Լրահոս
Օրվա լրահոսը

Պատճառն ու հետեւանքը փոխենք տեղերով

Դեկտեմբեր 23,2016 10:16

Ոչ մի մեղսունակ մարդ չի ցանկանա հարեւանների հետ հավերժ պատերազմի պայմաններում ապրել եւ դեմ լինել խաղաղությանը, հաշտությանը եւ բարիդրացիությանը: Ոչ մի դիտողունակ մարդ չի կարող վիճել, որ Հայաստանի բազմաթիվ լրջագույն տնտեսական խնդիրների պատճառը պատերազմն ու շրջափակումն է: Բայց ես վստահ չեմ, որ ճիշտ է հայտնի տրամաբանությունը` «մինչեւ խաղաղություն չհաստատվի, մեր խնդիրները չեն լուծվի»: Իսկ գուցե այդ կառուցվածքը շուռ տանք եւ հակառակն ասենք. «Մինչեւ մեր ներքին խնդիրները չլուծվեն, խաղաղություն չի լինի»: Նման եզրահանգումը միայն առաջին հայացքից է թվում տարօրինակ, իրականում դա շատ էլ տրամաբանական է` դու պետք է ներսում այնքան ուժեղ եւ միասնական լինես, որ հակառակորդը չկարողանա, չհամարձակվի քեզ վրա հարձակվել: Դա, իհարկե, չի բացառում հարեւանների հետ բանակցություններ վարելու եւ փոխզիջումներ փնտրելու անհրաժեշտությունը: Հարցն այն է, թե որքան ամուր են բանակցելու դիրքերը: Իսկ դա, ես վստահ եմ, մեր ներքին խնդիրն է:

Չեմ կարծում, որ Արցախի հարցն է մեր իշխանավորների ագահության եւ չտեսության պատճառը: Ինձ չի թվում, որ մենք 1995 թվականից ի վեր չենք կարողանում նորմալ ընտրություններ անցկացնել զուտ այն պատճառով, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն չի հաստատվել: Ղարաբաղյան խնդրի պատճառով չէ, որ մեր երկրում չկա հարգանք Պետության եւ Օրենքի հանդեպ: Իսկ հիմա պատկերացրեք, որ այն բոլոր գումարները, որոնք մեր չինովնիկները եւ նրանց հետ «փոխկապակցված» օլիգարխները դուրս են հանել երկրից, որոնցով նրանք կառուցել են իրենց պալատները՝ այդ բոլոր գումարները ներդրվեին բանակի, գիտության եւ կրթության մեջ, արդյոք հակառակորդն առնվազն ավելի զուսպ չէ՞ր լինի: Եթե մեր դիվանագետները եւ միջազգային հարթակներում հանդես եկող պատգամավորները ներկայացնեին մի երկիր, որտեղ իշխանության թեւերը տարանջատված են, որտեղ դատարաններն անկախ են, որտեղ ընտրությունների վերաբերյալ կասկածներ չկան, արդյո՞ք այդ դիվանագետներն ու պատգամավորներն ավելի հզոր թիկունք չէին զգա:

Այնպես որ, չնսեմացնելով Ղարաբաղյան խնդրի կարեւորությունը, արժե թերեւս «ավելի խորը փորել» եւ հասկանալ, թե որ տարրերն են մեզ պակասում լիարժեք պետություն ունենալու համար: Իհարկե, մեկ-երկու նախադասությամբ այս հարցին չես պատասխանի, բայց ինձ թվում է՝ «ծուռ ակոսն» առաջացավ այն պահին, երբ մեզ թվաց, թե «որոշ» կամայականություններ, «որոշ» անբարոյական, մութ գործեր հնարավոր է անել՝ հանուն ինչ-որ վեհ գաղափարի, հանուն նույն Ղարաբաղի ազատագրման: Ավելի լայն իմաստով՝ երբ մենք ընկանք մաքուր «պրագմատիզմի» գիրկը՝ կարծելով, թե պետության հիմքում պետք է ընկած լինեն «ազգային-ազատագրական», ոչ թե բարոյական, հոգեւոր արժեքներ:
Երբ որոշում ընդունողները դա սկսեն հասկանալ, դրանով կդրվեն լիարժեք պետության հիմքերը: Իսկ երբ մենք ունենանք ուժեղ պետություն, կկարողանանք լուծել Ղարաբաղի հարցը:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    պետության հիմքում պետք է ընկած լինեն «ազգային-ազատագրական», ոչ թե բարոյական, `հոգեւոր արժեքներ:`

    Իսկական ազգային-ազատագրականը՝ դա բարոյական, հոգեւոր արժեք է:
    Իսկ ցանկացած միջպետական խնդիր կարելի է լուծել՝ եթե պետություններում չգործող օրենքներ չկան եւ եթե մի պետությունը ճանաչում է մյուսի ներքին ու արտաքին օրենքները:

  2. Հ.Շ. says:

    Ճիշդ է, պատերազմական վիճակը պատճառ չէ որ Հայաստանում/Արցախում, իշխանությունների եւ ընկերութեան «վերնախավի» վերաբերող կարգ մը ներքին խնդիրներ չլուծվեն:

    Սակայն պատերազմական վիճակը հաստատ պատճառ է որ այդ տեսակի խնդիրների նկատմամբ լինի հաւելեալ համբերանք, դիմացկոտություն, ի հարկին՝ մինչեւ իսկ համակերպում, եւ որ անվերապահօրէն բացառվի անոնց լուծման միտող որեւէ արմատական, ծայրահեղ մօտեցում – ալ ուր մնաց՝ արարքներ … – :

    Սակայն Հայաստանում/Արցախում կան նաեւ այլ տեսակի խնդիրներ, որոնք կապ չունեն իշխանությունների հետ: Եւ այդ տեսակի խնդիրների լուծումները կապ չունեն պատերազմական վիճակին հետ: Անոնք հիմնականօրէն կախեալ են երկրի բնակիչների տրամադրությունից, կամքից ու ջանքերից: Այս մակարդակի վրայ, թէ՛ իշխանությունների եւ անոնց շրջապատի թերությունները եւ թէ՛ երկրի պատերազմական վիճակը գործածվում են պարզապէս որպէս պատրվակ, փոխաբերական եւ բառացի իմաստներով՝ փախչելու համար այդ խնդիրների լուծման հարկաւոր – անձնական եւ հասարակական – ճիգերից, ջանքերից:

  3. henri says:

    Պ, Աբրահամեան
    Ձեր նշած բոլոր քաղցր և տրամաբանական սկզբունքներուն ամէնքս համաձայն ենք –
    Բայց դժբախտաբար ի զօրու կը դառնան միայն ” նորմալ ” երկրի մը մէջ ուր մարդիկ
    կը կոչուին իրենց անունով-ազգանունով: Մեր մօտ շատ մը հրապարակային գործիչներ
    յայտնի են միայն իրենց “մականուններով ” որոնք աւելի Պինոքքիոյի խեղկատակ
    դերակատարները կը յիշեցնեն քան լուրջ պետութեան մը /որուն 25 ամեակը կը տօնենք
    այս տարի շքեղ հանդէսներով/ գործիչներու,:

  4. Մոսո says:

    Լավ հոդված է: Պարտադրված պատերազմը, մեծ կորուստների ու վնասների հետ բերում է ժողովրդի աննախադեպ համախմբման ու մեծագույն հնարավորությունների դրսեւորման՝ եթե միայն ներսում համընդհանուր վստահության ու արդարության մթնոլորտ է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031