«Ապրիլյան իրադարձությունները փաստում են, որ մենք մտածելու բան ունենք՝ թեև ռազմական հետագա սրացումը կասեցվեց ՌԴ ազդեցությամբ: Ռուս-ադրբեջանական համագործակցությունը շատ թանկ նստեց մեզ վրա»,- այսօր նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը`Երևանում անցկացվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստի ժամանակ:
Խոսրով Հարությունյանը միաժամանակ կարեւորեց հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության դերը` տարածաշրջանային կայունացման համատեքստում: Ավելին, նա կարծում է, որ այդ համագործակցության սերտացման համար ոչ բոլոր հնարավորություններն են օգտագործված:
Խոսրով Հարությունյանն այն համոզման է, որ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի կայունության վրա։
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը համաձայն չէ Խոսրով Հարությունյանի այն տեսակետի հետ, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը թանկ նստեց հայերի վրա: Նա կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեմն-երբեմն փորձությունների են ենթարկվում, որովհետև մենք ապրում ենք հետխորհրդային տարածքում հակամարտություններ ունեցող պետությունների առկայության պայմաններում:
Ռուս քաղաքագետը նկատում է` տարածաշրջանում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է, այլև՝ վրաց-աբխազական կոնֆլիկտը, որը 2008 -ին լուծում ստացավ Ռուսաստանի օգնությամբ. «Մի՞թե մենք Հայաստանի հետ մեր հարաբերությունների հիմքում երբևէ կարևորել ենք այն հանգամանքը, թե ինչ հարաբերությունների մեջ է Հայաստանը Վրաստանի հետ։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը Վրաստանի հետ լավ հարաբերություններ պետք է ունենա, թեկուզ միայն նրա համար, որ բացի Իրանից, Հայաստանը շրջափակման է ենթարկվում բոլոր կողմերից»:
Կարդացեք նաև
Խոսելով Ադրբեջանի հետ ունեցած լավ հարաբերությունների մասին` քաղաքագետն ասաց, որ դրանք միտված են Հարավային Կովկասում իրականացվող արկածախնդրություններից Ադրբեջանին հեռու պահելուն. «Փորձագետների մի խումբ հերքում է այն կարծիքը, որ Ռուսաստանից ձեռք բերած «Սոնցեպյոկ»-ն ու «Սմերչ»-ը լուրջ դեր են խաղացել Ադրբեջանի կողմից ապրիլյան պատերազմը սկսելու համար։ Իսրայելից ձեռք բերած զենքերն ավելի մեծ դերակատարում ունեցան այդտեղ։ Այս թեմայի շուրջ չեմ ցանկանում ծավալվել, բայց ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը Ադրբեջանին չի վաճառում զենք, ապա Ադրբեջանը կգտնի այն ձեռք բերելու ուրիշ աղբյուր»:
Քաղաքագետը վստահեցնում է նաեւ` ապրիլյան իրադարձություններից Ռուսաստանը հետևություններ է արել և հասկանում է, որ Հայաստանը պետք է լինի զինված: Նա օրինակ է բերում Հայաստանին «Իսկանդերների» տրամադրումը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ