Լրահոս
Օրվա լրահոսը

Լեոնիդ Կալաշնիկով. «Քննարկվելիք հարցերը կնպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանը»

Դեկտեմբեր 22,2016 19:30

Դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մինչ նիստի աշխատանքներին անցնելը` անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Անկարայում ահաբեկչի գնդակից զոհված Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանության փաստին: «Մենք խստորեն դատապարտում ենք նմանատիպ գործողությունները, որոնք եւս մեկ անգամ ապացույցն են առ այն, որ ահաբեկչության դեմ պայքարը մեր օրակարգերում առաջնային է եւ նմանատիպ հանցագործությունների բացահայտումն է, որ պետք է հետագայում կանխարգելի ոճրագործությունների կրկնությունը», -ասել է հանձնաժողովի նախագահը:

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են դեսպանի վառ հիշատակը:

Ողջունելով ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եվ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակության նորընտիր գործընկերներին ՀՀ խորհրդարանում հյուրընկալվելու կապակցությամբ՝ Արտակ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովների համատեղ նիստն իր ներդրումը կունենա հայ-ռուսական հարաբերություններում տնտեսական եւ ներդրումային համագործակցության ակտիվացման, անվտանգային ոլորտում փոխգործակցության եւ ռազմավարական հարաբերությունների ամրապնդման, միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացման համար:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է երկկողմ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի համար հուսալի գործընկեր եւ բարեկամ երկիր է: Պարոն Կալաշնիկովի խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվելիք հարցերը կնպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանը: Խոսելով անվտանգության խնդիրներից՝ կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ կոմիտեի առաջարկով ռուսական կողմը վավերացրել է Հայաստանի Հանրապետության եւ ՌԴ-ի միջեւ կովկասյան շրջանում համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծմանը վերաբերող համաձայնագիրը: Նշվել է նաեւ, որ կոմիտեի առաջարկով Պետական դումային է ներկայացվել երկրների միջեւ շարժական եւ ռազմարդյունաբերական արտադրանքի ազատ տեղաշարժի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Լեոնիդ Կալաշնիկովը կարեւորել է նաեւ տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու պետությունների համագործակցությունը:

«Տնտեսական համագործակցության հեռանկարները եւ ինտեգրացիոն դինամիկան Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Միջխորհրդարանական համագործակցության նախաձեռնություններն ու աջակցությունը բիզնես նախագծերի իրագործման եւ ներդրումների գրավչության համար» թեմայով ելույթ են ունեցել ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը:

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշել է, որ գլոբալ մարտահրավերների եւ համաշխարհային տնտեսության զարգացման ներկա փուլում Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրներից պահանջվում է տարածաշրջանային ինտեգրման գործընթացների խորացում` ԵԱՏՄ տարածքում առեւտրատնտեսական հարաբերությունների բարելավմանը նպաստող տնտեսության արդիականացման միջոցով: Պարոն Այվազյանի խոսքով՝ այս գործընթացն առաջին հերթին ենթադրում է փոխշահավետ ներդրումների ներգրավում, ապրանքաշրջանառության մակարդակի բարձրացում, մրցունակության աճ` բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ, ինտեգրացիոն-կորպորատիվ ծրագրերի իրականացմամբ, առեւտրի ազատ գոտիների ստեղծմամբ, ԵԱՏՄ երկրների արտադրական կարողությունների միացմամբ` դրանով իսկ բարելավելով անդամ երկրների մակրոտնտեսական ցուցանիշները: Նշվել է, որ այդ նպատակին հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել ճկուն մեխանիզմներ միասնական տնտեսական տարածքի գործունեության համար` ապահովելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչն իր հերթին կնպաստի առեւտրատնտեսական հարաբերությունների եւ բարձր տեխնոլոգիական արտադրության զարգացմանը` հատկապես հաշվի առնելով Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու կառուցման ծրագրին միանալը:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին անդրադարձել է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ աճող առեւտրաշրջանառությանը, խոսել է մի շարք ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի մասին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը ներկայացրել է ԵՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների դինամիկան, մակրոտնտեսական ցուցանիշները, ԵՏՄ անդամ երկրներում կոռուպցիայի մակարդակը, 2016 թվականի ընթացքում ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալները, դրանց աճի պատճառները: Պարոն Թավադյանն անհրաժեշտ է համարել ԵՏՄ տարածքում կոռուպցիայի դեմ արդյունավետ հակազդմանն ուղղված համապատասխան միջոցների ձեռնարկումը:

«Տարածաշրջանային անվտանգություն. հայ-ռուսական համագործակցություն եւ տարածաշրջանային անվտանգության ապահովում Հարավային Կովկասի տարածքում» թեմայով ելույթ են ունեցել ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը, ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը, «Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ներուժին եւ խոսել ոչ միայն ձեռքբերումների, այլեւ անելիքների մասին: Պարոն Հարությունյանի խոսքով՝ այս համագործակցության առաքելությունը Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ապահովումն է: Սակայն, ըստ պարոն Հարությունյանի, միայն ռազմավարական համագործակցությունը բավարար չէ, պետք է զարգացնել նաեւ տնտեսական բաղադրիչը:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը խոսել է հայ-ռուսական երկկողմ հետաքրքրությունների մասին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ եւ պահպանել թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ, սակայն չի կարող անել դա Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները կորցնելու գնով: Կոնստատնտին Զատուլինի կարծիքով՝ Արցախի հարցը պետք է լուծում ստանա՝ այլեւս չվերսկսվելու պայմանով:

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը խոսել է հայ-ռուսական համագործակցության մասին ռազմական ոլորտում: Նա նշել է, որ փորձագիտական ինստիտուտների ստեղծումը մեծապես կնպաստի մեր երկրների համագործակցության զարգացմանը, եւ Հայաստանը կարող է հարթակ դառնալ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ:

«Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր ելույթում անդրադարձել է հայ-ռուսական դարավոր բարեկամությանը, պատմական ընդհանրություններին: Նա նշել է, որ երկու երկրների բարեկամությունը պետք է դիտարկել միմյանց համար կարեւորության եւ անփոխարինելիության տեսանկյունից:

«Համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում` ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, ՍԾՏՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն» թեմայով ելույթներ են ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կազբեկ Տայսաեւը, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մհեր Շահգելդյանը, Արտաշես Գեղամյանը, Վահե Էնֆիաջյանը եւ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը:

Նիստի ավարտին պատգամավորներն ընդունել են համատեղ հայտարարություն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031