«11 ամսվա տվյալներով` Հայաստանում տնտեսության ակտիվության ցուցանիշը` 0.6 տոկոսը, հուշում է, որ այն նվազագույն կանխատեսումը` 2.3 տոկոս տնտեսական աճ, այս տարվա համար անհասանելի կլինի մինչև տարեվերջ»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը:
Պարոն Մարգարյանը 2016-ը համարեց բաց թողնված հնարավորությունների տարի. «Տնտեսական ներդրումների առումով անբարենպաստ տարի էր: 92 միլիոն դոլարի ներդրումներ ունենք, որը չնչին ծավալ է ՀՀ տնտեսության համար: 1,4 տոկոս գնանկումը խոսուն ցուցանիշ է մակրոտնտեսական պահանջարկի անկման մասին, դրա պատճառը արտաքին տրանսֆերտներն են, հատկապես Ռուսաստանից: Մոտ 1.3 մլրդ դոլարի արտաքին մասնավոր տրանսֆերտները նշանակում են հավասար պայմաններում ներդրումների պակաս՝ հատկապես շինարարության ոլորտում, բնակչության գնողունակության անկում, աղքատության մակարդակի աճ, և այս տեսանկյունից՝ տարին ռիսկային էր մակրոտնտեսական առումով»:
Տնտեսագետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ռեկորդային համարեց Հայաստանում իրականացվող տոկոսադրույքի քաղաքականությունը. «ԿԲ-ն շատ կտրուկ բարձրացրեց՝ 20%, այժմ լոմբարդային ինստրումենտը 8.20% է, և մենք մոտեցել ենք այն շեմին, որ բանկային համակարգը կարող է ինքնուրույն խնդիրներ լուծել: Գուցե պետք չէր, որ ԿԲ-ն այդքան կտրուկ բարձրացներ տոկոսադրույքը, քանի որ, ի լրումն նրա, տրանսֆերտների անկման հետևանքով պահանջարկը նվազեց, դեռ մի բան էլ սպառողական վարկերից բխած սպառումն էլ նվազեց: Դա նույնպես նպաստել է նրան, որ մարդկանց սպառումը նվազի, ու ունենք գնանկում»:
Տնտեսագետը փաստեց, որ միայն մեկ ցուցանիշի բարելավում ունենք. «Սպառումը, որ նվազել է, ներմուծումը նույնպես նվազել է, ինչը մակրոտնտեսական ցուցանիշների տեսակետից նշանակում է, որ մենք ռիսկային զոնայից դուրս ենք եկել: Մեր միջազգային պահուստներն այս պահին կազմում են 1.8 մլրդ դոլար, դա ոչինչ չասող ցուցանիշ է և ծածկում է 5-6 ամսվա մեր ներմուծումը: Այսինքն՝ նվազ ռիսկային զոնայում ենք: Օրինակ՝ Վրաստանում ներմուծումը չի նվազել, և լարվածություն կա, իսկ մեզ մոտ չկա այդ լարվածությունը»:
Կարդացեք նաև
Վրաստան, Policy and Management Consulting Group հետազոտությունների տնօրեն, Մայա Գրիգոլիայի բնորոշմամբ` 2016-ը Վրաստանի համար հակասական տարի էր, քանի որ ունեցել ենք որոշակի տնտեսական մարտահրավերներ, որոնց հետ պետք է բախվեինք այս տարի: Նա մասնավորեցրեց. «Լարիի նկատմամբ արտարժույթի փոխարժեքը մնում է բարձր: 2015-ից ի վեր գրանցվել է համարյա 50 տոկոս սղաճ: Վերջին տասն օրերի ընթացքում գնալով նվազել է լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ`2,8 լարի մեկ դոլարի համար, ինչը ցածր ցուցանիշ է: Մեր ֆինանսական շուկայի վաթսուն տոկոսը և վարկավորման մեծ մասը կատարվում է դոլարով, ինչը խնդիր է մեզ համար: Վրաստանում ներմուծումների ցուցանիշն աճում է, և մենք կախվածություն ունենք դրանից: Դա լուրջ խնդիր է: 2016-ին Վրաստանում տնտեսական աճը մոտ երեք տոկոս է, այս պահին` 2,3 տոկոս, ինչն այնքան էլ ցանկալի ցուցանիշ չէ մեզ համար»:
Տնտեսության ոլորտի հետազոտող, Policy and Management Consulting Group ներկայացուցիչ Շուշանիկ Սաֆարյանը նշեց, որ Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության հարցում խոչընդոտող է Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցումը. «Հայաստանում բավականին զգայուն փոփոխություններ են տեղի ունենում: ԵԱՏՄ ինտեգրումից հետո ՀՀ-ում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան օրենսդրական փոփոխություններ, որոնք կարող են իրականում խոչընդոտ ստեղծել Վրաստանում հայկական ընկերությունների և բիզնեսի ձևավորման համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի