Հանրապետության նախագահի հանձնարարությամբ եւ ոստիկանության պետի միջնորդությամբ՝ Երեւանի քաղաքապետարանը բնակարաններ հատկացրեց այս տարվա հուլիսի դրամատիկ իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկաններ Գագիկ Մկրտչյանի եւ Յուրի Տեփանոսյանի ընտանիքներին:
Դեկտեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գագիկ Մկրտչյանի եւ Յուրի Տեփանոսյանի այրիներին հանձնեց անհատույց սեփականության իրավունքով նրանց հատկացված բնակարանների սեփականության վկայականներն ու բանալիները:
«Մեր այս քայլը ապացույց է, որ միշտ ձեր կողքին ենք. Յուրի Տեփանոսյանն ու Գագիկ Մկրտչյանը զոհվեցին պետության առջեւ իրենց պարտքը կատարելիս, իսկ մենք պարտք ունենք նրանց ընտանիքների առջեւ,- ասաց Տարոն Մարգարյանը:
… Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը զոհվեցին, որովհետեւ պատվի ու պարտքի բարձր գիտակցում ունեին, որովհետեւ ոստիկան էին՝ օրենքի եւ օրինականության պահապան, երկրի ներքին անվտանգության երաշխավոր:
Կարդացեք նաև
Ոստիկանի ծառայությունն է այդպիսին՝ նաեւ զոհվել պարտքը կատարելիս: Իսկ ողջ մնացածների պարտքն ու պարտականությունը նրանց հիշելն է, նրանց զավակների կողքին կանգնելը: «Ոստիկանությունը ձեր կողքին է լինելու միշտ»,- հավաստիացրեց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը:
… Պահը խորհրդանշական էր ու հուզիչ: Իսկ բոլորից անհանգիստն ու հուզվածը փոքրիկ Մհերն էր՝ Գագիկ Մկրտչյանի որդին…
Ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը վարձակալական հիմունքներով էին ապրում: Նրանց երեխաները հիմա իրենց տունն ունեն ու Նոր տարին նոր բնակարանում են դիմավորելու…
Թող նոր բնակարաններում միայն ուրախություն լինի, թող անկորուստ ու խաղաղ լինի այս երեխաների ապագան…
Երեւանի քաղաքապետարան