ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախարարի խոսքով՝ նախագծերի ընդունմամբ հստակեցվելու են օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, փաստաբանների վերապատրաստման ընթացակարգերը, ընդլայնվելու են անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակները և առավել համապարփակ կարգավորում են ստանալու մի շարք ընթացակարգային հարցեր:
Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նախագծով հստակեցվել են հանրային պաշտպան չհանդիսացող անձանց պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնության տրամադրման գործընթացի հիմքերը:
Նախարարն ընդգծել է, որ հանրային պաշտպանի գրասենյակը կարող է իրականացնել հանրային պաշտպանությունն այլ եղանակներով: «Եղանակներից առաջինը, երբ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանները, փաստաբանական դպրոցի ունկնդիրները այլ իրավաբաններ ընդգրկված կլինեն հանրային պաշտպանի գրասենյակի կողմից հատուկ ցուցակում և երկրորդը՝ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանները դատական ներկայացուցչություն կապահովեն և դրանց դիմաց վճարումները կկատարեն ինչպես հանրային պաշտպանի գրասենյակի և բյուջեի խնայողությունների հաշվին, այնպես էլ ձևավորված գրասենյակի հատուկ ֆոնդի միջոցներից»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը և ընդգծել, որ այս կարգավորմամբ հնարավորություն է ստեղծվում քաղաքացիներին տրամադրվող անվճար իրավական օգնությունը դարձնել առավել մատչելի:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն