Գալով Իրանի նախագահի այցին Հայաստան, դժվար է կռահել, թե բացի ֆոտոէֆեկտից այդ այցը գործնական ուրիշ ինչ էֆեկտ կունենա։ Որքան ես եմ ընկալում՝ սպորտի, զբոսաշրջության եւ արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցությունը չի կարող ոչ Հայաստանի, ոչ էլ Իրանի համար ուշագրավ գործնական նշանակություն ունենալ։ Նման նշանակություն պոտենցիալ առումով ունեն էներգետիկայի եւ հաղորդակցության ոլորտները։ Այցի մասին տեղեկատվությունից հասկացվեց, որ դրանց մասին Երեւանում խոսվել է, բայց չհասկացվեց, թե այդ խոսակցությունների կշիռն ու արդյունքն ինչ է։ Մասնավորապես գազի պարագայում, կարո՞ղ է Իրանից այնքան գազ ներմուծվել Հայաստան, որ չեզոքացնի Հայաստանի վառելիքային կախվածությունը ռուսական «Գազպրոմից»։ Եթե կարող է, ուրեմն հրաշալի է, եւ ծափահարություններ։ Եթե չի կարող, ուրեմն տարիների ժամավաճառությունն է շարունակվում։
Թեեւ էներգետիկայի ոլորտում կարծես ուշագրավ եւ հուսադրող մի քանի տող հաղորդվեց, որ Իրանի տարածքով թուրքմենական գազը Հայաստան տարանցելու հարց է քննարկվել, եւ կարծես իրանական կողմի հավանությունն առկա է. դա ուրախալի տեղեկություն է։
Տրանսպորտային հաղորդակցության ոլորտում Հայաստանի թմբկահարած ծրագիրը «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի» գաղափարն է, որի մասին Սերժ Սարգսյանը խոսում է 2008-ից, արդեն երեւի ութ տարի, չնայած այն այդպես էլ կյանքի չի կոչվում։ Ճիշտն ասած՝ սթափ բանականությամբ նման տրանսպորտային միջանցք կյանքի կոչելու իմաստն էլ չի հասկացվում։ Սեւ ծովը կամ դրա ափերին գտնվող Արեւելյան Եվրոպայի աղքատ երկրներն ի՞նչ մի գրավիչ շուկա են, կամ Իրանը վառելիքից բացի այդ ի՞նչ ունի Եվրոպա արտահանելու, որ առկա մայրուղիները չեն բավարարում, եւ հազարավոր կիլոմետրերով ու միլիարդավոր դոլարների վատնումով նոր ճանապարհ կառուցվի։ Իսկ Արեւմտյան Եվրոպա հասնելու համար Սուեզի ջրանցքով Միջերկրական ծով դուրս գալը, ակնբախորեն, ավելի արդյունավետ ու կարճ ճանապարհ է, քան Սեւ ծով հասնելը, հետո էլ Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներով Միջերկրական ծով դուրս գալը։
Այլ հարց, որ Իրանը Հայաստանի համար կարեւոր եւ բարեկամական երկիր է՝ անկախ մնացյալ աշխարհի հետ ունեցած անվերջ ու խրթին խնդիրներից, հետեւաբար, Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններում՝ անկախ նրանից, թե համատեղ ինչ ծրագրեր են իրականացվում կամ ձախողվում, էականը բարեկամական կապերի եւ հարաբերությունների վերահաստատումն ու թարմացումն է, որի համատեքստում Իրանի նախագահի այցն ինքնին կարեւոր հանգրվան էր։
Կարդացեք նաև
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում