Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում, բնականաբար, եղան, այսպես ասած, անարդյունք հանձնարարականներ, որոնք այդպես էլ մնացին օդում կախված։ Մասնավորապես սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ, երբ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նորանշանակ վարչապետին էր ներկայացրել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Նանման» ընկերությանը մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու եւ ոլորտին առնչվող խնդիրների հետ կապված հարցը, վարչապետի եւ նախկին նախարարի միջեւ առաջացել էր տարաձայնություն։
Արդյունքում նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանին ասել էր. «Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրանք իրանց ապահով զգան, որ որեւէ մեկն իրենց «չխոչընդոտի»։ Այս ամենից կարճ ժամանակ անց էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, եւ նախարար նշանակվեց Սուրեն Կարայանը։ Սակայն դրանից հետո, ըստ էության, ոչինչ չփոխվեց։
Կարայանին էլ մինչ օրս չի հաջողվել բռնել որեւէ գործարարի ձեռք եւ նրան օգնել լուծելու առկա խնդիրները։ Ավելին՝ այս ընթացքում փակվեց կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Աշտարակ կաթ» ընկերությունը։
Ամենաթարմ օրինակը ներկայացնենք։ «Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմել է «ՀՀ գլխավոր դատախազություն՝ Արարատի մարզի Քաղցրաշեն եւ Այգեզարդ գյուղերի բնակիչների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Կարդացեք նաև
Այսինքն՝ հայրենի նախարարները ըստ երեւույթին մտածել են, որ «գործարարների ձեռքը բռնելու» հանձնարարականը վերաբերում է միայն տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը, եւ որ իրենք հանգիստ կարող են ոչ միայն չբռնել գործարարի ձեռքը, այլեւ տանել նրան դեպի փակուղի։
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում