ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀԺ-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է ՀՀ-ում ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին։
– ԱՄՆ կառավարությունն աջակցություն է ցուցաբերելու Հայաստանի կառավարությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին նոր սարքավորումներ ձեռք բերելու համար։ Հայաստանում ձեռնարկվող քայլերից ԱՄՆ-ը տեսնո՞ւմ է այն քաղաքական կամքը, որպեսզի հաջորդ տարի ընտրություններն անցկացվեն իսկապես թափանցիկ, հավասար եւ մրցակցային պայմաններում։
– Սկզբում ուզում եմ ասել, թե ինչպիսի մեծ կարեւորություն ունեն ապրիլին կայանալիք ընտրությունները։ Որպես ՀՀ բարեկամ եւ դիտորդ լիովին համաձայն եմ նախագահ Սարգսյանի այն ձեւակերպման հետ, որ այս ընտրությունները վճռորոշ կլինեն Հայաստանի առաջիկա տասնամյա
ապագայի համար։ Շատ կարեւոր է, որ ընտրությունները լինեն ազատ եւ արդար, եւ շատ կարեւոր է, որ ՀՀ քաղաքացիները ընկալեն ընտրությունները հենց այդպիսին։
Կարդացեք նաև
Սա կարեւոր է նաեւ մեր հարաբերությունների համար։ Մենք վերջին 10-20 տարիների ընթացքում բավականին միջոցներ ենք հատկացրել Հայաստանում ժողովրդավարական կառավարման ձեւավորման ուղղությամբ։ Սա շատ կատետր է, քանի որ այդ ընտրությունները կլինեն այն առաջին դրվագը, որով ԱՄՆ նոր վարչակազմի ուշադրությանը կարժանանա Հայաստանը։
Առաջին լավ տպավորությունը շատ կարեւոր է մեր հետագա հարաբերությունների համար։ Եթե հասարակությունը չընդունի այդ ընտրությունները որպես ազատ եւ արդար, եթե մենք խախտումներ տեսնենք եւ ստիպված լինենք կրկին այնպիսի հայտարարությամբ հանդես գալ, ինչպիսին արեցինք 2015 թ, դեկտեմբերին, դա չի կարող ԱՄՆ նոր վարչակազմի հետ լավ հարաբերությունների սկիզբ ազդարարել։ Դրա հետ մեկտեղ ցանկանում եմ նշել, որ մենք պաշտպանում ենք այն համաձայնությունը, որ կայացել է ՀՀ կառավարության եւ մի շարք ընդդիմադիր կուսակցությունների միջեւ նոյեմբերին։ Դա կարեւոր է, քանի որ առաջին անգամն էր, երբ կառավարությունը, ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը միասին խոսում էին այն մասին, թե ինչ կարող են անել, որ ընտրություններն ավելի թափանցիկ եւ արժանահավատ լինեն հասարակության համար։ Կառավարությունը, ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունն ունեն պատասխանատվություն ընտրությունների մասով։ Նրանք համատեղ աշխատանքով եւ կառուցողական մոտեցումներով պետք է ապահովեն ընտրությունների անցկացումը։
Սակայն ուզում եմ հստակ ասել, որ այս համաձայնությունը չի կարող ազատ եւ արդար ընտրությունների անցկացման երաշխիք հանդիսանալ։ Այն կարող է օգնել թափանցիկության բարձրացմանը, կեղծիքների իրագործմանը խոչընդոտել, աջակցել դրանց բացահայտմանը, բայց եթե կառավարությունը չցանկանա, ապա ազատ եւ արդար ընտրություններն իրողություն չեն դառնա։ Բեռը կառավարության ուսերին է, որպեսզի չկատարվեն այնպիսի քայլեր, ինչում նախկինում իշխանությունների հասցեին մեղադրանքներ են հնչեցրել։ Դրանք են՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրսի կիրառում, պետական աշխատողների նկատմամբ սպառնալիքներ։ Դրանք չպետք է լինեն, որպեսզի հասարակությունն ընկալի ընտրությունները որպես բաց եւ թափանցիկ։
Հավասարապես կարեւոր է ազատ եւ անկախ մամուլի առկայությունը, որ չլինեն ճնշումներ, եւ լրատվամիջոցներն ազատ կարողանան տեսակետներ ներկայացնել։ Քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանա իր անելիքն անել, հասարակության ուշադրությունը գրավել տարբեր մտահոգիչ հարցերի վրա, քննադատել թեկնածուներին։
Իշխանության կողմից չպետք է լինեն գործողություններ, որոնք կսահմանափակեն քաղաքացիական հասարակության գործունեությունը։ Հայաստանն ունի ամուր քաղաքացիական հասարակություն, եւ յուրաքանչյուր հայ կարող է դրանով հպարտանալ։ Քաղաքացիական հասարակության թիրախում հայտնվում է կառավարությունը, հայտնվում ենք մենք, բայց չպետք է ձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք կսահմանափակեն նրանց կամ կնեղացնեն նրանց տիրույթը՝ հանգեցնելով մի իրավիճակի, ինչպիսին Ռուսաստանում է։ Այնտեղ սեղմված է քաղաքացիական հասարակության դաշտը, ֆինանսական աղբյուրների հնարավորություններն են սահմանափակ, եւ քաղաքացիական հասարակությանը որակում են որպես օտարերկրյա գործակալներ։ Այս ամենը չի կարող այստեղ տեղ ունենալ։
Վերջապես, ասեմ, որ այժմ ՀՀ կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների մեջ կա ցանկություն ազատ եւ արդար ընտրությունների ապահովման ուղղությամբ։ Կարծում եմ նրանք կգնան այդ ճանապարհով։ Արշալույս ՄՂԴԵՍՅՍՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում