Մի շարք հարցեր Հայաստանի քաղաքական ուժերին
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նախընտրական Հայաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ու դա լավ է: Քանի որ Հայաստանի ողջ քաղաքական դաշտը, փոքր բացառություններով, Ռուսաստանի գործադրած «լուրջ ջանքերն» է կարեւորում, ավելին՝ համարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի «լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում», արժե, որ նման համոզմունքներով բոլոր այդ ուժերը նախընտրական պայքարի ընթացքում պատասխանեն մի շարք հարցերի:
Ո՞ր թվականից Ռուսաստանի իշխանությունները սկսեցին զինել Ադրբեջանին, այդ թվում եւ հարձակողական զենքով:
Ո՞ր ժամանակաշրջանից սկսած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սկսեց ավելի ու ավելի սանձարձակ դառնալ, ԵԱՀԿ Մինսկի խմբին ու միջազգային հանրությանը շանտաժի ենթարկել` ապակառուցողական դիրքորոշում որդեգրելով ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ Ալիեւը դիմեց ապրիլյան քառօրյա պատերազմ սանձազերծելու քայլին:
Ո՞ւմ «դաբրոյով» կամ առնվազն իմացությամբ Ալիեւը սանձազերծեց ապրիլյան քառօրյա պատերազմը:
Ինչո՞ւ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չդատապարտեց ապրիլյան պատերազմ սանձազերծած Ալիեւին:
Ինչո՞ւ ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկան «Լավրովի պլանի» մասին համառ խոսակցությունները:
Հայաստանի սահմանները պաշտպանվա՞ծ են, ՀՀ անվտանգությունը հուսալի՞ ձեռքբերում է, պատերազմի վտանգ չկա՞, ինչպես մեզ մատուցում էին տարիներ առաջ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումն արդարացնողները:
ՀԱՊԿ-ը Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունների դեպքում աջակցելո՞ւ է Հայաստանին:
Ինչո՞ւ Հայաստանի քաղաքական ուժերը Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի իշխանություններից չեն պահանջում դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը, եթե համարում են, որ ԼՂ խնդրի լուծման «բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում»:
Ինչո՞ւ է Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների հույսը ԼՂ կարգավորման հարցում ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ Մոսկվան:
Ինչո՞ւ Մոսկվան ապրիլյան պատերազմից հետո չի հերքում Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների հետեւողական հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը կարգավորման առանձին պլան ունի կամ ինչպես ընդունված է ասել` «Լավրովի» պլան:
Ինչո՞ւ Հայաստանի քաղաքական դաշտը չի պահանջում ռուսական պլանի բացահայտում:
Ինչո՞ւ Հայաստանի քաղաքական դաշտին չի հետաքրքրում հարցը, թե ինչո՞ւ է Մոսկվան քննարկում ԼՂ հարցը պաշտոնական Անկարայի հետ եւ ավելի կոնկրետ` ի՞նչ տարբերակ է քննարկում:
Ինչո՞ւ Հայաստանի քաղաքական դաշտին չի հետաքրքրում հարցը, թե ինչո՞ւ են պաշտոնական Անկարան ու Բաքուն հիացած ռուսական պլանով, իսկ պաշտոնական Երեւանը հերքում է «Լավրովի պլանի» առկայությունը:
Ո՞վ երես տվեց ապրիլյան պատերազմ սանձազերծած Ալիեւին այն աստիճան, որ նա այսօր մերժում է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման առաջարկները:
Ինչո՞ւ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որը նաեւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, չի պատասխանում հարցին, թե ինչո՞ւ է Ալիեւը մերժում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման առաջարկները:
Ինչո՞ւ սեպտեմբերի 21-ին Երեւանում ՀՀ Անկախության զորահանդեսին «Իսկանդերի» ցուցադրության արդյունքում Ադրբեջանում առաջացած որոշակի անհանգստություններից հետո Մոսկվան 3 ամիս անց Բաքու գործուղեց Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին, որի հիմնական առաքելությունը սպառազինության գործարքներ կնքելն է:
Այս հարցերը հնչեցնելով ու դրանց անկեղծ պատասխանները ստանալով` Հայաստանի քաղաքական ուժերը Սերժ Սարգսյանին բավական օգնած կլինեին Ղարաբաղյան խնդրով բանակցություններում ուժի դիրքերից հանդես գալու համար: Հայաստանի քաղաքական ուժերն այս հարցերը բարձրացնելով՝ հասարակության վստահությանը կարժանանային, կկարողանային մեծացնել հաջորդ խորհրդարանում հայտնվելու հավանականությունը` հույսը սեփական ուժերի վրա դնելով ու բանակցող Հայաստանի դիրքերն ամրացնելով: Այս դեպքում նրանք ստիպված չէին լինի հաջորդ խորհրդարանում մի քանի մանդատ ստանալու համար Մոսկվային հաճո եւ իրականության հետ առնչություն չունեցող դատողություններ անել Ղարաբաղյան խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 22.12.2016