Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով տարին, որպես ձեռքբերում առանձնացրեց Պրոբացիայի ծառայության ներդրումը:
Նա նշեց, որ օրենքում ամրագրվել են նոր մտածողության հիմքերը. «Չեմ կարծում, որ հնարավոր էր, որ ամբողջությամբ եւ միանգամից անցում կատարեինք այն մտածողությանը, որ մենք ներդրել էինք եւ այն տեսլականին, որ առաջ էինք քաշել: Պրոբացիայի ծառայությունը սեպտեմբերի 1-ից սկսեց ամբողջական իր աշխատանքը, եւ քրեակատարողական ծառայության նախկին աշխատակիցները դարձան պրոբացիոն ծառայության աշխատակիցներ: Պրոբացիայի ծառայությունը, ըստ էության, իրականացնելու է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները եւ նաեւ նոր քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այնպիսի խափանման միջոցներ, ինչպիսին օրինակ տնային կալանքն է»:
Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով լուծում է տրվում այն մտահոգությանը, թե կալանքը որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում. «Լրացուցիչ նոր խափանման միջոցներ կան, եւ այդ խափանման միջոցները իրականացնելու է Պրոբացիայի ծառայությունը: Պրոբացիայի ծառայությունը պիտի դատապարտյալի կողքին կանգնի, որպեսզի ըստ էության նա կատարի պատժի նպատակներից ամենակարեւորը՝ վերասոցիալականացում եւ վերաինտեգրում հասարակություն:
Այսօր մենք ընդհանուր առմամբ ունենք 2813 դատապարտյալներ, որոնք Պրոբացիայի պետական ծառայության շահառուներ են: Նրանցից 1783-ի նկատմամբ նշանակված է պատիժ տուգանքի կամ հանրային աշխատանքի ձեւով: Եվ այդ պատժատեսակների իրականացման նկատմամբ հսկողությունը իրականացնում է Պրոբացիայի պետական ծառայությունը, եւ նաեւ այն դատապարտյալների, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ վաղաժամկետ ազատվել են»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ