Լրահոս
Օրվա լրահոսը

«Լափել են, իրենց գործն արել են». Նիկոլ Փաշինյանը՝ վարկի մասին

Դեկտեմբեր 22,2016 18:42

«Բոլոր հիմքերը կան պնդելու, որ ՀՀ-ն ընկել է ոչ թե վարկային տեմպի, այլ՝ վարկային տենդի՝ լիխարադկայի մեջ, եւ իրավիճակը դուրս է գալիս նրա վերահսկողությունից»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2016-ին պետական պարտքի սպասարկման համար բյուջեից պետք է ծախսվեր 93 մլրդ դրամ, մինչդեռ իրականում 2016-ին ծախսվել է 151 մլրդ դրամ, այսինքն՝ 58 մլրդ դրամով, կամ 62 տոկոսով ավելի:

Հիմա էլ 2017-ի բյուջեով նախատեսվում է, որ պետական պարտքի սպասարկման համար պետք է ծախսվի 91 տոկոսով ավելի, քան նախատեսել էին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետական պարտքի սպասարկման համար ավելի շատ են տալիս, քան առողջապահության եւ կրթության ոլորտների համար:

Ըստ պատգամավորի, կանխատեսումից շեղում, իհարկե, հնարավոր է, բայց 2-3 տոկոս, ոչ թե 91 տոկոս: Եթե 91 տոկոս կանխատեսումից շեղում է լինում, սա նշանակում է, որ կանխատեսողը, տվյալ դեպքում՝ կառավարությունն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը վարկային նոր համաձայնագրի հետ կապված պատգամավորների մտահոգություններին պատասխանելիս ասաց, որ Հայաստանին վստահում են, վարկ են տալիս: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ մարզերից բնակիչ է իրեն զանգել եւ ասել, որ բանկին 1000 դոլար վարկ ունի, ժամկետանց է, չի կարողանում վճարել. «Պետք էր միջնորդել, որ բանկը ինչ-որ ձեւով ինչ-որ բան անի: Բանկը, առանց որեւէ մեկի միջնորդության, այդ մարդուն կանչել էր, ասել էր՝ 1000 դոլար չես կարողացել վճարել, 300 հազարը հիմա բեր տուր, մենք քեզ նոր վարկ կտանք, մնացածը վարկով կփակես: Հիմա ինչ, գյուղացին ասի, որ ես վարկունա՞կ եմ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, հիմա Հայաստանն էլ ընկել է այդ գյուղացու օրին, վարկը չի կարողանում փակել, նոր վարկ են տալիս:

Նա անդրադարձավ վարկով կառուցված Հյուսիս-Հարավ ճանապարհի Երեւան-Արտաշատ հատվածին, որը պաշտոնապես բացվեց, հետո պարզվեց սխալ են կառուցել ու փակել են. «Ես չեմ հասկանում, հնարավո՞ր է միլիարդանոց ծրագիրն անեն, հետո պարզվի սխալ են կառուցել: Հնարավո՞ր է տուն կառուցի մարդը, հետո պարզվի՝ պատուհան ու դուռ չունի այդ տունը, ու սրա համար ո՞վ է պատասխան տալիս՝ ոչ մեկ: Նորմալ է, սովորական է: Նրանք հո ճանապարհ չէին կառուցում՝ վարկ էին ուտում, կներեք արտահայտությանս՝ լափում: Լափել են, իրենց գործն արել են, ինչ կապ ունի ճանապարհը: Իրենց գործը ճանապարհ կառուցելը չի, որ հիմա ասենք՝ արե՞լ են, թե՞ չեն արել»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հասկանալի է, կառավարությունը ստիպված է նոր վարկ գնում, որ կարողանա 2016-ի ծրագրերը փակել, նոր տարին սկսել. «Ճիշտն ասած, լսել էինք, որ մարդը կարող է պարտքով Նոր տարի անել, բայց որ 2017-ին Հայաստանի Հանրապետություն պետությունը պետք է պարտքով Նոր տարի աներ՝ դժվար կանխատեսելի էր: Այնպես որ, շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031