Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«2017-ի նախընտրական շրջանում կապիտալի արտահոսք կլինի»

Դեկտեմբեր 23,2016 15:00

2016 թվականը 2.2% տնտեսական աճով չենք փակի: Այս կարծիքին է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Պարոն Խաչատրյանն ասում է՝ չնայած կառավարությունն այս տարվա տնտեսական աճը նախատեսել է 2.2%, իսկ Կենտրոնական բանկն ավելի գրագետ է մեր տնտեսական իրավիճակում եւ կանխատեսում է 1.3-1.8% աճ, ամենաշատը հազիվ 1% աճ ապահովվի մեր երկրում: «Եթե Ազգային վիճակագրական ծառայությունը գործի չդնի իր հնարավորությունը, ապա հազիվ 1% լինի աճը, իսկ եթե գործի դնի, 5% էլ ցույց կտան»,- ասում է Վահագն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը վերանայել է Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը, եւ եթե նախկինում 2.4% աճ էին կանխատեսում, ապա դեկտեմբերի 9-ին ՀԲ-ն հայտարարեց՝ այս տարի Հայաստանը կունենա 0% տնտեսական աճ: Ավելի ճիշտ՝ ոչ մի աճ էլ չի ունենա:

Այս նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչպես վստահեցնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.3%, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 5%:

Իրականում տնտեսության ակտիվություն նկատվո՞ւմ է, թե՞ ոչ, Վահագն Խաչատրյանն ասում է՝ ցուցանիշներին կարելի է անդրադառնալ դեկտեմբերի վերջին, երբ հրապարակվեն այս տարվա ամբողջական ցուցանիշները, եւ պարզ կլինի, թե ինչի հաշվին է այդ ակտիվությունը եղել՝ գյուղատնտեսությա՞ն հաշվին են աճ ցույց տվել, թե՞ այլ ոլորտի. «Մինչ այդ ակնհայտ է, որ ինչ-որ բան, մեղմ ասած, այն չէ, որովհետեւ նոյեմբերն այն ամիսը չէ, որ ակտիվ ամիս համարվի: Այս առումով հոկտեմբերն ավելի ակտիվ ամիս է համարվում, նույնը գյուղատնտեսության համար: Իսկ թե ինչն է պատճառը՝ գուցե ժամանակն է, որ ցույց տան, թե այս կառավարությունն ինչ-որ բանի ընդունակ է, ինչ-որ բան ի վիճակի է անելու: Այլ ցուցանիշ էլ կա՝ հունվար-նոյեմբերի հարկային մուտքերը, նախորդ ամիսների հետ համեմատած, աճ են ցույց տվել՝ մոտ 6 միլիարդ դրամ ավելի են հավաքել սեպտեմբեր-հոկտեմբերի համեմատ: Ես կարծում եմ՝ ուզում են այն բացասական լիցքերը, որ կային նախորդ ամիսներին, փոխարինեն դրականով, որովհետեւ հիմա բոլորի ուշադրության կենտրոնում կառավարությանը գնահատական տալու հանգամանքն է, եւ հիմա ստիպված թվերին բոլորը պետք է անդրադառնան»:

Տնտեսագետը արժանահավատ չի համարում գյուղատնտեսության փոխնախարարի երեկվա արած այն հայտարարությունը, ըստ որի՝ այս տարի գյուղմթերքների արտահանումը 2 անգամ աճել է. «Նման բան չի կարող լինել, մենք գյուղատնտեսություն չենք ունեցել, ինչի՞ հաշվին է աճել արտահանումը: Եթե դա եղել է լոլիկի ու նման գյուղապրանքների հաշվին, ապա մենք գիտենք, թե դա ինչպես է արտահանում ապահովում, դա որեւէ առնչություն չունի Հայաստանի գյուղատնտեսության հետ»:
Տնտեսության այս տարվա բացասական ցուցանիշներն ու եկող տարվա նախընտրական շրջանն արդյոք չե՞ն ազդի 2017-ին 3.2% կանխատեսած տնտեսական աճի վրա, ընդ որում՝ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ խոստովանել է. «Նախընտրական շրջանը ռեալ խանգարում է տնտեսության ակտիվացմանը: Բազմաթիվ մարդիկ նույնիսկ տան գույքի գնումը հետաձգում են ապրիլի 6-ից հետո, բիզնեսմենները` նույն կերպ»: Վահագն Խաչատրյանն ասում է՝ նախընտրական շրջանը մի բան էլ կարող է օգնել աճին. «Նախընտրական տարում սովորաբար իշխանությունները խոստումներ են տալիս: Իսկ դրանք իրագործելու համար ֆինանսական միջոցներ են ծախսում, որը խթանում է տնտեսությանը: Այս տրամաբանությունն էլ է աշխատում: Եվ քանի որ մենք լավ գիտենք, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները, այս առումով ես կիսում եմ այդ անհանգստությունը»:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ ճիշտ հակառակ կարծիքի է. նա կարծում է, որ նախընտրական տարին լուրջ խոչընդոտ է լինելու 2017-ի բյուջեի ուղերձում դրված 3.2% տնտեսական աճն ապահովելու համար:

Վիլեն Խաչատրյանի ներկայացմամբ՝ մինչեւ եկող տարվա մարտ ամիսը դժվար թե էական փոփոխություններ լինեն՝ պայմանավորված նախընտրական գործընթացով: Իսկ մարտին, ըստ տնտեսագետի, որոշակի ֆինանսական գործընթացների ակտիվություն կլինի, եւ մարտ-ապրիլին տնտեսական աճ կգրանցվի. «Ինչ վերաբերում է հետագա պրոցեսներին, ուրեմն 40 օր ծրագիր են ներկայացնելու, կադրային փոփոխություններ են տեղի ունենալու, երկրի պետական կառավարման ձեւ է փոփոխվելու: Այսինքն՝ մինչեւ ամռան սկիզբ եւս ակնկալել տնտեսական աճ՝ լուրջ փոփոխություններով, անհնար է»:

Վիլեն Խաչատրյանը նկատում է՝ 2017-ի օգոստոսին էլ արձակուրդային շրջան է, պետական այրերը հանգստանալու են, եւ աշխատելու համար նրանց մնում է սեպտեմբերից-դեկտեմբեր ժամանակահատվածը: «Կարծում եմ՝ այդքան փոփոխությունների եւ տատանումների ժամանակահատվածում մենք 2-3%-անոց աճ հազիվ թե կարողանանք ապահովել: Հատկապես եթե մենք դիտարկում ենք 2016 թվականի հաստատված աճը՝ 2.2% տոկոս, Համաշխարհային բանկինը՝ 0%, իսկ նոյեմբերի դրությամբ համախառն ներքին արդյունքի 0.6% աճ ունենք, ապա դեկտեմբերի դրությամբ մենք 1.6 % տոկոս տնտեսական աճ պիտի ապահովենք: Բայց ես հակված չեմ հավատալ, որ դա մենք կկարողանանք ապահովել: Հետեւաբար բյուջեի ուղերձում դրված ցուցանիշները, որոնք 2017-ի հիմքն են, արդեն իսկ վատն են, այնքանով են վատը, որ չեն կարողանալու ապահովել այն հիմքերը, որոնք պետք է ապահովեին 2017-ի 3.2% տնտեսական աճը»:

2017-ին, ըստ տնտեսագետի, 2%-ից մի քիչ բարձր տնտեսական աճ կլինի՝ լավատեսական սցենարով. «Որովհետեւ 9 ամիս շարունակ մենք ունենալու ենք խառը իրավիճակ, ավելին՝ բանկերի միավորման գործընթաց է լինելու, Հարկային օրենսգիրքն է ուժի մեջ մտնելու եւ այդ փոփոխություններին հարմարվելու մի ամբողջ գործընթաց: Հետո մարդիկ, որոնք ընտրություններում չեն ապահովի արդյունք, կունենան կապիտալի արտահոսք, եւ մինչ այդ էլ իրենց կապիտալը կհանեն երկրից: Եվ դեռ չգիտենք՝ իրենք կգնա՞ն իրենց կապիտալի մոտ, թե՞ կապիտալը կվերադարձնեն երկիր: Սա կախված է ընտրությունների արդյունքից, թե ինչպիսի դիրք վերջիններս կզբաղեցնեն: Խոսքը խոշոր գումարներ ունեցողների մասին է, անուններ չեմ ուզում տալ: Եթե նրանց ակնկալիքներն ընտրությունների արդյունքում արդարանան, ապա վերջիններս հետ կբերեն իրենց կապիտալը, եթե ոչ՝ հնարավոր է այդ փոփոխությունները նրանց համար լինեն ճակատագրական: Սա ռիսկային իրավիճակ է, որի հետ, ուզենք, թե չուզենք, բախվելու ենք»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

22.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031