Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁ

Դեկտեմբեր 23,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ վաթսունչորսերորդ

ՎԵՐԱԴԱՐՁ

Ամեն անգամ, երբ որեւէ դուդուկահար հեռուստացույցով դուդուկ է նվագում, հորաքույրս ասում է՝ «Վաչեի նվագը լրիվ ուրիշ էր», եւ իհարկե, էդ ասելով՝ հորաքույրս դուդուկահար Վաչե Հովսեփյանին նկատի ունի, այլ ոչ թե՝ կլարնետահար Վաչե Հովսեփյանին, որովհետեւ, չնայած հորս ու մորս հարսանիքին Վաչե Հովսեփյանը բացառապես կլարնետ էր նվագել, հորս ու մորս հարսանիքից հետո հորաքույրս ու մեր ողջ գերդաստանը  դուդուկահա՛ր Վաչե Հովսեփյանի նվագը լսելով՝ մի ավելորդ անգամ համոզվում էին, որ հորս մարգարեությունն իրականություն է դարձել, ու էս պատմությունները պատճառ էին, որ ձեր խոնարհ ծառան էլ իր ողջ գիտակցական կյանքում հատուկ  պատկառանքով ու ակնածանքով վերաբերվեր Վաչե Հովսեփյան անվանյալ էդ բացառիկ հրաշքին՝ ոչ միայն իբրեւ դուդուկահարի ու կլարնետահարի, այլեւ իբրեւ բացառիկ երգահանի, որովհետեւ Վաչե Հովսեփյանը ոչ միայն Տերյանի խոսքերի վրա գրված «Սակայն դարձիր, վերադարձիր» փառահեղ երգի հեղինակն է, այլեւ հեղինակն է Պարույր Սեւակի բանաստեղծության հիման վրա գրված «Երեքնուկ» երգի, որին նախորդ հատորներիցս մեկում չափազանց ծավալուն ու չափազանց սիրով եմ անդրադարձել, ընդ որում, էդ փառահեղ երգին երկարբարակ անդրադառնալով՝ նաեւ նշել ու շեշտել եմ, որ ուրիշ մեկին դժվար թե  հաջողվեր  Սեւակի տվյալ բանաստեղծությունը  երգ դարձնել, մինչդեռ Վաչե Հովսեփյանին ոչ միայն հաջողվել է, այլեւ փառահեղորեն է հաջողվել, եւ որ ասում եմ՝ ուրիշ մեկին դժվար թե հաջողվեր էդ բանաստեղծությունը  երգ դարձնել, նկատի ունեմ Սեւակի էդ բանաստեղծության տողերի անհավասարությունն ու կազմվածքի անսովորությունը, եւ էդ բանաստեղծությունը  նույնիսկ նորարար Սեւակի համար է նորարարության  իմաստով արտառոց ու աչքի ընկնող, եւ ընդհանրապես նորարարության իմաստով Սեւակի ամենաաչքի ընկնող ստեղծագործությունն իր «Մարդը ափի մեջ» գիրքն է, որի մեջ էլ զետեղված է «Երեքնուկը», որը դուդուկահար Վաչե Հովսեփյանը չտեսնված երգ է դարձրել, եւ երեւի շատերդ եք տեղյակ, որ Վաչե Հովսեփյանը Տերյանի «Էստոնական երգի» հիման վրա էլ է հրաշալի երգ գրել՝ «Երբ կհոգնես, կգազազես աշխարհից» տողով սկսվող, եւ չնայած Վաչե Հովսեփյանի էդ երկու երգերն էլ հրաշալի ու սիրված են, եւ չնայած Վաչե Հովսեփյանը որպես դուդուկահար էլ է անկրկնելի ու անփոխարինելի, այդուհանդերձ, իրեն ու իր երգերին էս բազմակի անդրադարձներիս պատճառը ոչ միայն Վաչե Հովսեփյանի անուրանալի տաղանդն է, այլեւ ու առաջին հերթին էն հանգամանքը, որ Վաչե Հովսեփյանը հորս ու մորս հարսանիքին կլարնետ է նվագել, եւ, դրանից էլ բացի, առաջինը հայրս է Վաչե Հովսեփյանի համար մեծ երաժշտի ապագա կանխագուշակել, եւ հիմա, ահա, Վաչե Հովսեփյանի ու հորս հարսանիքի մյուս լուսանկարները մեր ընտանեկան ալբոմում վերագտնելով ու վերանայելով՝ հորս արած լիքը այլ լուսանկարներ էլ եմ վերագտնում, եւ դրանք բոլորն էլ մեկը մյուսից արժեքավոր են՝ ոչ միայն  իրենց բովանդակության, այլեւ լուսանկարչական արվեստի իմաստով, ինչպես նաեւ՝ էդ լուսանկարների պերսոնաժների առումով, եւ երեկ, երբ էդ առիթով  Վաչե Հովսեփյանի  լուսանկարն էի փնտրում, հորս արած այլ արժեքավոր լուսանկարներ էլ աչքովս ընկան, եւ էդ լուսանկարների պերսոնաժները Վաչե Հովսեփյանից պակաս մարդիկ չեն՝ Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Վարդուհի Վարդերեսյան, Բաբկեն Ներսիսյան…

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել