Ասում են՝ Ամանորին երազանքները միշտ կատարվում են: Ով՝ ով, բայց երեխաները առավել քան վստահ են այս հարցում: Մեր մոլորակի փոքրիկ բնակիչներն արդեն սկսել են գրել իրենց նամակները երազանքների գլխավոր իրականացնող Ձմեռ պապին, սակայն երեխա ունեցող յուրաքանչյուր ծնողի մոտ վաղ թե ուշ սկսում է հարց առաջանալ, արդյոք լա՞վ է երեխային թողնել հավատա Ձմեռ պապին, թե՞ միգուցե անհրաժեշտ է միանգամից ասել երեխային, որ դա ընդամենը հորինված պատմություն է: Հոգեբան Մարիամ Մելքումյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հեքիաթի սպասումը, երազանքի իրականացման զգացումը ապրում է գրեթե բոլոր երեխաների մեջ. «Շատ ծնողներ խրախուսում են, որ իրենց երեխաները հավատան Ձմեռ պապին, կամ էլ՝ այլ լեգենդների, որտեղ բարի հրաշագործները նվերներ են բերում երեխաներին: Բայց կան եւ այնպիսի ծնողներ, ովքեր համառորեն դիմադրում են այդպիսի ավանդույթներին:
Այս մոտեցման կողմնակից ծնողները գտնում են, որ իրենց երեխաները, հավատալով նման լեգենդների, մեծանում են մանկամիտ, եւ վաղ թե ուշ իմանալով իրականությունը՝ խորապես կհիասթափվեն եւ կսկսեն կասկածամտությամբ վերաբերվել կյանքի տարբեր երեւույթներին: Երեխայի խաղում միշտ առկա են շատ հորինված պատկերներ եւ նրանց դուր է գալիս երեւակայել: Ամանորյա հրաշքին եւ Ձմեռ պապին հավատալը իր կարեւոր հետքն է թողնում երեխայի անձի ձեւավորման վրա: Հատկապես կարեւոր են ամանորյա դրական սիմվոլները՝ Ձմեռ պապը, Ձյունանուշը, տոնածառը, ամանորյա նվերները»:
Հոգեբանը նշեց, որ անկախ նրանից, թե ինչպիսի ծանր տարի է եղել, կամ ինչ ֆինանսական վիճակում եք գտնվում, երեխաների հետ համատեղ պետք է պատրաստվել Ամանորին, երեխաներին պարգեւել տոն, քանի որ հրաշքին հավատալը օգնում է կյանքի տարբեր իրավիճակներում. «Կախարդական, դրական երեւույթների հանդեպ հավատը օգնում է երեխաներին ավելի հեշտ հաղթահարել սթրեսները, զարգացնում է երեւակայությունը, ստեղծագործական մտածողությունը:
Այդպիսի երեխաները, որպես կանոն, ավելի շփվող են, բարյացակամ: Հրաշքի հանդեպ հավատը օգնում է նաեւ ձեռք բերելու ինքնավստահություն: Երեխան մեծանալով՝ շնորհիվ հրաշքի հանդեպ մանկուց զգացած հավատի, կարողանում է հասնել իր նպատակներին, ընդունել կարեւոր որոշումներ»:
Մասնագետը նշում է, որ այդպիսի մարդիկ հակված են լինում հետագայում զգալ, որ իրենց նախաձեռնություններին ուղեկցում է հաջողությունը: Ձմեռ պապի խաղը հետագայում օգնում է նաեւ երեխաներին գիտակցելու, որ նույնիսկ ոչ այնքան ճիշտ զգացողություններն իրավունք ունեն գոյություն ունենալ: «Երեխային վաղ մանկությունից ասելով, որ Ձմեռ պապ գոյություն չունի, հորինված է, ոչ թե նրան օգնում ենք շուտ հասունանալ, այլ նպաստում ենք խմբից արհեստականորեն նրա առանձնանալուն: Իսկ այն երեխաները, ում վաղուց ասել են, որ հրաշքներ եւ կախարդանքներ չեն լինում, ընդհակառակը, ավելի շատ հակված են մեծանալ թերահավատ: Որպես կանոն, այդպիսի երեխաների հետ դժվար է լինում շփվելը, նրանք չեն հավատում հաջողությանը: Այնպես որ, երեխաներին անհրաժեշտ է ամանորյա հեքիաթը»,-ասաց Մարիամ Մելքումյանը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ԱՄԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
22.12.2016