եկել ասուլիսներով ու ներկայացրել ոլորտի հաջողություններն եւ խնդիրները:

Այնուամենայնիվ, ԿԳ նախարարը հավելեց, որ կրթական ոլորտի կարեւորագույն խնդիրների կարգավորման հիմնական վեկտորը հիմնականում ուղղված էր հասարակությանը մտահոգող ավագ դպրոցների բեռնաթափմանը եւ մագիստրոսական կրթության որակի բարելավմանը:

«Անկախությունից հետո մեր մեծագույն նվաճումն այն է, որ կրթական ժամացույցը հաջողվել է պահել անթերի»,-փաստեց նախարարը:

Պարոն Մկրտչյանը հավելեց, որ «Ազգային կրթակարգի» նախագիծն ավարտական փուլում է գտնվում, անդրադարձավ նաեւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Արարատյան բակալավրիատի կրթության գերազանցու­թյան ազգային ծրագրին, որի առաջին փուլը կմեկնարկի մարզային ավագ դպրոցներից:

Նախարարը նշեց, որ ստեղծվել է օտար լեզուների դասավանդման հայեցակարգի մշակման աշխատանքային խումբ` անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի, գերմաներենի ենթախմբերով: Հայեցակարգի մշակման նպատակն էլ հանրակրթական դպրոցների սովորողների օտար լեզուների տիրապետման մակարդակի բարձրացմանը նպաստելն է:

Նա անդրադարձավ դպրոցների քաղաքականացմանը, հանրակրթության որակին ու զարգացման ծրագրերին, շեշտեց, որ արդեն երրորդ փոխնախարարի հաստիք ունեն, որը պետք է զբաղվի զարգացման ծրագրերով: Ասաց նաեւ, որ միջին մասնագիտական կրթության համատեքստում համագործակցում են Եվրամիության հետ: Նախարարը խոսեց նաեւ միջին մասնագիտական կրթության եւ աշխատաշուկայի միջեւ եղած խզումի մասին:

Նա նաեւ հավելեց, որ ՀՀ-ում վերջապես պետք է ստեղծել մի վիճակ, որ մեր ուսանողներն ու դասախոսները կարողանան ազատ տեղաշարժվել, չնայած դա ամրագրված է Բոլոնյան համակարգով: «Մեր երկրի փոքրությունը հնարավորություն է տալիս Հայաստանում բարձագույն կրթությունը դիտարկել որպես մեկ միասնական կլաստեր»,-ասաց նախարարը: Խոսեց նաեւ բուհերի՝ ուսանողների վարձավճարներից կախումը աստիճանաբար բացառելու եւ ֆինանսական անկախություն ստեղծելու մասին:

«Մենք չենք կարողանում դպրոցների կառավարման համակարգում առաջացնել արմատական փոփոխություն,միշտ չի, որ տնօրեն է դառնում արժանավորը, երկրորդը դասագրքերի որակի հիմնախնդիրն է՝ չունենք մշակույթը դասագիրք գրելու, երրորդ հիմնախնդիրը հանրակրթության մեջ վերապատրաստումներն են, մյուսը մասնավոր համալսարանների որակի անկումն է»,- բացթողումները ընդհանուր այսպես ձեւակերպեց Լեւոն Մկրտչյանը:

Պատասխանելով հարցին`արդյոք կրթության ոլորտի վիճակն այնքան ծանր է, որքան տնտեսությանը, Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Մենք ունենք միջին մակարդակի կրթություն, սա եվրոպական չափանիշներով: Բոլոր երկրներում, եթե հասարակությունը չի դժգոհում կրթության ոլորտից, ուրեմն զարգացման հեռանկար չունի…Հարուստ երկրում կրթության նախարարությունը միայն որակի բարձրացման խնդիր ունի, մինչդեռ մեր նման երկրներում կրթության ոլորտի վրա սոցիալական պատասխանատվության խնդիր էլ է դրվում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031