Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացի կանայք ու բժիշկները եկեղեցի են կառուցելու

Դեկտեմբեր 23,2016 13:30

Որպես ապաշխարություն՝ կատարված աբորտների համար

Ձեր կյանքում պատահե՞լ է, որ վատ բան անեք, հետո զղջաք դրա համար: Երբ որ զղջացել եք, ի՞նչ եք արել, որպես այդ զղջման արտահայտություն: Որեւէ մի կերպ փորձե՞լ եք հատուցել: Ասենք թե այդ մարդը, ում նկատմամբ անարդարություն եք արել, այլեւս չկա կամ հասանելի չէ, արդյոք փորձե՞լ եք մի այլ կերպ հատուցել հանուն արդարության, որպեսզի ձեր խիղճն ինչ-որ չափով մաքրվի: Մարդու զղջումն ու ապաշխարությունը նման են պտղաբեր ծառի: Ու այդ ծառի պտուղը պիտի երեւա այգեպանի համար:
Ուրեմն մի խումբ վրացի կանայք, ովքեր աբորտ են արել իրենց երեխաներին ու այն բժիշկները, ովքեր կատարել են այդ չարիքը, որոշել են Թբիլիսիից ոչ հեռու եկեղեցի կառուցել, որպես իրենց գործած մեղքի ապաշխարություն, հաղորդում է newsgeorgia.ge կայքը:

Այս խումբը վերջերս հանդիպել էր Վրաց Կաթողիկոս Իլիա 2-րդի հետ՝ ստանալու վերջինիս օրհնությունը իրենց զղջման հոգեւոր աշխատանքի համար: Կաթողիկոսն օրհնեց նրանց ու հաջողություն մաղթեց Թբիլիսիի մոտ, Haddonstone Forest Սբ. Երրորդություն անունով եկեղեցու կառուցման գործում:

Խորհրդային աթեիզմի տարիներին շատերը չեն հասկացել, թե ինչ մեծ մեղք է աբորտը, ու դժբախտաբար, այն նկատվել է որպես նորմալ երեւույթ: Սակայն հետո ժողովրդի մի մեծ մաս սկսեց Ավետարանը կարդալ ու եկեղեցի հաճախել ու հասկանալ, թե ինչ մեծ մեղք են գործել՝ սեփական երեխաներին սպանելով: Սա է պատճառը, որ եւ այս մայրերը, եւ արդեն դարձի եկած մանկաբարձները խորապես սկսեցին զղջալ իրենց կատարած մեծ սխալի համար ու մտահոգվել, թե ինչպիսի ապաշխարությամբ հատուցեն այդ սխալի համար: Եվ ահա նրանց ցանկությունն է, որպես ապաշխարություն, իրենց միջոցներով մի նոր եկեղեցի կառուցել հավատացյալ մարդկանց հոգեւոր կարիքների համար:

Սա՝ Վրաստանում: Իսկ Հայաստանում ինչպե՞ս է վիճակը: Այս հոդվածը գրեցի որպես օրինակ՝ ցուցադրելու համար այն միտքը, որ սխալի համար միայն զղջալը քիչ է, պետք է կամ ինչ-որ կերպ հատուցվի, կամ էլ զղջացող մարդու կյանքը փոխվի: Որպեսզի կյանքը փոխվի, նախ պետք է այդ մարդու մտածողությունը փոխվի:

Որպեսզի մարդու մեղքերը ներվեն, միայն ասել՝ «ես զղջում եմ» ու շարունակել ապրել նույն կյանքով, բավարար չէ: Իրական զղջումը պիտի պտուղներ ունենա: Ասենք զղջացիր, ի՞նչը փոխվեց քո վարքի մեջ: Հովհաննես Մկրտիչն ասում է. «Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք (Մտ 3:8)»: Մարդը պիտի հոգեւոր աշխատանք կատարի, սովորի սեփական անձն ուրանալ: Օրինակ, հայրերից ոմանք ասում են, եթե աբորտ ես արել, այլեւս միս մի կեր, իսկ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին ոչինչ մի կեր: Թերեւս ոմանց խիստ թվան այս խոսքերը, բայց տեսնո՞ւմ եք՝ ինչ է նշանակում զղջալ եւ ուրանալ սեփական անձը: Եվ ահա մի գեղեցիկ օրինակ Վրաստանից, ուր քրիստոնյա մարդկանց մի խումբ որոշել է իսկապես մի ինչ-որ կերպով հատուցել գործած ահավոր մեղքի համար:

Աբորտն այստեղ ընդամենը մի օրինակ էր: Իսկ ձեր կյանքո՞ւմ ինչպես են գործերը: Պատահե՞լ է, որ դուք զղջաք գործած կամ ասված որեւէ չարիքի համար: Եթե այո, ապա մտահո՞գ եք, թե ինչպես եք հատուցելու Աստուծո առաջ այդ չարիքի համար:

 
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/armen.hareyan?fref=ts

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031