Շքեղ կազմով եւ շատ արժեքավոր բովանդակությամբ այս գիրք-հանրագիտարանը տպագրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ տպարանում: Գրքի հեղինակը Գառնիկ Սմբատի Շախկյանն է: Հեղինակը քաջ իմանալով այս գործի ծանրությունը, առանց որեւէ մեկի ֆինանսավորման եւ առաջարկի, ինքնակամ ցանկացել է այսպիսի արժեքավոր նվեր մատուցել թումանյանական աշխարհի հայրենակիցներին: Խոսք ընթերցողին առաջաբանում նշում է՝ «Այս աշխատությունը տարածքային ընդգրկման առումով վերաբերում է հիմնականում Լոռու պատմաաշխարհագրական շրջանին, նաեւ հարակից՝ Նոյեմբերյանի տարածաշրջանին եւ Վրաստանի սահմանամերձ հայաբնակ վայրին: Ընթերցողը կհաղորդակցվի հայոց աշխարհի գեղատեսիլ տարածաշրջաններին, հայ ժողովրդի էթնիկական հատկանիշները կրող ինքնատիպ օջախներին, նրա ստեղծագործ մարդկանց, հոգեւոր եւ մշակութային արժեքներին»:
Պարտավոր ենք մեր երախտագիտությունը հայտնել մեծարգո Գ. Շախկյանին, ով երախտապարտ զավակի սիրով ու իմացությամբ պեղել է «Թումանյանական աշխարհի» բնակավայրերի տարեգրության էջերը, մոռացությունից փրկել բազմաթիվ անուններ, նրանց դեմքերից մաքրել է մոռացության փոշիները եւ ներկայացրել ընթերցողին:
Հեղինակը իր այս աշխատությամբ կերտել է մի հուշարձան հայրենի եզերքի արժանավոր զավակների համար, ներդնելով իր սերն ու նվիրումը:
Քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, տնից տուն անցնելով՝ հսկայական աշխատանք է կատարել, օգտվելով արխիվներից, թանգարաններից, մամուլից, գրականությունից եւ ականատեսների վկայությունից՝ պեղելով, փշուր-փշուր հավաքելով, դասդասելով ու մշակելով առատ նյութը, կարողացել է ամփոփ ու սպառիչ շարադրել հայրենի եզերքի արժանավոր մարդկանց անցած ուղին, վաստակը, ներդրումը, գիտական աստիճանները, պարգեւները, գրական ծածկանունները, մշակույթի, սպորտի եւ այլ բնագավառներում ճանաչումը ու մասնագիտական ձեռքբերումները: Հետաքրքրական է նաեւ, որ աշխատությունում ընդգրկված են եւ հուշարձանները:
Գրքի յուրաքանչյուր էջում տրոփում է հեղինակի ազնիվ կերպարը, ով տարիներով կտրված լինելով ծննդավայրից, իր հոգու բոլոր թելերով գամված է մնացել նրան եւ իր սերն ու նվիրումը իրականացրել է սույն գրքով՝ նման գրքերով ու թղթակցություններով:
Հանրապետության թերթերում եւ հանդեսներում հրապարակվել են նրա հոդվածներն ու ակնարկները հայրենի եզերքի պատմամշակութային արժեքների պահպանության, հիշարժան դեպքերի ու դեմքերի մասին: Այս բոլորը հայրենի եզերքի հանդեպ հեղինակի սիրո յուրատեսակ դրսեւորումներ են, սեր, որ նրա հոգում ծլարձակել է դեռեւս մանկուց:
Հեղինակի ազնիվ կերպարը, ինչպես նաեւ անմնացորդ սերն ու նվիրումը հայրենիքի հանդեպ տրոփում են իր աշխատությունների յուրաքանչյուր էջում եւ ցույց են տալիս, որ նա հայրենի եզերքի ու ժողովրդի ճշմարիտ նվիրյալն է:
Գրքի շահեկան կողմերից է նաեւ այն, որ շարադրված է սահուն, դյուրընթեռնելի թեթեւ ոճով, ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ՝ ցայտուն երեւում է աղբյուրագետի ու բանահավաքի օժտվածությունը:
Գիրքը զերծ չէ մասնակի բացթողումներից, որոնք, սակայն, չեն ստվերում այս ծանրակշիռ ու լուրջ աշխատությունը: Եթե որեւէ մեկի մասին չի գրվել կամ էլ քիչ է գրվել, ապա թող մեղքը փնտրի ոչ թե հեղինակի, այլ իր մեջ, լիարժեք կամ էլ բոլորովին տվյալներ չներկայացնելու համար, նույնիսկ գտնվել են մարդիկ, ովքեր զլացել են իրենց նկարը ներկայացնել: Ի պատիվ հեղինակի, հարկ է նշել, որ նրան հաջողվել է հաղթահարել բոլոր դժվարությունները, իր համեստ ուժերը ներդնելով թումանյանական աշխարհի մարդկանց համար:
Աշխատությունը մշակութային կարեւոր իրադարձություն է ոչ միայն «Թումանյանական աշխարհի», այլ յուրաքանչյուր հայի համար: Ընդգրկում է հետազոտական բազմաթիվ հարցեր՝ միահյուսված տրամաբանական կապով եւ գիտական վերլուծությամբ, լրջորեն պահպանված է այբբենական հերթականությունը: Այս վիթխարի աշխատանքը կատարված է նվիրումով ու գործիմացությամբ՝ գրվել է հմուտ գրչով ու հիմնավորվածությամբ, չկա օտարված բնագավառ: Բազմաթիվ տարիների համառ ու տքնաջան պրպտումների արդյունք այս մեծածավալ (851 էջ) աշխատությունը եզակի է «Թումանյանական աշխարհում»՝ համոզված ենք, որ այն ձեռք կբերի մեծ հնչեղություն ու արձագանք: Ներկան անցյալ դառնալով, գրքի արժեքը ավելի կմեծանա ու կփոխանցվի գալիք սերունդներին:
Թումանյանագետ Գառնիկ Շախկյանը ընթերցողին ուղղված իր խոսքը ավարտում է՝ «Մեր այս աշխատությունը թող լինի Մեծ Հովհաննես Թումանյանի առաջիկա 150-ամյակին նվիրված նախերգակներից մեկը»:
ՍՈՒՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ
փաստավավերագրող, կենսագիր
«Առավոտ»
22.12.2016