Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ փորձել են լուծել ԴԱՀԿ կիրառած արգելանքների ծանուցման հետ կապված խնդիրները:
«Ընդամենը պետք է զանգահարել 060-57-04-02 հեռախոսահամարով, ավտոմատ հավաքել նույնականացման քարտի հետեւում առկա հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը: Մարդն արդեն համակարգում է եւ բջջայինին ավտոմատ կերպով կստանա հաղորդագրություններ, որ իր գույքն արգելանքի տակ է»,- մանրամասնեց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ հեռավոր վայրերում այս ծառայությունը հասանելի կդարձնեն «Հայփոստի» կամ այլ օպերատորների միջոցով. «Եթե քաղաքացու համար դժվար է հավաքել, իրեն օգնություն կցուցաբերեն: Որ քաղաքացու համար դժվար չլինի մտնել կայք, գրանցվել, որեւէ ձեւով բարդություններ չենք ուզում ստեղծել»:
Նախարարը ընդգծեց, որ այս նույն համակարգը կօգտագործվի նաեւ ոստիկանության ծանուցումների դեպքում. «Մենք հետեւանքը վերացնելուց առաջ պետք է նաեւ պատճառից խոսենք: Քաղաքացու գույքի վրա արգելանք դրվում է հաճախ այն պատճառով, որ քաղաքացին վարչական իրավախախտման մասին ծանուցված չի լինում: Ինքը չգիտի, որ ինքը տուգանք ունի, որ վճարի, որ չկրկնապատկվի, արդյունքում չգնա հարկադիր: Եվ ոստիկանության համակարգում սա եւս ներդրված է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ