Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Բացատրությունները չեն հանդիսանում ապացուցման միջոց, ապացույց»

Դեկտեմբեր 23,2016 14:30

«Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում ներկայացվեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի «Ապացուցման միջոցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում» մենագրությունը: Այն հրատարակության է երաշխավորվել Երեւանի «Գլաձոր» համալսարանի գիտխորհրդի կողմից: Արա Զոհրաբյանն, ի դեպ, եղել է այդ համալսարանի ուսանողներից:

«Գլաձոր» համալսարանի ռեկտոր պարոն Ջհանգիրյանը շնորհավորեց իր նախկին ուսանողին, ասելով. «Որպես կանոն, ամենադժվար գործը այն է, երբ մարդ գրիչ է վերցնում եւ փորձում ստեղծագործել գիտության ոլորտում: Այն դժվար է. քչերն են համարձակվում դրան դիմել: Ես ուղղակի ուզում եմ պարոն Զոհրաբյանի համար ասել. ես հպարտանում եմ բոլոր նրանցով, ովքեր կան իրավագիտության ոլորտում, ովքեր ներդրում ունեն ոլորտի զարգացման գործում: Հաճախակի հետեւում եմ մասնագետների հրապարակային ելույթներին: Կյանքում այդքան պարկեշտ, այդքան ցանկացող, կամեցող, այդքան պատասխանատու, իր դիմացինի եւ իր կատարած աշխատանքի համար շատ օրինակելի է, ցանկանում եմ սա լինի առաջինը եւ ոչ վերջինը: Նման աշխատանքներ թող շատ, շատ լինեն, եթե մարդիկ կարողանում են գրել, ստեղծագործել, պետք է շարունակեն դա անել հասարակության համար»:

araruz4

Գրքի մասնագիտական խմբագիր, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ բավական լուրջ աշխատանք է կատարված, այն կարեւոր ձեռնարկ է ոլորտի մասնագետների եւ հետագա ուսումնասիրողների համար:

Ինչ էր ցանկացել գրքի հեղինակն ասել:

Այս մենագրության մեջ լուսաբանվում են ապացուցման ինստիտուտում առկա բացերը: Ապացուցում, որը կանխորոշում է դատական գործընթացների ելքը, հնարավորւթյուն տալիս քաղաքացիական դատավարության ժամանակ կողմերին օգտվել եւ իրացնել դատական պաշտպանության իրենց իրավունքը: Գրքում կա անդրադարձ դատական պրակտիկային:

araruz1
Ըստ հեղինակի, գործին մասնակցող անձանց բացատրություններն ու ցուցմունքներն անհրաժեշտ է տարանջատել միմյանցից, քանի որ. «բացատրությունները չեն հանդիսանում ապացուցման միջոց, ապացույց»:

Նա առաջարկում է հստակ տարանջատել ցուցմունքի եւ բացատրության ինստիտուտները եւ բնորոշել բացատրությունը որպես գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի ներկայացրած պարզաբանում գործի փաստերի եւ կամ իրավունքի վերաբերյալ: Ըստ որում, ըստ հեղինակի, նախատեսվում է բացատրությունը, ի տարբերություն ցուցմունքի, չհամարել որպես ապացույց կամ ապացուցման միջոց:

anatoli_matevosyan_covinar
Արա Զոհրաբյանն անդրադարձել է եւ մասնագետների ուշադրությունն է հրավիրել գործին մասնակցող անձանց «խոստովանության ինստիտուտին»:

Հեղինակի դիտարկմամբ. «Խոստովանության ինստիտուտը լիարժեք կարգավորված չէ, ինչը չի նպաստում դատական քննության արդյունավետ իրականացմանը»:
Գրքի վերջաբանում առաջարկվում էր նախնական դատական նիստի ժամանակ տրված խոստովանությունն ընդունելու եւ կամ ընդունումը մերժելու վերաբերյալ դատարանի որոշում, որտեղ նշվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը անվիճելի համարելու կամ ընդունումը մերժելու մասին. «Խոստովանության առարկա փաստերը դատարանի միջանկյալ դատական ակտով ընդունվելու պահից համարվում են անվիճելի փաստեր»:

araruz2
Հետաքրքիր էր նաեւ մեկ այլ դիտարկում էլ. քաղաքացիական գործերով դատարանները գործին մասնակցող անձանց փոխարեն ցուցմունքներ են վերցնում նրանց ներկայացուցիչներից, մինչդեռ, հեղինակի կարծիքով, ներկայացուցիչները չեն կարող ապացույցի աղբյուր հանդիսանալ եւ ցուցմունքներ տալ: Առաջարկվում է իրավական կարգավորում տալ, սահմանում տալ այն մասին, որ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչները չեն կարող ցուցմունք տալ իրենց վստահորդների փոխարեն:
Հեղինակը հանգել էր այն եզրահանգման, որ քաղդատավարության ժամանակ գրավոր ապացույցների իբրեւ հասկացության սահմանումը լիարժեք չի:

Եվ տարընկալումների տեղիք կարող է տալ:

araruz3
Ուստի առաջարկվում էր գրավոր ապացույցը բնորոշել որպես թղթային, էլեկտրոնային, կամ կրիչի վրա բառային, թվային, գծային, կամ այլ նշանային ձեւով արված, եւ անձի կամքն արտահայտող ցանկացած բովանդակային գրառում, որով կարող է հաստատվել կամ ժխտվել քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստը, բացառությամբ գործին մասնակցող անձի եւ վկայի կողմից գրավոր ձեւով արված ցուցմունքի եւ փորձագետի գրավոր եզրակացության:

Առաջարկել էր նաեւ լուսանկարները, ձայնագրությունները, տեսագրությունները դիտարկել որպես ինքնուրույն ապացույց եւ դրանք տարանջատել իրեղեն ապացույցներից՝ ենթարկելով առանձին իրավական կարգավորման:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

«Առավոտ»

22.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031